Thursday, April 18, 2024
Նորություններ

Կառավարության որոշմամբ՝ կլուծարվեն 4 գիշերօթիկ հաստատություններ և մեկ մանկատուն

Կառավարության որոշման համաձայն՝ կլուծարվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող 4 գիշերօթիկ հաստատություն և մեկ մանկատուն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», Վանաձորի մանկատուն:

Մինչև 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին պատվիրակված ծրագրերի միջոցով կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ գործընթացն իրականացվում է հաստատություններում գտնվող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով:

2019 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա.

«Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել և շարունակվում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը՝ նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին է, նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում  պատվիրակման միջոցով ցերեկային աջակցության կենտրոնների ցանցի ընդլայնմանը, Երևան, Կապան և Գյումրի քաղաքներում ճգնաժամային աջակցության կենտրոնների հիմնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

Որոշումն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook