Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես պաշտպանվել սեզոնային ալերգիաներից․ 5 պարզ խորհուրդ

Գարնանը սեզոնային ալերգիաները բավական տարածված են լինում, ինչը պայմանավորված է տարվա այս ժամանակաշրջանում ծաղիկների ու ծառերի ծաղկմամբ ու հզոր ալերգեն համարվող ծաղկափոշու տարածմամբ։ Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ ալերգիաներ ունեցողների համար՝ խիստ բացասաբար անդրադառնալով նրանց կյանքի որակի վրա, ուստի նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ ու արդյունավետ միջոց, որոնք թույլ կտան կանխել ալերգիաների սրումն ու հնարավորինս կմեղմեն դրանց դրսևորումները։

Դիմակ կրել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդիկ հոգնել են դիմակներից, ուստի աշխատում են ցանկացած հնարավորության դեպքում խուսափել դրանցից, սակայն դիմակները հիանալի միջոց են ալերգիաների կանխարգելման համար։ Ծաղկափոշին, որը դառնում է ալերգիայի պատճառ, շատ փոքր է, ուստի քթի և բերանի միջոցով հեշտությամբ հայտնվում է օրգանիզմում, մինչդեռ դիմակ կրելը թույլ կտա կանխել ծաղկափոշու ներթափանցումն օրգանիզմ։

Օդը խոնավացնող սարքեր օգտագործել

Ալերգիաների դեմ պայքարում որոշ չափով արդյունավետ են լինում նաև օդը խոնավացնող հատուկ սարքերը։ Ընդ որում՝ նման սարքերի գործածությունը հատկապես կարևոր է եղանակային փոփոխությունների ընթացքում։

Ամրապնդել իմունային համակարգը

Ծաղկափոշին բացասաբար է անդրադառնում շնչառական համակարգի վրա, ինչն էլ կարող է դրսևորվել ամենատարբեր ախտանշաններով՝ ինչպես թույլ, այնպես էլ ծանր։ Այս ախտանշանների ծանրության աստիճանը կախված է օրգանիզմի՝ ալերգենների դեմ պայքարելու կարողությունից, այսինքն՝ իմունիտետից։ Սա նշանակում է, որ որքան ցածր է այն, այնքան բարձր է ծանր ալերգիկ ռեակցիայի հավանականությունը։ Մարդու իմունային համակարգն առանցքային դեր է խաղում ալերգիաների կանխարգելման գործում, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը իմունիտետն ամրապնդող վիտամիններով հարուստ մրգերով ու բանջարեղենով։

Շնչառական վարժություններ անել

Շատ արդյունավետ կարող է լինել նաև յոգան, որի ընթացքում հաճախ են կատարում շնչառական վարժություններ։ Դրանք ոչ միայն հանգստացնում են ու նվազեցնում սթրեսի մակարդակը, այլև արդյունավետ կերպով ամրապնդում ու մաքրում են շնչուղիները։

Հետևել մանսագետների խորհուրդներին

Որոշ դեպքերում մասնագետների խորհուրդներին հետևելն ամենաճիշտ մոտեցումը կլինի։ Հարկ է հիշել, որ հազն ու փռշտոցը ոչ միշտ են պայմանավորված լինում ալերգիաներով, ուստի պետք չէ մոռանալ նաև գրիպի, մրսածության կամ կորոնավիրուսային վարակի մասին։ Սա է պատճառը, որ երկար ժամանակ պահպանվող հազի ու փռշտոցի դեպքում հարկավոր է բուժզննում անցնել։ Սա հատկապես կարևոր է, եթե ախտանշաններն ուղեկցվում են նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Հարկ է հիշել, որ ալերգիաների ու մրսածության դեպքում հաճախ նշանակվում են հակահիստամինային դեղամիջոցներ, մինչդեռ ավելի վտանգավոր հիվանդությունների դեպքում կարող է այլ բուժման կարիք լինել։ Հատկապես զգոն պետք է լինեն ասթմայով հիվանդները, քանի որ սեզոնային ալերգիաները կարող են սրել հիվանդությունը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook