Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ վտանգավոր հիվանդությունների մասին կարող է հուշել եղունգների կապտավուն երանգը

Եղունգների կապտավուն երանգը պայմանավորված է լինում դրանց տակ մաշկի գույնի փոփոխությամբ։ Այս խնդիրը կոչվում է ցիանոզ և հաճախ պայմանավորված է լինում օդի ցածր ջերմաստիճանով, ինչի հետևանքով էլ մաշկը ստանում է կապտավուն երանգ։ Այս դեպքում նման փոփոխությունը ժամանակավոր բնույթ է կրում և եղունգների գույնը վերականգնվում է մատները ջերմացնելուց հետո։

Մասնագետների խոսքով՝ ցրտի նկատմամբ հատկապես զգայուն են Ռեյնոյի հիվանդությամբ հիվանդները։ Այս ախտաբանության դեպքում ոտքերի ու ձեռքերի մատները նախ գունատվում են, ապա ստանում են կապտավուն երանգ։ Բացի այդ, կարող են նկատվել նաև թմրածություն կամ ցավոտ զգացողություններ։ Ռեյնոյի հիվանդությունը բնորոշվում է վերջույթների տարբեր անոթների կտրուկ սպազմներով, ինչի հետևանքով էլ դրանք նեղանում են, իսկ արյան հոսքը՝ դանդաղում։ Նման սպազմները կարող են պայմանավորված լինել ներզատական համակարգի հիվանդություններով, անոթային խնդիրներով կամ նյարդային խանգարումներով։

Բացի այդ, եղունգների կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել նաև օրգանիզմի ռեակցիայով որոշակի դեղորայքի ընդունմանը, ուստի եթե նման խնդիրն ի հայտ է գալիս այս կամ այն դեղամիջոցի ընդունման ֆոնին, ապա հարկավոր է ուսումնասիրել դրա հնարավոր կողմնակի բարդություններն ու խորհրդակցել մասնագետի հետ։

Եղունգների գույնի նման փոփոխությունը հաճախ պայմանավորված չի լինում լուրջ խանգարումներով, ուստի մարդիկ այն սովորաբար անուշադրության են մատնում, սակայն եթե եղունգների բնական գույնը չի վերականգնվում երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել բժշկին ու բուժզննում անցնել առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Մասնագետները նախազգուշացնում են, որ եղունգների կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել շատ լուրջ հիվանդություններով, որոնք չի կարելի անտեսել։ Դրանց շարքին են դասվում.

Սակավարյունությունը (անեմիա)

Եղունգերը կարող են ստանալ կապտավուն երանգ արյան կարմիր բջիջներում հեմոգլոբինի՝ թթվածին տեղափոխող մասնիկների անոմալ ցածր մակարդակի հետևանքով, ինչը հանգեցնում է թերթթվածնարյունության։ Սովորաբար զարկերակաների արյունը հարուստ է լինում թթվածնով, ինչի հետևանքով ունենում է վառ կարմիր գույն, սակայն երբ թթվածնի մակարդակը նվազում է արյունը ստանում է կապտակարմրավուն երանգ։ Այս խանգարման դեպքում կապտավուն երանգ են ստանում ոչ միայն եղունգները, այլև շուրթերը, լնդերն ու աչքերի շուրջը գտնվող մաշկը։

Թոքերի հիվանդությունները

Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև թոքերի կամ շնչուղիների հետ կապված առողջական խնդիրներով, այդ թվում՝ ասթմայով, թոքերի լայնացմամբ (թոքերի էմֆիզեմա), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, քրոնիկ բրոնխաբորբով և այլն։ Շնչառական համակարգի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը կարող է դառնալ եղունգների կապտավուն երանգի պատճառ, թոքային էմբոլիան է։ Սա թոքի զարկերակի խցանում է արյան մակարդուկներով։ Էմբոլիան շատ վտանգավոր խնդիր է, որը կարող է մահացու լինել տուժածին անհապաղ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում, ուստի դրա ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Սրտանոթային համակարգի խանգարումները

Որոշ դեպքերում եղունգների կապտավուն երանգը պայմանավորված է լինում սրտային անբավարարությամբ, որի հետևանքով արյան մեջ թթվածնի պարունակությունը նվազում է։ Բացի այդ, գոյություն ունեն սրտի արատներ, որոնց դեպքում սրտամկանի աջ ու ձախ փորոքները միմյանցից անջատող պատնեշը բացակայում է, ինչի հետևանքով թթվածնով հարուստ արյունը միախառնվում է թթվածին չպարունակող արյանը։ Նման խանգարման դեպքում սրտամկանի ձախ փորոքը դեպի օրգաններն ու հյուսվածքներն է արտամղում թթվածնով չհագեցած արյուն, ինչը հանգեցնում է ցիանոզի։

Մասնագետները նախազգուշացնում են, որ առաջին հայացքից անվնաս թվացող այս խանգարումը կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր հիվանդություններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Եթե եղունգների կապտավուն երանգը զուտ ժամանակավոր խնդիր չէ և պայմանավորված չէ օդի ցածր ջերմաստիճանով կամ որոշակի դեղորայքի ընդունմամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին վերոնշյալ հիվանդությունները բացառելու համար։ Մասնագետը կստուգի արյան մեւջ թթվածնի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում համապատասխան թեստեր կանցկացնի, ինչը թույլ կտա վերահսկողության տակ պահել սրտանոթային համակարգի ու թոքերի վիճակը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook