Friday, April 19, 2024
Նորություններ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված վարսակը. 5 պատճառ այն սննդակարգում ներառելու համար

Վարսակը բավական տարածված մթերք է, որը մարդիկ սովորաբար օգտագործում են նախաճաշին։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ այս պարզ մթերքը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով և դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա, ուստի այն հիանալի մթերք է ոչ միայն նախաճաշի համար։

Վարսակը շատ օգտակար մթերք է, որը պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր։ Ընդամենը մի բաժակ (մոտ 81 գրամ) վարսակն օրգանիզմին տալիս է 307 կալորիա, 55 գրամ ածխաջուր, 8 գրամ մանրաթելեր, 11 գրամ սպիտակուց և 5 գրամ ճարպ։ Բացի այդ, վարսակի այս քանակությունն ապահովում է մագնեզիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը, սելենի օրական անհրաժեշտ չափաբաժնի 43%-ը, ֆոսֆորի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը, կալիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 6%-ը և ցինկի օրական անհրաժեշտ չափաբաժնի 27%-ը։

Օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Վարսակը պարունակում է բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելերի տեսակ, որը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Գործածության դեպքում բետա-գլյուկանը վերածվում է գելի, որը սահմանափակում է խոլեստերինի կլանումն ու կանխում է ճարպերի փոխանակության համար անհրաժեշտ լեղաթթուների աղերի ռեաբսորբացիան։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական առնվազն 3 գրամ բետա-գլյուկանի գործածությունն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը 5-10%-ով։

Օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը

Գիտնականներն ապացուցել են, որ վարսակի մեջ պարունակվող բետա-գլյուկանը մարսողության ընթացքում գելանման զանգվածի վերածվելու շնորհիվ օգնում է հեշտությամբ վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը, ինչը շատ կարևոր է ինչպես շաքարային դիաբետի կանխարգելման, այնպես էլ հիվանդների ինքնազգացողության բարելավման համար։

Կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը

Վարսակը պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են զարկերակային բարձր ճնշումը՝ այդ կերպ ազատելով սրտի հիվանդությունների զարգացմանը նպաստող գլխավոր ռիսկային գործոններից մեկից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր վարսակի թեփի գործածության շնորգիվ 8 գրամ լուծվող մանրաթելեր ստանալը կօգնի զգալիորեն նվազեցնել ինչպես սիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշումը։

Պահպանում է աղիների առողջությունը

Վարսակը շատ օգտակար է նաև աղիների համար։ Այս մթերքը հարուստ է ոչ միայն լուծվող, այլև չլուծվող մանրաթելերով, որոնք պահպանում են աղիների առողջությունը՝ նպաստելով դրանց մաքրմանն ու ճիշտ աշխատանքին։

Նպաստում է քաշի նվազմանը

Վարսակը բավական տարածված մթերք է նիհարել ցանկացողների շրջանում, քանի որ ամբողջահատիկ վարսակի գործածությունը նվազեցնում է քաշի ավելացման ու ճարպակալման հավանականությունը։ Բացի այդ, վարսակում պարունակվող լուծվող մանրաթելերը բավական երկար ժամանակ պահպանում են հագեցածության զգացումը և նվազեցնում են օրվա ընթացքում ավելորդ սնունդ օգտագործելու հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook