Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կիֆոզ`ողնաշարի չափազանց ուռուցիկ անոմալ կիֆոտիկ թեքություն

Կիֆոզ (կուզ, սապատ), ողնաշարի չափազանց ուռուցիկ անոմալ կիֆոտիկ թեքություն (կորություն), որը կարող է առաջանալ կրծքային, կրծքագոտկային և գոտկային հատվածներում: Այն կարող է լինել այնպիսի դեգեներատիվ խնդիրների հետևանք, ինչպիսիք են՝ հոդաբորբ, զարգացման խնդիրներ, հիմնականում՝ Շոյերմանի հիվանդություն, օստեոպորոզ՝ ողի սեղմված կոտրվածքով, միելոմա կամ վնասվածք: Ողնաշարի կրծքային հատվածը նորմալ վիճակում տարածվում է 1-ինից 12-րդ ողերի երկայնքով և պետք է ունենա թեթևակի կիֆոտիկ (թեք) անկյուն՝ 20°-45°: Երբ թեքությունը գերազանցում է 45°-ը, այդ երևույթն անվանում են «կիֆոզ» կամ «հիպերկիֆոզ»: Շոյերմանի հիվանդությունը հիպերկիֆոզի ամենադասական օրինակն է և հանդիսանում է պատանեկության տարիներին զարգացող սեղմված ողի հետևանք: Պատճառը դեռևս անհայտ է. այս երևույթը համարվում է բազմագործոն, առավել հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ, քան կանանց:

Դեֆորմացիայի տեսանկյունից կիֆոզը հանդիսանում է ողնաշարի պաթոլոգիական ծռում, երբ ողնասյան հատվածները կորցնում են գոտկային ուրվագիծը լիովին կամ մասնակիորեն: Սա առաջացնում է մեջքի խոնարհում, որը դիտվում է որպես կոր կեցվածք:

Թեև կիֆոզի դեպքերի մեծ մասը մեղմ է ընթանում և պարզապես պահանջում է հսկողության սահմանում, կարող են հանդիպել նաև ծանր դեպքեր, որոնք չափազանց հյուծիչ են: Կիֆոզի բարձր աստիճանները կարող են պատճառել սուր ցավ և անհարմարություն, շնչելու և մարսողության բարդություններ, սիրտանոթային խանգարումներ, նյարդաբանական դեֆիցիտ և, ավելի սուր դեպքերում, կյանքի զգալիորեն կրճատվող տևողություն: Ծռումների նման տեսակները սովորաբար լավ չեն ենթարկվում կոնսերվատիվ բուժման, և գրեթե միշտ առաջանում է ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը կարող է վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը:

Գոյություն ունի կիֆոզի մի քանի տեսակ (ՀՄԴ-10 դասակարգմամբ).

  • Դիրքային (պոստուրալ, աղեղնաձև) կիֆոզ (M40.0). ամենատարածված տեսակն է, սովորաբար արտահայտվում է մեջքի խոնարհմամբ, կարող է հանդիպել ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց մարդկանց մոտ: Երիտասարդների մոտ այն հաճախ անվանում են կորացում, որը դարձելի է՝ մկանային անհամաչափությունը շտկելու միջոցով: Տարեցների մոտ այն կարող է լինել հիպերկիֆոզի դրսևորում, որին անվանում են «այրու կուզ»: Տարեց մարդկանց մոտ ամենածանր հիպերկիֆոզի դեպքերի շուրջ մեկ երրորդն ուղեկցվում է ողնային կոտրվածքներով: Բացի այդ, ծերացող մարմինը հակված է հենաշարժիչ համակարգի ամբողջականության խախտման, և հիպերկիֆոզը կարող է լինել բացառապես տարիքի հետևանք: Դիրքային կիֆոզի պատճառ կարող են լինել մեջքի մկանների բնածին թուլությունը, մանկական տարիքում տարած ծանր ռախիտը, իրանի երկարատև ծռված դիրքը: Դրա առկայությունը ոչ միայն փոխում է մարդու կեցվածքը, այլև հանգեցնում կրծքավանդակի շնչառական տարողության փոքրացման, քանի որ լիարժեք շնչառումը պահանջում է ողնաշարի առավելագույն ուղղում, իսկ անբավարար շնչառությունը կարող է բացասաբար ազդել արյան շրջանառության վրա։ Հաճախ աղեղնաձև կիֆոզի ժամանակ ուսերն առաջ թեքված են և իջած, որովայնը՝ դուրս պրծած, փոքր-ինչ կախ ընկած։
  • Շոյերմանի հիվանդություն կամ կիֆոզ (M42.0). արտաքնապես շատ ավելի բարդ է, կարող է ուղեկցվել ցավի տարբեր աստիճաններով և վնասել ողնաշարի տարբեր հատվածներ (սովորաբար արտահայտվում է միջգոտկային հատվածում): Շոյերմանի կիֆոզը ողնաշարի երկրորդային օստեոխոնդրոզի տարատեսակ է և առավել հաճախ անվանվում է Շոյերմանի հիվանդություն: Հանդիպում է հիմնականում դեռահասների շրջանում, հատկապես տղաների մոտ, և շատ ավելի մեծ ծռում է առաջացնում, քան պոստուրալ կիֆոզը: Այս հիվանդությամբ տառապող հիվանդը չի կարող գիտակցաբար ուղղել կեցվածքը: Կորության գագաթը, որը գտնվում է գոտկային ողի վրա, բավականին անշարժ է: Այդ հատվածում հիվանդը կարող է ունենալ սուր ցավեր, որոնք կարող են ավելի սրվել ֆիզիկական ակտիվության, երկարատև նստելու կամ կանգնելու հետևանքով: Սա կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ հիվանդի կյանքի վրա, քանի որ նրա ակտիվության մակարդակը սահմանափակվում է ֆիզիկական վիճակից ելնելով. երեխաների պարագայում նրանք կարող են իրենց մեկուսացված և անհարմար զգալ հասակակիցների շրջանում: Ի տարբերություն դիրքային կիֆոզի, երբ ողներն ու միջողնային սկավառակները նորմալ վիճակում են, Շոյերմանի հիվանդության դեպքում դրանք անկանոն են, հաճախ ճողված և նվազագույնը երեք հարակից մակարդակներում՝ սեպաձև: Հոգնածությունը շատ տարածված ախտանիշ է հավանաբար մկանների ինտենսիվ աշխատանքի հետևանքով, որը կատարվում է ճիշտ նստելու կամ կանգնելու ջանքեր գործադրելիս: Կա կարծիք, որ այս հիվանդությունը ժառանգական է, չնայած որ մինչև այսօր դա հաստատված չէ: Հիվանդների մեծ մասը կեցվածքն ուղղելու նպատակով դիմում է վիրահատական միջամտության:
  • Բնածին կիֆոզ (Q76.4). կարող է հանդիպել նորածինների մոտ, որոնց ողնաշարը ճիշտ չի ձևավորվել արգանդում: Ողները կարող են սխալ ձևավորված կամ միաձուլված լինել, ինչը հետագայում երեխայի զարգացմանը զուգընթաց կարող է հանգեցնել զարգացող կիֆոզի: Սկզբնական շրջանում կարող է առաջանալ վիրահատական միջամտության կարիք, որպեսզի վերադարձվի բնական կորությունը, իսկ հետագայում պետք է պարբերաբար ստուգել փոփոխությունները: Այնուամենայնիվ, այդ ամենն իրականացնելու որոշումը շատ բարդ է, քանի որ երեխայի համար պարունակում է պոտենցիալ ռիսկեր: Բնածին կիֆոզը կարող է ի հայտ գալ նաև դեռահասության տարիներին, հիմնականում մանկական ուղեղային կաթված և այլ նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների մոտ:
  • Սննդային կիֆոզ. կարող է առաջանալ սննդային պակասության հետևանքով, հատկապես փոքր տարիքում, օրինակ՝ վիտամին D-ի պակասություն, որը փափկեցնում է ոսկրերը և երեխայի քաշի ծանրության տակ հանգեցնում ողնաշարի ու վերջույթների ծռումների:
  • Անկյունաձև կիֆոզ. առաջանում է հիմնականում ողնաշարի կրծքային հատվածում և կոչվում Է կուզ։ Հիմնական պատճառը տուբերկուլյոզի հետևանքով ողների ախտահարումն է և դրանց տափակելը: Անկյունաձև կիֆոզն ուղեկցվում է իրանի արտահայտված կարճացմամբ (վերը գտնվող մարմնամասերի ծանրության տակ) ու կրծքի խիստ դուրս պրծնելով։ Այս ձևախախտումը ծանր է անդրադառնում ներքին օրգանների ֆունկցիաների, հիվանդի աշխատանքային գործունեության և անձնական կյանքի վրա։
  • Հետվնասվածքային կիֆոզ (M84.0). կարող է առաջանալ չբուժված կամ անարդյունավետ բուժված ողնային կոտրվածքների հետևանքով:                                                                                                                            Կիֆոզի ախտորոշումը հիմնականում իրականացվում է զննման և չափման միջոցով: Ինքնածին (իդիոպաթիկ) պատճառները, ինչպիսիք են սեպաձև ողերը կամ այլ անոմալիաները, կարող են հաստատվել ռենտգենոգրաֆիայի միջոցով: Օստեոպորոզը, որը կիֆոզի պոտենցիալ պատճառ է, կարող է հաստատվել ոսկրի խտության սկանավորման (դենսիտոմետրիայի) միջոցով: Դիրքային կրծքային կիֆոզը կարող է բուժվել կենտրոնացումն ամրապնդող վարժություններով: Անկյունաձև կրծքային կիֆոզը սեպաձև ողների, կոտրվածքների կամ ողնային այլ անոմալիաների պատճառով ավելի դժվար է կարգավորել, քանի որ ճիշտ կեցվածքի վերականգնումը կարող է անհնար լինել ողում կառուցվածքային փոփոխություն կատարելու միջոցով: Երեխաները, ում զարգացումը դեռևս չի ավարտվել, կարող են անցնել կազդուրման երկարատև փուլեր: Կարող են ցուցվել վարժություններ, որոնք միտված են մեջքի մկանների գերլարումից առաջացած անհարմարությունները մեղմացնելուն: Անկյունաձև կիֆոզի սուր դեպքերի ժամանակ կարող է ցուցվել վիրահատական միջամտություն:Շատ ծանր դեպքերում կարող է կիրառվել վիրահատական բուժում: Ողների զարգացող կիֆոտիկ դեֆորմացիայով տառապող հիվանդների մոտ կիֆոպլաստիկան կարող է դադարեցնել դեֆորմացիայի զարգացումը և մեղմացնել ցավը: Կիֆոպլաստիկան նվազագույն ինվազիվ մեթոդ է, որի դեպքում պահանջվում է մաշկի վրա անել փոքր բացվածք: Հիմնական նպատակը վնասված ողն իր մարմնի նախնական բարձրությանը հնարավորինս մոտեցնելն է:

    Բարդություններ

    Կիֆոզի դեպքում ողնաշարի վիրահատության հետ կապված լուրջ բարդությունների ռիսկը մոտ 5% է, ինչպես և սկոլիոզի վիրահատության դեպքում: Հնարավոր բարդություների թվին են դասվում փափուկ հյուսվածքի բորբոքումը կամ խորը բորբոքային երևույթները, շնչառական խանգարումները, արյունահոսությունը, նյարդի վնասումը: Վերջին տվյալները վկայում են, որ իրական բարդությունները կարող են էականորեն ավելի բարձր լինել: Անգամ այն հիվանդների շրջանում, ովքեր չեն ունենում լուրջ բարդություններ, նրանցից մոտ 5%-ը ունենում է հինգ տարի անց վիրահատական միջամտությունը կրկնելու կարիք, և ընդհանուր առմամբ անհայտ է, թե ինչ կարելի է սպասել վիրահատությունից երկարաժամկետ հեռանկարում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողնաշարի ծռումների նշաններն ու ախտանիշերը չեն կարող փոխվել վիրահատական միջամտության օգնությամբ՝ վիրահատությունը մնում է զուտ կոսմետիկ ցուցում: Դժբախտաբար, վիրահատության կոսմետիկ արդյունքները ոչ միշտ են կայուն լինում:

     

    ազատ հանրագիտարանից

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook