Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կանանց և տղամարդկանց ինտիմ հատվածների մաշկի գրգռվածության պատճառներն ու բուժման եղանակները.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը:

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության հիմնական պատճառները

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով: Նման խնդրի առաջացման պատճառ կարող են դառնալ ինչպես ալերգիկ ռեակցիաները, այնպես էլ մակաբուծային հիվանդությունները, վիրուսային վարակներն, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և այլն:

Շատ հաճախ նման խնդիրներ են առաջանում սնկային հիվանդությունների պատճառով, քանի որ այդ հատվածում շատ բարենպաստ միջավայր է սնկերի առաջացման ու զարգացման համար:

Գրգռվածությունը կարող է առաջանալ նաև հերպեսի վիրուսների և պապիլոմավիրուսի ազդեցության հետևանքով: Այդ վիրուսները կան բոլորի օրգանիզմում, շատ տարածված են ու հեշտ փոխանցվող:

Բացի այդ, խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև մակաբուծային հիվանդությամբ: Հելմինտների և այլ մակաբույծների հետևանքով առաջացած հիվանդություններն ուղեկցվում են մաշկային ուժեղ քորով: Նման դեպքերում հիվանդը պետք է անպայման խորհրդակցի մասնագետի հետ և անցնի համապատասխան բուժումը:

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության ամենատարածված պատճառներից մեկն ալերգիաներն են, որոնք կարող են պայմանավորված լինել.

· արհեստական կտորներից պատրաստված ներքնազգեստով կամ հագուստով,

· սուր հոտ ու վառ գույն ունեցող հիգիենայի պարագաների մշտական օգտագործմամբ,

· անորակ հակաբեղմնավորիչների և քսուքների օգտագործմամբ:

Հաճախ նման դեպքերում ախտահարվում են նաև սեռական օրգաններն ու աճուկային հատվածը: Հիմնական ախտանշաններն են լինում քորը, կարմրածությունն ու այդ հատվածի գրգռվածությունը:

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության պատճառ կարող են դառնալ նաև վեներական հիվանդությունները: Բացի այդ, ուումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ նաև սթրեսը, որը թուլացնում ու խոցելի է դարձնում օրգանիզմը:

Շատ հաճախ այդ հատվածի նուրբ մաշկը գրգռվում է մազահեռացման տարբեր մեթոդների կիրառման հետևանքով: Օրինակ՝ մաշկը կարող է գրգռվել անցանկալի մազերը սափրելուց հետո: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է լինում բութ ածելիով, սխալ սափրելով կամ մաշկի գերզգայունությամբ:

Ցավոտ ու տհաճ զգացողությունները կարող են բազում տհաճություններ պատճառել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դառնալ բորբոքային հիվանդության առաջացման պատճառ: Նման դեպքերում պրոցեդուրան կարելի է կրկնել միայն այն ժամանակ, երբ նախորդի հետևանքով առաջացած գրգռվածությունը բուժվի:

Եթե սափրելուց հետո մաշկը գրգռվում է գերզգայունության պատճառով, ապա ցանկալի է նախապատվությունը տալ մազահեռացման այլ տեսակներին (օրինակ՝ շուգարինգ կամ հատուկ քսուքներ): Սակայն շատ հաճախ մաշկը գրգռվում է նույնիսկ այս դեպքերում:

Մազերն ունենում են ֆոլիկուլներ, որոնք ամրացած են ճարպային ծորաններին ու նյարդային վերջավորություններին: Շուգարինգի կամ մեղրամոմով մազահեռացման դեպքում մազն ամբողջությամբ դուրս է գալիս, իսկ դրանց հետ դուրս եկած ճարպը նպաստում է գրգռմանը:

Դեպիլյացիան նույնպես կարող է վնասակար լինել, ուստի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել որոշ խորհուրդներին: Առաջին հերթին՝ մինչ դեպիլյացիայի պրոցեդուրան սկսելը հարկավոր է նախապատրաստել մաշկը. գոլորշիով փափկեցնել այն, իսկ այնուհետև՝ վարակազերծել: Բացի այդ, հարկ է հիշել, որ հաջորդ պրոցեդուրան կարելի է անցկացնել միայն նախորդից առնվազն երեք օր անց: Նաև ոչ մի դեպքում չի կարելի մի քանի անգամ ածելին քսել միևնույն հատվածի մաշկին:

Մասնագետները խորհուրդ են տալիս չխնայել գումարը դեպիլյացիայի ժամանակ: Ցանկալի է պրոցեդուրայի համար այցելել կոսմետոլոգին՝ գրգռվածությունից խուսափելու համար: Եթե մաշկային խնդիրներից խուսափել չի հաջողվել, ապա հարկավոր է մշակել մաշկը հատուկ հակասեպտիկ քսուքով:

Մաշկի գրգռվածությունը շատ հաճախ պայմանավորված է լինում սեռական ակտով: Սա շատ տարածված խնդիր է, և մարդիկ հաճախ անուշադրության են մատնում ախտանշանները, ինչը շատ սխալ է, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել ինտիմ հատվածի ախտաբանություններով, որոնցից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել:

Բացի այդ, շատ հաճախ ինտիմ հատվածի մաշկը գրգռվում է նաև հակաբիոտիկների ընդունման հետևանքով: Բանն այն է, որ հակաբիոտիկները ճնշում են բակտերիաների աճը: Ընդ որում՝ դրանք ազդում են ոչ միայն վնասակար, այլև օգտակար բակտերիաների վրա՝ առաջացնելով հեշտոցի դիսբակտերիոզ, գրգռվածություն ու քոր:

Հարկ է նշել, որ հակաբիոտիկ դեղամիջոցների հետևանքով առաջանում է ոչ միայն հեշտոցային դիսբակտերիոզ, այլև թուլանում է իմունային համակարգը:

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության առաջացման այլ պատճառներ

Նշված պատճառներից բացի, գոյություն ունեն նաև մի շարք այլ գործոններ, որոնք նպաստում են մաշկի գրգռմանը:

Կանանց մոտ ինտիմ հատվածի մաշկի գրգռման պատճառները

Կանանց դեպքում ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը կարող է պայմանավորված լինել նյարդային վերջավորությունների ոչ ադեկվատ արձագանքով: Այս կերպ օրգանիզմը փորձում է հուշել հնարավոր խանգարումների մասին:

Նման դեպքերում քորը կարող է աստիճանաբար ուժեղանալ՝ դառնալով անտանելի: Կինը դառնում է նյարդային և չի կարողանում կենտրոնանալ, իսկ նրա ինքնազգացողությունը վատանում է: Հաճախ նման խնդիրները դառնում են նույնիսկ անքնության պատճառ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ախտանշանները շատ թույլ են արտահայտված լինում և ի հայտ են գալիս միայն ժամանակ առ ժամանակ, ուստի տարիներով տառապող կինը սկսում է դա նորմալ համարել:

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը հղիության ժամանակ

Այս դեպքում գրգռվածությունը լինում է մաշկի արձագանքը մեխանիկական, բակտերիալ կամ քիմիական գրգռիչների ազդեցությանը: Հղիության ընթացքում առաջացող նմանատիպ զգացողությունները հաճախ սրվում են գիշերվա ժամերին, ջրային պրոցեդուրաներից կամ սեռական ակտից հետո: Դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Արտաքին գործոնների շարքին են դասվում.

· անձնական հիգիենայի կանոնների խախտումը,
· սխալ ընտրված հիգիենիկ միջոցները,
· սինթետիկ կտորներից կարված ներքնազգեստը,
· բուրավետիչներ պարունակող միջադիրների գործածությունը:

Ներքին գործոնների թվում են.

· արգանդի ու արգանդի կցորդների հիվանդությունները, որոնք ուղեկցվում են բորբոքային գործընթացներով,
· սննդամթերքի հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները,
· շաքարային դիաբետը,
· սեռական օրգանների վարակիչ հիվանդությունները,
· հեշտոցի դիսբակտերիոզը, որը պայմանավորված է հակաբիոտիկների ընդունումով կամ հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխություններով,
· օրգանիզմում երկաթի պակասը,
· հոգեբանական ֆոնի փոփոխությունները (անհանգստություն, սթրես, մտավոր գերլարվածություն և այլն):

Տղամարդկանց մոտ ինտիմ հատվածի մաշկի գրգռման պատճառները

Տղամարդկանց մոտ նման խնդիրները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Առհասարակ գրգռվածությունն արդեն իսկ անհանգստանալու պատճառ է, սակայն շատ դեպքերում տղամարդիկ չափազանց ուշ են դիմում մասնագետին: Նման դեպքերում տղամարդկանց մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.

· ինտիմ հատվածի մաշկի կարմրածություն,
· ուժեղ ու չդադարող քոր ինտիմ հատվածում,
· որոշ դեպքերում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
· քայլելիս պարբերաբար ի հայտ են գալիս նաև ցավոտ զգացողություններ:

Նման դեպքերում հիմնական պատճառը վարակների ազդեցությունն է կամ հիգիենայի կանոններին չհետևելը: Բացի այդ, խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև վիրուսային վարակներով:

Երեխաների մոտ ինտիմ հատվածի մաշկի գրգռման պատճառները

Երեխաների մոտ նման խնդիրները հիմնականում պայմանավորված են լինում սխալ խնամքով ու հիգիենայի կանոններին չհետևելով: Սխալ ընտրված տակդիրը նույնպես կարող է գրգռել նուրբ մաշկը, քանի որ խոնավության հետևանքով ծակոտիները լայնանում են և այս ամենի հետրանքով էլ խցանվում են ճարպագեղձերը, խանգարվում է դրանց աշխատանքը, մաշկը սկսում է կարմրել, իսկ այնուհետև՝ գրգռվածությունը դառնում է մշտական: Մաշկի վրա սկսում են ակտիվորեն զարգանալ ախտածին սնկեր ու բակտերիաներ, որոնք անհանգստություն են պատճառում փոքրիկին:

Ինչպես ազատվել ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունից

Գրգռվածությունից խուսափելու համար հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին, իսկ մազահեռացումից հետո մշակել մաշկը սպիրտի լուծույթով թրջած բամբակով: Զգայուն մաշկի դեպքում գրգռվածությունը կարող է էլ ավելի խորանալ, սակայն շատ արդյունավետ կարող է լինել հատուկ քսուքը, որը հարկավոր է օգտագործել մազահեռացումից հետո:

Գրգռվածությունից ազատվելու համար կարելի է մինչ սափրելն ու այդ պրոցեդուրայից հետո լվանալ մաշկը կուպրով օճառով: Սակայն այս օճառն այդքան էլ հարմար չէ չոր մաշկ ունեցողներին, ուստի այդ դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող քսուքները:

Բուժումը

Ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունը բուժելու համար հարկավոր է հաշվի առնել խնդրի առաջացման պատճառն ու դրա ինտենսիվությունը:

Կարելի է օգտագործել հատուկ բուժիչ քսուքներ, որոնցից շատերը կարելի է օգտագործել նույնիսկ հղիության ժամանակ: Շատ արդյունավետ են նաև հորմոններով քսուքները, սակայն դրանք առանց բժշկի ցուցումներին հետևելու օգտագործելու դեպքում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ մաշկային թարախակույտերի տեսքով:

Շատ տարածված ու արդյունավետ միջոց է ցինկի քսուքը, որը կարելի է օգտագործել ոչ միայն ինտիմ հատվածի, այլև մարմնի մյուս հատվածների մաշկի գրգռվածությունը բուժելու համար:

Գրգռվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև ասպիրինի հաբեր, որոնք հարկավոր է մանրացնել, խառնել ջրին և օգտագործել մաշկի պիլինգի համար: Այս պրոցեդուրայից հետո մաշկը հարկավոր է մշակել ջրածնի պերօքսիդի լուծույթով:

Ժողովրդական միջոցներ

Գոյություն ունեն նաև մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ինտիմ հատվածի մաշկի գրգռվածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը.

Տնային պայմաններում կարելի է պատրաստել ակնամոմով քսուք: Հարկավոր է մոտ 15 գրամ չոր ակնամոմին ավելացնել 100 գրամ դեղատնային գլիցերին և լավ խառնել: Ստացված զանգվածն անհրաժեշտ է տաքացնել տաք գոլորշու վրա, այնուհետև պահել սառնարանում: Երբ խառնուրդը սառի, հարկավոր է անհրաժեշտության դեպքում դրանից մի կտոր կտրել և օգտագործել ինտիմ հատվածի ախտահարված մաշկին քսելու համար:

Շատ օգտակար կարող է լինել նաև դեղաբույսային թուրմը, որը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ 200-ական գրամ ուտելուց կես ժամ առաջ: Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել հավասար քանակությամբ գայլուկի (хмель) կոները, կեչու տերևները, սրոհունդը (зверобой), եղերդակը (цикорий), կատվալեզուն (череда) և վաղենակի (календула) ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 4 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռացրած ջուր (ցանկալի է ոչ թե 100°C այլ 90°C ջերմության) և թրմել: Խառնուրդը հարկավոր է թրմել մի քանի ժամ:

Նյութի աղբյուրը՝ sblpb.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook