Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված սմբուկը. 4 պատճառ հաճախ սմբուկ ուտելու համար

Սմբուկը բանջարեղենի ամենաօգտակար տեսակներից մեկն է, սակայն այս անչափ առողջարար մթերքը հաճախ են անուշադրության մատնում։ Առհասարակ մանուշակագույն կեղև ունեցող մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար են, քանի որ հարուստ են անտոցիաններով։ Սննդամթերքի այս տեսակներն օժտված են հակադիաբետիկ, հակաքաղցկեղային ու հակաբորբոքային ազդեցությամբ, օգնում են պայքարել մանրէների դեմ ու նվազեցնում են քաշը, և սմբուկը ևս բացառություն չէ։

Սմբուկն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն այնուամենայնիվ այն հաճախ է թերագնահատվում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու չորս պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Սմբուկը քլորոգենաթթվի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրը կլանում է ազատ ռադիկալները։ Քլորոգենաթթուն օգնում է նվազեցնել զարկերակները քայքայող «վատ» խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ կանխելով մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումը։ Բացի այդ, այս թթուն օժտված է նաև հակավիրուսային, հակաքաղցկեղային ու հակամանրէային ազդեցությամբ, ինչը շատ կարևոր է օնկոլոգիական հիվանդությունների և վիրուսներով ու մանրէներով պայմանավորված ախտաբանությունների կանխարգելման համար։

Ամրապնդում է գլխուղեղի առողջությունը

Մարդու գլխուղեղի աշխատանքը տարիքի հետ սկսում է վատթարանալ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սմբուկի գործածությունն օգնում է նվազեցնել մտավոր կարողությունների տարիքային վատթարացման մակարդակը։ Ամեն շաբաթ սմբուկ օգտագործելող մարդկանց գլխուղեղի կենտրոնում ավելի շատ գորշ նյութ է պարունակվում, որն էլ վերահսկում է հիշողությունն ու հույզերը։

Պայքարում է քաղցկեղի դեմ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սմբուկներում պարունակվող պոլիֆենոլներն օժտված են հզոր հակաքաղցկեղային ազդեցությամբ։ Բացի այդ, այս բանջարեղենը պարունակում է քլորոգենաթթու և անտոցիաններ, որոնք օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ։ Հակաօքսիդանտներն, իրենց հերթին, պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից՝ այդ կերպ կանխելով ուռուցքների աճը, նպաստելով չարորակ բջիջների ոչնչացմանն ու կանխելով առողջ բջիջների չարորակացումը։

Օգնում է վերահսկողության տակ պահել շաքարային դիաբետը

Սմբուկը պարունակում է քիչ քանակությամբ լուծվող ածխաջրեր, սակայն միաժամանակ հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ այն հիանալի մթերք է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սմբուկը կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետի բուժման ու վերահսկման համար, ուստի այս հիվանդության դեպքում հարկավոր է անպայման ներառել այն սննդակարգում։

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook