Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման օրերին հեշտ, մատչելի և առողջ սնվելու մասին խորհուրդներ

Առողջ սնվելու սկզբունքներ

1. Թարմ միրգ և բանջարեղեն օգտագործե՛ք։

Թարմ բանջարեղեն գնելը, պահպանելն ու պատրաստելը կարող է դյուրին չլինել ինքնամեկուսացման օրերին, հատկապես՝ երբ ծնողներին խորհուրդ է տրվում սահմանափակել տնից դուրս գալը։ Բայց, հնարավոր բոլոր դեպքերում, կարևոր է անել այնպես, որ երեխաների սննդակարգը հագեցած լինի մրգերով ու բանջարեղենով։

Եթե հնարավորություն ունեք թարմ սննդամթերք գնել, գնե՛ք առանց հապաղելու։ Միրգն ու բանջարեղենը թարմ վիճակում ուտելուց բացի, կարող եք նաև սառեցնել, որպեսզի պահպանվեն համն ու հոտը և այլ սննդարար նյութերը։

Թարմ բանջարեղենով արգանակներն ու այլ կերակուրները մեծ բաժիններով պատրաստեք։ Պատրաստի վիճակում դրանք ավելի երկար կմնան և կարող են օգտագործվել նոր կերակրատեսակներ պատրաստելիս նույնպես։ Կարելի է նաև սառեցնել պատրաստի կերակրատեսակներն ու ուտելուց առաջ արագ տաքացնել։

2. Երբ ձեռքի տակ չկա թարմըօգտագործե՛ք չրեր կամ պահածոյացված տարբերակներ:

Ամեն տեսակի սննդամթերքի թարմը գրեթե միշտ սննդի լավագույն տարբերակն է։ Բայց երբ թարմը հասանելի չէ, այլընտրանքի շատ այլ տարբերակներ կան, որոնք կարելի է հեշտությամբ պահպանել և պատրաստել:

Պահածոյացված լոբին և սիսեռը, որոնք բազմաթիվ սննդանյութեր են պարունակում, կարելի է պահպանել ամիսներով, նույնիսկ՝ տարիներով և կարելի է կերակրատեսակների մեջ շատ տարբեր ձևերով օգտագործել։

Պահածոյացված յուղոտ ձուկը, ինչպես օրինակ` սարդինաձուկը, սկումբրիան, սաղմոնը, հարուստ են սպիտակուցներով, օմեգա 3 ճարպաթթուներով և մի շարք այլ վիտամիններով և հանքանյութերով։ Սրանք կարելի է օգտագործել սենդվիչներ, սալաթներ կամ մակարոնեղենով կերակրատեսակներ պատրաստելիս կամ պարզապես առանձին ուտել։

Պահածոյացված բանջարեղենը, օրինակ՝ լոլիկը, սովորաբար ավելի քիչ քանակությամբ վիտամիններ է պարունակում, քան թարմը, բայց այն հրաշալի տարբերակ է, եթե ձեռքի տակ չկա թարմ կամ սառեցված տարբերակը։

Հատիկավորները, օրինակ՝լոբին, ընդեղենն ու ձավարեղենը, ինչպես օրինակ՝ ոսպը, դեղին ոլոռը, բրինձը, կուսկուսը կամ քինոան ևս կարող են երկար պահպանվել, համեղ են, մատչելի և հագեցնող։ Կաթով կամ ջրով պատրաստված վարսակը նախաճաշի հրաշալի տարբերակ է, կարելի է ուտել մածունով կամ յոգուրտով, կտրտած մրգերով կամ չամիչով։

3. Առողջարար խորտիկների պաշար ունեցե՛ք։

Երեխաները հաճախ մեկ-երկու խորտիկ են սիրում ուտել օրվա ընթացքում։ Երեխաներին քաղցրավենիք կամ աղի խորտիկներ տալու փոխարեն, առաջարկե՛ք ընկուզեղեն, պանիր, յոգուրտ կամ մածուն (ցանկալի է առանց շաքարի պարունակության), կտրտած միրգ կամ չորամրգեր, եփած ձու կամ տեղական այլ բաներ։ Սրանք ավելի սննդարար են, ավելի հագեցնող և կօգնեն երեխայի մոտ առողջ սնվելու սովորույթ ձևավորել ողջ կյանքի համար։

4. Սահմանափակե՛ք վերամշակված սննդամթերքի օգտագործումը

Քանի որ թարմ սննդամթերք օգտագործելը միշտ չէ հնարավոր, փորձե՛ք գնումներ անելիս չափավորել վերամշակված սննդատեսակները։ Պատրաստի կերակուրները, փաթեթավորված խորտիկները և քաղցրավենիքը հաճախ մեծ քանակությամբ ճարպ, շաքար և աղ են պարունակում։ Եթե, այնուամենայնիվ, վերամշակված սննդամթերք եք գնում, ուշադրությու՛ն դարձրեք պիտակի վրա և փորձե՛ք ընտրել այնպիսի տարբերակներ, որտեղ այս բաղադրիչների քանակությունը փոքր է։

Փորձե՛ք սահմանափակել նաև շաքար պարունակող խմիչքները։ Փոխարենը՝ շատ ջուր խմե՛ք։ Մրգի կամ լիմոնի, լայմի կամ վարունգի կտորներ ջրի մեջ ավելացնելը կարող է այն ավելի հաճելի դարձնել։

5. Կերակուր պատրաստելն ու սնվելը ձեր ընտանեկան առօրյայի ուրախ և իմաստալի մասը դարձրե՛ք։

Միասին ճաշ պատրաստելն ու ուտելը ընտանեկան կապերն ապրապնդելու, առողջարար առօրյա ձևավորելու հրաշալի տարբերակ է։ Ներգրավե՛ք ձեր երեխաներին սննդի պատրաստման գործընթացում, երբ հնարավոր է։ Փոքրիկները կարող են օգնել ափսեները լվանալ, դասավորել այն ինչ հարկավոր է, իսկ ավելի մեծ երեխաները կարող են ավելի բարդ «գործեր» անել և օգնել սեղանը գցել։

Խորհուրդներ կրծքով կերակրվող երեխաների համար

Մայրական կաթը 6-24 ամսական երեխաների համար շարունակում է հրաշալի սնունդ լինել։ ՔՈՎԻԴ-19-ով վարակված կանայք կարող են շարունակել կրծքով կերակրել, եթե ցանկանում են։ Այնուամենայնիվ, կերակրելու ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները՝ դիմակ կրել, լվանալ ձեռքերը կերակրելուց առաջ և փոքրիկին դիպչելուց հետո, անընդհատ մաքրել և ախտահանել այն մակերեսները, որոնց դիպել եք։

Եթե վիրուսի պատճառով կերակրող մայրերը շատ վատ են զգում և այլ բարդություններ ունեն, ապա նրանց աջակցություն է հարկավոր, որպեսզի կարողանան փոքրիկին մայրական կաթով կերակրել հնարավոր այլ տարբերակներով։

Նյութը՝ unicef.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook