Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես նվազեցնել արեւի բացասական ազդեցությունն առօրյայում եւ ծովափում

«Արեւի ճառագայթների բացասական ազդեցությունը մեզանում թերագնահատված է»,- ասում է մաշկաբանության եւ վեներոլոգիայի գծով ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Doctors.am-ը զրուցել է նրա հետ արեւի դրական եւ բացասական ազդեցության, արեւապաշտպան միջոցների եւ դրանց ճիշտ կիրառման մասին:

Արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունը

Սովորաբար արեւի մասին խոսում են, երբ գնում են ծովափ, իսկ մնացած բոլոր վայրերում, կարծես, այդքան էլ հաշվի չենք առնում արեւի ազդեցությունը, մինչդեռ քաղաքային արեւն ավելի վտանգավոր է, որովհետեւ մթնոլորտի մեջ կան բազմաթիվ գազեր՝ հատկապես մեքենաների շարժիչների այրման արդյունքում առաջացած, որոնք ավելի են ուժեղացնում արեւի բացասական ազդեցությունը: Իսկ ինչպե՞ս է դրսեւորվում այդ բացասական ազդեցությունը:

1. Արեւի ճառագայթների ազդեցությամբ՝ մաշկի բջիջներն անկանոն են կիսվում, որի արդյունքում ի հայտ են գալիս ուռուցքային փոփոխություններ:

2. Արեւի ճառագայթները ծերացնում են մեր մաշկը:

Այն միտքը, որ որքան արեւի տակ մնանք, այնքան առողջ մաշկ կունենանք, եւ ճիշտ է, եւ՝ ոչ, այսինքն՝ կախված է, թե ինչպես ենք մենք պաշտպանում եւ խնամում մեր մաշկը: Եթե ճիշտ չխնամեցինք այն, ապա արեւահարված մաշկն ավելի ծեր կլինի:

3. Կան մաշկային մի շարք հիվանդություններ, որոնք առաջանում են արեւի ճառագայթների ազդեցության տակ, դրանք կոչվում են ֆոտոմաշկաբորբեր: Սովորաբար մարդիկ դրանք կապում են արեւից ալերգիա ունենալու հետ, մինչդեռ արեւից ալերգիա չի լինում:

Արեւի դրական ազդեցությունը

Առաջինը՝ արեւն իդեալական հականեխիչ ազդեցություն ունի: Շատ բակտերիաներ արեւի ազդեցության տակ վերանում են, այդ թվում՝ մաշկի վրա ապրող եւ բացասական ազդեցություն ունեցող բակտերիաները: Այսինքն՝ արեւի ազդեցության արդյունքում մենք ունենում ենք մաշկի ավելի ճիշտ բալանսավորված միկրոբիոմ:

Երկրորդ՝ ապացուցված է, որ արեւի ազդեցության տակ մեր մաշկը վիտամին D է սինթեզում: Եվ միգուցե այն հանգամանքը, որ բոլորս խուսափում ենք արեւից կամ պաշտպանվում, առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատում ենք գրասենյակներում, բերեց նրան, որ այսօր գրեթե համատարած վիտամին D-ի դեֆիցիտ ունենք:

Երրորդ՝ չենք կարող չհամաձայնել, որ արեւը տրամադրություն է փոխում: Անգամ ամենակիզիչ շոգին մեր տրամադրությունը բարձր է լինում:

Արեւի տակ գտնվելու քիչ վնասակար ժամերն ու ժամանակահատվածը

Արեւի տակ գտնվելու ամենահարմար ժամը՝ առավոտից մինչեւ ժամը 11:00-ն, եւ երեկոյան 5-ից հետո՝ որքան կցանկանաք: Ժամը 11:00-17:00-ին արեւի ճառագայթների ուղղությունը մաքսիմալ ուղղահայաց է երկրի մակերեւույթին, ինչի արդյունքում վնասն ավելի շատ է լինում:

Կա մի միավոր, որը կոչվում է մինիմալ էրիթեմատոզ դոզա: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մաշկի վրա առաջանում է էրիթեմա՝ կարմրություն: Երեւանի համար դա միջինում 20-25 րոպեն է, թուխ մաշկ ունեցողների համար՝ մի փոքր ավելի երկար:

Խորհուրդ կտամ բոլորին իրենք իրենց համար չափեն այդ ժամանակը: Ցերեկը դուրս եկեք բաց երկնքի տակ եւ ժամացույցով ֆիքսեք այն ժամանակը, թե որքան մնացիք արեւի տակ՝ մինչեւ Ձեր նախաբազկի մաշկը կարմրեց: Դա իմանալով՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչ պաշտպանիչ ուժով քսուք պետք է օգտագործենք, որպեսզի պաշտպանվենք արեւից:

Արեւապաշտպան քսուքների օգտագործման մասին

Սխալ կարծիք կա, թե որքան մեծ է արեւապաշտպան քսուքների SPF-ը (Sun Protection Factor), այնքան ուժեղ է այն:

Եկենք պարզ հաշվարկ անենք. ենթադրենք Ձեր մաշկը կարմրում է արեւի տակ գտնվելուց 10 րոպե հետո, եւ Դուք օգտագործում եք SPF 20-ով քսուք, դա նշանակում է, որ Դուք 200 րոպե (20×10) կարող եք պաշտպանված լինել արեւի տակ: Այսինքն, եթե Դուք նախատեսում եք օրվա մեջ ընդամենը 15-20 րոպե անցկացնել արեւի տակ, SPF 20-ը լրիվ բավարար կլինի, պետք չէ SPF 50 օգտագործել:

Հաջորդ սխալն այն է, որ քսում են արեւապաշտպան քսուքներն ու անմիջապես դուրս գալիս տանից կամ գնում լողափ: Քսուքը մեխանիկական պատնեշ չէ: Այն պարունակում է նյութեր, որոնք պետք է ներծծվեն մաշկի մեջ, այսինքն՝ ժամանակ է պետք, որպեսզի ստացվի արեւապաշտպան էֆեկտ: Ուստի SPF քսուքները պետք է օգտագործել տանից դուրս գալուց առնվազն 40-60 րոպե առաջ:

Վերջերս մի շատ հետաքրքիր հետազոտություն կարդացի, որի համաձայն՝ այնքան կարեւոր չէ, թե ինչ քսուք ես գնում, որքան՝ ինչպես ես օգտագործում:
Միայն արեւապաշտպանիչ քսուքներ դեմքին քսելու դեպքում սովորաբար դեմքի որոշ հատվածներ լավ չեն մշակվում՝ ի տարբերություն SPF-ով խոնավեցնող քսուքների:

Շատ խոնավեցնողներ ունեն որոշակի կոմպոնենտներ, որոնք տալիս են արեւապաշտպանիչ էֆեկտ, որը կարելի է համեմատել հենց արեւապաշտպան քսուքների հետ, եւ տեսականորեն երկուսն էլ կարող են կիրառվել արեւի վնասական ճառագայթներից պաշտպանվելու համար: Սակայն որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արեւապաշպանիչները եւ խոնավեցնողները դեմքին կիրառվում են տարբեր ձեւով՝ խոնավեցնողներն ավելի հեշտ է կարելի քսել հարակնային շրջանում, քանի որ դրանք ավելի քիչ են գրգռում մաշկը, եւ աչքի մեջ ընկնելու դեպքում ավելի քիչ են մրմռացնում այն:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն հինգերորդը արեւապաշտպան քսուք կիրառելուց բաց է թողում հարակնային շրջանը, իսկ խոնավեցնողների դեպքում այդ ցուցանիշը կազմում է 1:10: Սա չափազանց կարեւոր է, քանի որ հարակնային շրջանի մաշկը, լինելուվ ավելի նուրբ, պահանջում է ավելի մեծ պաշտպանություն արեւի ճառագայթներից, բայցի այդ, այս հատվածում են առավել հաճախ տեղակայվում մաշկի որոշ ուռուցքային հիվանդություններ:

Չի՛ կարելի հույսը միայն արեւապաշտպան քսուքների վրա դնել

Առաջին հերթին շատ կարեւոր է մի կողմից հագուստը (կան հատուկ կտորներ, որոնք մեր մաշկը պաշտպանում են ոչ միայն արեւից, այլեւ գերտաքացումից), մյուս կողմից՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը: Օրինակ՝ ալկոհոլի ազդեցության տակ մեր օրգանիզմն ավելի հակված է արեւահարվելու: Բացի այդ, որոշ դեղամիջոցների օգտագործումը (որոշ հակաբիոտիկներ) բերում է մաշկի զգայունության բարձրացման: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ամռան ամիսներին շատ ջուր օգտագործել եւ բանջարեղեն, հատկապես անտիօքսիդանտներ պարունակող, որոնք նույնպես պաշտպանիչ ազդեցություն ունեն:

Արեւը ծովափում

Ծովափում ամեն ինչ անում ենք, որ արեւը մեզ վնասի: Օրինակ՝ քսում ենք արեւապաշտպան քսուքները եւ մտնում ջուրը, իսկ ջրից դուրս գալուց հետո չենք թարմացնում այն, մինչդեռ ջուրը մաքրում է քսուքի 50%-ը:

Ջրի կաթիլները, որոնք մնում են մաշկի վրա, կլանում են արեւի ճառագայթները, ինչի հետեւանքով արեւն ավելի ուժեղ է ազդում. թաց մաշկն ավելի հեշտ է արեւահարվում: Եթե աղի ջրում ենք գտնվել, ապա պետք է հաշվի առնենք, որ աղի ջուրը նպաստում է օրգանիզմից ջրի դուրս բերմանը, ինչի արդյունքում մաշկը չորանում է, իսկ չոր մաշկն ավելի ընդունակ է արեւահարվելու:

Սեւանա լճում թեեւ ջուրը քաղցրահամ է, բայց այնտեղ քամի կա, որը շատ ուժեղ չորացնում է մաշկը, ուստի Սեւանում արեւահարվելու պատճառը ոչ այնքան արեւն է, որքան՝ քամին: Կարծում եմ՝ Սեւանում պաշտպանվելու լավագույն միջոցը հագուստն է, որովհետեւ անգամ արեւապաշտպանիչ քսուքները չեն կարող լիարժեք օգնել:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook