Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կենսակերպի 8 փոփոխություն, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել: Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ: Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից, սակայն առաջին հերթին հարկավոր է հիշել, որ գոյություն ունի խոլեստերինի երկու տեսակ, որոնք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա:

Առաջին տեսակը ցածր խտության լիպոպրոտեիններն են կամ վատ խոլեստերինը, որն էլ կուտակվում է անոթային պատերի վնասված հատվածներում՝ առաջացնելով խցանումներ, մինչդեռ երկրորդ տեսակը բարձր խտության լիպոպրոտեիններն են կամ լավ խոլեստերինը, որը կապվում է վատ խոլեստերինի առաջացրած վահանիկներին ու դուրս է բերում դրանք օրգանիզմից: Այսպիսով՝ օրգանիզմի համար վնասակար են համարվում ցածր խտության լիպոպրոտեինները, որոնց մակարդակն էլ հենց հարկավոր է նվազեցնել անհրաժեշտության դեպքում:

Ինչպես նշել է բժիշկ-սրտաբան Սունիլ Կումարը, սովորաբար խոլեստերինի մակարդակը բարձրանում է սխալ սննդակարգի, ֆիզիկական վարժությունների բացակայության, քնի վատ որակի ու սթրեսի բարձր մակարդակի հետևանքով, սակայն ճիշտ կենսակերպ վարելն ու որոշ փոփոխություններ անելը կօգնի հեշտությամբ վերահսկողության տակ պահել այդ ցուցանիշն ու անհրաժեշտության դեպքում անգամ նվազեցնել այն:

Մասնագետը նշել է կենսակերպի այն փոփոխությունները, որոնք կօգնեն նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

Օգտագործել լուծվող մանրաթելեր

Մանրաթելերի այս տեսակը կանխում է սննդից ստացված խոլեստերինի որոշակի քանակության տարրալուծումն ու կլանումն արյան մեջ, ուստի դրանով հարուստ սննդամթերքի գործածությունը շատ կարևոր է խոլեստերինի մակարդակի կարգավորման համար: Լուծվող մանրաթելերի լավագույն աղբյուրներն են ամբողջահատիկ վարսակը, սիսեռը, լոբին ու ոսպը:

Նվազեցնել աղի գործածությունը

Աղն անմիջական դեր չի խաղում խոլեստերինի բարձրացման հարցում, սակայն այն ազդում է մարդու արյան ճնշման վրա ու կարող է բարձրացնել սրտի նոպաների հավանականությունը:

Օգտագործել բուսական մթերք

Մրգերի, բանջարեղենի, հատապտուղների ու կանաչեղենի գործածությունը հագեցնում է օրգանիզմը լուծվող մանրաթելերով, որոնք թույլ չեն տալիս օրգանիզմին շատ խոլեստերին յուրացնել:

Հրաժարվել ալկոհոլից ու ծխախոտից

Ալկոհոլի կանոնավոր գործածությունն ու ծխելը նույնպես կապված են արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների, ինչպես նաև տրիգլիցերիդների մակարդակների բարձրացման հետ, ուստի այս վնասակար սովորություններից հարկավոր է հրաժարվել։

Խուսափել տրանսճարպերից

Պատրաստի մթերքն ու կիսաֆաբրիկատները պարունակում են մեծ քանակությամբ արհեստականորեն սինթեզված ճարպեր` տրանս ճարպեր, որոնց վնասակար ազդեցությունը սրտամկանի ու անոթային համակարգի վրա հաստատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։

Նվազեցնել քաշը

Զգալի ավելորդ քաշի դեպքում բարձր է լինում նաև ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, ուստի այն նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին նվազեցնել քաշը։

Մեծացնել ֆիզիկական ակտիվությունը

Օրական ընդամենը 20 րոպե կարդիո վարժություններ անելը նպաստում է օրգանիզմում բարձր խտության լիպոպրոտեինների` լավ խոլեստերինի մակարդակի բարձրացմանն ու նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։

Պահպանել դրական տրամադրվածությունը

Որքան ցածր է լինում սթրեսի մակարդակը, այնքան ավելի առողջ են լինում անոթներն ու սրտամկանը, ուստի սրտանոթային հիվանդություններից ու օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումից խուսափելու համար հարկավոր է պահպանել դրական տրամադրվածությունն ու փորձել գտնել դրական հույզերի աղբյուրներ։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook