Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ երեխաների մոտ ծնողական սիրո ու աջակցության դեֆիցիտի հետևանքով.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը»: Երբ խոսքը վերաբերում է երեխաների խաղալիքներին կամ իրերն, ապա ամեն ինչ ակնհայտ է լինում: Իրերը նյութական են, ուստի ծնողները կարող են տեսնել, թե ինչի կարիք ունի իրենց երեխան: Սակայն ծնողական սիրո հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Սերն ու ուշադրությունը նյութական չեն և դրանք հարկավոր է դրսևորել խոսքով ու արարքներով: Այս դեպքում դժվար է հասկանալ՝ ունի երեխան ծնողական սիրո պակաս, թե ոչ, ուստի հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել:

Ծնողն ու նրա աջակցությունը շատ կարևոր են երեխայի համար: Ընդ որում՝ երեխաները ծնողի սիրո ու աջակցության կարիքը զգում են ցանկացած տարիքում: Մանուկ հասակում ծնողական սիրո պակասի հետևանքով երեխաների մոտ ձևավորվում է աշխարհի հանդեպ անվստահության զգացում: Մի փոքր ավելի մեծ հասակում ծնողական սիրո ու աջակցության պակասը դառնում է կախվածության, անինքնուրույնության ու մանկայնության պատճառ:

Էլ ավելի մեծ տարիքում ծնողների սիրո ու աջակցության պակասի հետևանքով երեխան կդադարի վստահել իր ուժերին ու հնարավորություններին և մշտապես կտանջվի մեղքի զգացումից: Ցածր դասարանների աշակերտների դեպքում ծնողների անուշադրությունն ու սիրո և աջակցության պակասն առաջացնում է խնդիրներ՝ կապված երեխայի ինքնորոշման ու ինքն իրեն հասկանալու հետ: Առհասարակ կարելի է ասել, որ երեխայի մեկուսացվածությունն ու ներքին միայնությունը նույնպես պայմանավորված են լինում ծնողական սիրո պակասով:

Ընդ որում՝ պակաս ասելով նկատի է առնվում սիրո դրսևորման ձևը: Բոլոր ծնողներն էլ սիրում են իրենց փոքրիկներին, սակայն ոչ միշտ են կարողանում ճիշտ դրսևորել այդ սերն ու աջակցությունը: Շատ հաճախ ծնողների կողմից սիրո դրսևորման ձևը չի համապատասխանում երեխայի կյանքի այս կամ այն փուլին կամ որևէ իրավիճակին:

«Էմոցիոնալ քաղցը» հագեցնելու և նյարդայինությունից ազատվելու համար երեխաները գտնում են որևէ օբյեկտ, որը հետագայում ծառայում է ծնողական սիրո փոխարեն: Դա կարող են լինել համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը, սննդի չարաշահումը, ծխախոտի չարաշահումը, բուռն երևակայությունը և այլն: Սա կարող է շատ վտանգավոր լինել և հանգեցնել կախվածության, որի դեպքում անհասանելի ծնողի փոխարեն երեխան նախապատվությունը սկսում է տալ անշունչ, սակայն հասանելի առարկային:

Երեխաների հանդեպ ծնողների սիրո դրսևորման ձևի շնորհիվ ձևավորվում է նաև երեխայի վերաբերմունքը սեփական անձի հանդեպ: Նա սովորում է սիրել կամ չսիրել իրեն, հաճախ է զայրանում ինքն իր վրա, սկսում է տանջվել մեղքի զգացումից, ուշադրություն չի դարձնում իր ցանկությունների ու անհրաժեշտությունների վրա և այլն:

Ծնողական սիրուց ու աջակցությունից զրկված երեխայի համար այդ սիրո ու ուշադրության պակասը շատ ցավոտ է լինում և ստիպում է փոքրիկին իրեն միայնակ զգալ: Այդ ամենի հետևանքով նա դադարում է շփվել մարդկանց հետ, չի վստահում նրանց, քանի որ վախենում է, որ իրեն կրկին կլքեն: Նման երեխաները լինում են կասկածամիտ ու զգուշավոր, սակայն հոգու խորքում ցանկանում են սիրված լինել: Այս հակասական զգացողություններն այնքան ուժեղ են լինում, որ հաճախ նման երեխաները մեծ հասակում խտրաբարո չեն լինում կապերի հարցում:

«Լքված», ծնողական սիրո կարիքն ունեցող երեխան կարող է զայրանալ ու իր բողոքն արտահայտել տարբեր կերպ: Հաճախ նման երեխաների մոտ ձևավորվում է քրոնիկական դեպրեսիա, որը որոշ դեպքերում ձգձգվում է մի քանի տարի:

Հարկ է հիշել, որ ծնողական սիրո ու աջակցության դեֆիցիտը, որը ծնողներն արդեն թույլ են տվել զարգանալ, այլևս հնարավոր չէ լրացնել: Այն, ինչը չի ստացել երեխան ժամանակին, հնարավոր չէ տալ ներկայում: Կարելի է վերանայել իրավիճակը՝ փորձելով հասկանալ, թե ինչն էր հարկավոր փոխել ժամանակին, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ ոչինչ հնարավոր չէ փոխել ներկայում: Այնուամենայնիվ՝ հարկավոր է հիշել, որ, անկախ ամեն ինչից, օգնությունը պետք է լինի ներկայում:

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook