Tuesday, April 16, 2024
Նորություններ

Կորոնավիրուսային հիվանդացության 6,8% աճ կա վերջին 14 օրվա ընթացքում. աճի միտումը շարունակվելու է. համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, այսօր ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը Հայաստանում:

– Ուրիշ ինֆեկցիաների առումով որևէ արտառոց իրավիճակ չունենք, ընթացիկ սովորական իրավիճակն է, ինչը միշտ ներկայացնում ենք:

Կորոնավիրուսային իրավիճակի ակտիվացում է արձանագրվում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Վերջին շրջանում ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աճ՝ 30-35% աճի ցուցանիշ կա, տարբեր տարածաշրջաններում տարբեր է տոկոսային հարաբերությունը:

Հայաստանում դեպքերը ներկայացնում ենք 14 ու 7 օրվա կտրվածքով. վերջին 14 օրվա կտրվածքով ունենք հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում ունենք արձանագրված 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107 %-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշն էլ 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ ունենք հիվանդացության աճի միտում, ինչը շարունակական է լինելու:

– Աճի պատճառը ո՞րն է, որովհետև նվազման միտում էր նկատվում որոշ ժամանակ առաջ:

– Այո՛, բավականին երկար ժամանակ նվազման միտում ունեցանք: Առոողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդացության աճի հիմնական պատճառը համարում է սահմանափակումների վերացումը և ակտիվ տուրիստական շրջանը: Այս ամենին գումարվում է նաև հանգամանքը, որ օմիկրոնն ավելի արագ է տարածվում, իսկ աշխարհում այսօր այս շտամի երկու հիմնական տեսակներն են առկա՝ BA.4 և BA.5: Այս հիմնական պատճառները նաև Հայաստանի վրա են տարածվում:

– Պարո՛ն Գրիգորյան, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում այժմ կորոնավիրուսի 6-րդ ալիքն է:

– Չէ՛, ալիքայնության համար դեռ վաղ է խոսել, որովհետև աշխարհում էլ չի համարվում, որ կորոնավիրուսի նոր ալիք է: Սա ուղղակի նոր դեպքերի որոշակի աճ է, թե ուր կհասնի այս միտումը ու կվերածվի՞ ալիքի, թե՞ ոչ, չենք կարող ասել: Բայց աճը շարունակվում է, ու գործակիցն էլ ցույց է տալիս, որ այն շարունակվելու է, որպեսզի ալիք համարվի, պետք է օրվա կտրվածքով ավելի բարձր թվեր արձանագրվեն, երևի կհիշեք, որ օրական հազարներով դեպքեր էինք ունենում: Մեր ամենամեծ թիվ եղել է ամսի 12-ին ու 13-ին՝ համապատասխանաբար 108 և 112 դեպք:

– Իսկ հնարավո՞ր է, որ նախարարությունը հետագա աճը կանխելու նպատակով որոշակի սահմանափակումների վերադառնալու առաջարկությամբ հանդես գա:

– Հնարավոր է, բայց ինչպես ԱՀԿ-ն է առաջարկում, անհրաժեշտ է ոչ թե անմիջապես վերադառնալ սահմանափակումներին, այլ վերանայել դրանց վերացումը, որոշակի միջոցառումներ վերականգնել: Հատկապես կարևոր է, որ մարդիկ, անկախ սահմանափակումներից, ուշադիր լինեն հակահամաճարակային տարրական կանոնների պահպանման նկատմամբ՝ դիմակների կրում փակ ու մարդաշատ վայրերում, ձեռքերի ախտահանում, պարբերաբար լվացում, սոցիալական հեռավորության պահպանում, սենյակների օդափոխում, ախտանշանների դեպքում բժշկի դիմել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook