Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

Կարելի՞ է, արդյոք, որ ծնողները մերկ վիճակում հայտնվեն երեխայի տեսադաշտում․ հարցին պատասխանում է հոգեբանը․

«Իմ փոքրիկ»–ը զրուցել է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։

Հոգեբանական տեսանկյունից կարելի՞ էարդյոքոր ծնողները մերկ վիճակում հայտնվեն երեխայի տեսադաշտում։

Հոգեբանական տեսանկյունից՝ որևէ հակացուցում չկա ծնողներին կամ այլ մարդկանց մերկ տեսնելու համար։ Այլ հարց է, թե ինչպիսի պայմաններում է դա տեղի ունենում։ Եթե երեխան մանկուց սովոր է լինում իր ծնողներին, քույրերին և եղբայրներին մերկ տեսնելուն, ապա որևէ խնդիր չի կարող առաջանալ։ Եթե երեխան սովոր չէ, իր մոտ երբևէ չեն հագնվել, հանվել, իրենից միշտ թաքցրել են մարմնի մերկությունը, խուսափել են պատասխանել երեխայի հարցերին, բնական հետաքրքրությանը միշտ բացասաբար են արձագանքել, ապա մերկ մարմին տեսնելուց երեխան կարող է սթրես ապրել և վախենալ միայն անսովորությունից ու անսպասելիությունից։

Եթե կարճ անդրադառնանք հարցին ևս մեկ անգամ, ապա այո՛, կարելի է մերկ լինել երեխայի ներկայությամբ, քանի որ մեր մարմնի մերկության մեջ որևէ թաքցնելու բան չկա, և մենք բոլորս հագուստի տակ ունենք մերկություն։ Բնական որևէ բան չի կարող վնասել երեխաներին։ Այլ հարց է, թե ինչպես և ինչ իրավիճակում ենք մենք մերկանում և քանի տարեկան է երեխան, երբ առաջին անգամ մերկ տեսնում է իր ծնողին։ Բնական է, որ մանկուց նման սահմանների բացակայության դեպքում երեխաները շատ ներդաշնակ ու հանգիստ կլինեն այս հարցերի նկատմամբ, ինչպես նաև ավելի ներդաշնակ կլինեն իրենք իրենց մարմնի հետ։

 

Ծնողի մերկությունն ինչպե՞ս կարող է ազդել երեխայի հոգեբանության վրա։

Ազդեցությունը կախված է երեխայի տարիքից։ Եթե մանկուց ծնողները մերկությունը չեն թաքցնում, ապա երեխայի համար դա սովորական մի բան կլինի։ Որևէ դիսոնանս չկա։ Եթե երեխան մեծացել է, դարձել է 7-8 տարեկան, մեկ էլ հանկարծ ծնողները որոշում են մերկանալ և մարդու անատոմիայի դաս անել, բնական է, որ դա շոկային ազդեցություն կունենա երեխայի վրա, կվնասի նրա հոգեկան առողջությանը, տարբեր դեպքերում տարբեր չափով։

 

Կա՞ հստակ սահմանված տարիքորից հետո երեխան չպետք է ծնողին տեսնի մերկ վիճակում։ 

Այդպիսի հստակ սահմանափակում չկա, և որևէ լուրջ վտանգ չկա ծնողներին մերկ տեսնելու մեջ։ Սակայն զգուշավորության և ավելորդ ռիսկերից զերծ լինելու համար, ինչպես նաև ավելորդ հետաքրքրասիրությունը չխթանելու համար ցանկալի չէ մերկ լինել դեռահաս երեխաների ներկայությամբ, քանի որ նրանց սեռական հասունացումն ու սեռական հորմոնների բուռն հոսքը օրգանիզմում խթանում է անհագ սեռական ցանկություններ, և դեռահասը կարող է ունենալ սեռական ցանկություն իր հարազատներից որևէ մեկի նկատմամբ։ Վերջինս այդ տարիքում նորմալ կարող է համարվել, քանի որ անցողիկ բնույթ է կրում հիմնականում, բայց դեռահասի համար կարող է ծանր ապրումների առիթ դառնալ, ինքնամեղադրանքի և ցածր ինքնագնահատականի հիմք դառնալ։ Այնուամենայնիվ, ես կառաջարկեի դեռահասության շրջանից մի փոքր առաջ աստիճանաբար սկսել հետևել մարմնի բաց լինելուն և ավելորդ չգրգռել երեխաների հետաքրքրությունը։

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

/impoqrik.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook