Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես է հնարավոր լողավազանում վարակվել սնկային հիվանդությամբ եւ ինչպես խուսափել

Ամռան ամիսներին լողավազան այցելողների թիվը կտրուկ ավելանում է: Բացօթյա լողավազաններն, ինչ խոսք, իսկական փրկություն են ամռան տապին, բայց արդյո՞ք դրանք անվնաս են… Doctors.am-ի խնդրանքով՝ մաշկաբանության եւ վեներոլոգիայի գծով ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես է հնարավոր վարակվել սնկային հիվանդություններով եւ ինչպես խուսափել դրանից:

Սնկային հիվանդությունների մեծ խումբ կա, որոնք պետք է տարանջատել իրարից:

Կա շատ տարածված մի երեւույթ՝ կերատոմիկոզներ, որոնք ախտահարում են մաշկի ամենամակերեսային՝ եղջերային շերտը: Այս խմբից առավել տարածված է գունափոփոխ որքինը, որը դրսեւորվում են մաշկի վրա շագանակագույն եւ կլորավուն բծերի (լաքաների) տեսքով, այն ժամանակ, երբ քրտնարտադրությունը ակտիվացած է լինում: Այս դեպքում, իhարկե, վարակվելու մասին խոսք չի կարող լինել:

Երկրորդ մեծ խումբը դերմատոմիկոզներն են՝ մաշկը ախտահարող սնկային հիվանդությունները, որոնք մենք շատ հեշտությամբ կարող ենք ձեռք բերել արտաքին միջավայրից, քանի որ դրա մի մասի հարուցիչներն անտրոպոնոզ են, այսինքն՝ փոխանցվում են մարդուց մարդուն թե՛ անմիջական կոնտակտի ժամանակ, թե՛ միջնորդված՝ իրերի միջոցով: Հենց այդ իրերն էլ կարող են գտնվել նաեւ լողավազանում եւ դառնալ վարակման պատճառ:

Լողավազանի ջուրը սնկային հիվանդություն ձեռք բերելու տեսանկյունից ինքնին վտանգավոր չէ, ուստի ջրից վախենալ պետք չէ: Սակայն այլ հարց է, երբ մենք ջրից դուրս ենք գալիս եւ բոկոտն քայլում՝ չմտածելով, որ մեզանից առաջ կարող է քայլած լինել մեկը, որից հնարավոր է վարակվել:

Վարակվելու հաջորդ հավանական տեղը լողավազանների տարածքում տեղադրված պառկաթոռներն են (տապչան): Եթե դրանք պլաստմասից են, ապա անհանգստանալ պետք չէ, որովհետեւ այնտեղ ծակոտիներ չկան, եւ սունկ դժվար լինի, ընդամենը կարելի է սովորական շորով սրբել կամ թեկուզ սրբիչը գցել եւ հետո պառկել: Բայց եթե պառկաթոռը փայտից է, հատկապես՝ չներկված եւ չմշակված, մեծ է հավանականությունը ձեռք բերելու ինչ-որ խնդիր:

Սա չի նշանակում, որ պետք է վախենալ ու չայցելել լողավազաններ, սակայն կարեւոր է պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները. գնացեք ձեր սրբիչներով, ձեր հողաթափերով, եւ վերջ:

Չմոռանանք շոգեբաղնիքները, որտեղ ավելի «իդեալական» պայմաններ են՝ տաք եւ խոնավ. այն, ինչ պետք է սնկերի զարգացման համար: Եթե սնկային հիվանդություն ունեցող մեկը մտավ շոգեբաղնիք, սունկը շատ հեշտությամբ բուն կդնի եւ կվարակի մյուսներին:

Սնկային հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է նաեւ կոշիկի խանութներում, հատկապես՝ մեծ զեղչերի շրջանում: Երբ որեւէ մեկը փորձում է կոշիկը, նրանից հետո այն չի մշակվում, նույնությամբ դրվում է վաճառասեղանին:

Վերոնշյալ սնկային հիվանդություններն ամենից հաճախ ախտահարում են ոտնաթաթերն ու աճուկները, ուստի այդ շրջանում ցանկացած տեսակի քորի, մաշկի թեփոտվածության, կարմրավուն եւ կլոր օջախների առկայության դեպքում ճիշտ կլինի խորհրդակցել մաշկաբանի հետ:

Սնկային հիվանդությունների մնացած խմբերի մասին կներկայացնենք հաջորդ հարցազրույցների ժամանակ:

Աղբյուրը՝  Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook