Կրծքի քաղցկեղով հիվանդ տղամարդիկ ավելի ուշ են օգնության դիմում. բժիշկ-ռադիոլոգ. News.am Medicine
Ինչպես կանանց , այնպես էլ եւ տղամարդկանց մոտ, թեպետ եւ ավելի հազվադեպ, կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջանալ: Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով, կենտրոնում 842 արական սեռի հետազոտվածներից 31-ը ունեին կրծքագեղձի չարորակ ուռուցք, եւ ավելի քան 457-ը ՝ բարորակ, որը կոչվում է գինեկոմաստիա:
Ավելի մանրակրկիտ տեղեկությունների համար դիմեցինք Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի բժիշկ – ռադիոլոգ Հովհաննես Վարդեվանյանին:
«Իգական սեռական հորմոնների ցածր մակարդակի հետ կապված տղամարդկանց կրծքագեղձերը զարգացած չեն: Եթե տղամարդու մոտ կուրծք է հայտնվում, հարկ է բժշկի դիմել: Բայց խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ դեպքերի մեծամասնությունում պատճառը հավելյալ ճարպի կուտակումն է ՝ լիպոմաստիան: Բայց հնարավոր է նաեւ գինեկոմաստիայի զուգակցումը ճարպի կուտակմանը»,- NEWS.am Medicine թղթակցին պատմեց Հովհաննես Վարդեվանյանը: Եթե կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղ զարգանում է յուրաքանչյուր ութերորդի մոտ, ապա տղամարդկանց շրջանում դա տասն անգամ ավելի քիչ է հանդիպում:
Կրծքագեղձի կանցերոգենեզի (ուռուցքի առաջացման) պատճառ կարող են հանդիսանալ վնասվածքներն ու ուռուցքածին նյութերի ազդեցությունները: Հորից որդուն հիվանդության ժառանգական փոխանցման վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: Մեծամասամբ չարորակ նորագոյացությունների ձեռքբերման հնարավորությունը ավելի շատ փոխանցվում է մայրական գծով, այդ թվում նաեւ մորից եւ մոտ ազգականներից որդուն:
«Ինչ վերաբերում է գինեկոմաստիային, այս հիվանդությունը շատ հազվադեպ կարող է զարգանալ մանկական հասակում: Դեռահասության տարիքում՝ օրգանիզմի սեռական հասունացման ժամանակ, տղամարդկանց մոտ նկատվում է անցողիկ գինեկոմաստիա, քանի որ արական եւ իգական հորմոնները զուգահեռ են զարգանում: Եթե օրգանիզմում որեւէ էնդոկրին խանգարում չի լինում, ապա տղամարդկանց օրգանիզմում գեղձային հյուսվածքն ինքնաբերաբար վերանում է: Զառամ հասակում, երբ առկա են լյարդի ֆունկցիայի եւ իգական սեռական հորմոնների դենատուրացիոն խանգարումներ, իգական սեռական հորմոնները երկար են պահվում օրգանիզմում եւ գինեկոմաստիա են առաջացնում: Կապ կա նաեւ արտաքին սեռական օրգանների առողջության հետ: Գինեկոմաստիայի հետեւանք կարեղ են լինել շագանակագեղձի եւ ամորձիների բարորակ եւ չարորակ նորագոյացությունները»:
Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը ավելի հաճախ նկատվում է 60-ից բարձր տարիքում:
Տղամարդկանց մոտ ավելի հաճախ չարորակ ուռուցք է զարգանում եւ ավելի ագրեսիվ ընթացք է ունենում: Դիտվում են վաղ մետաստազներ անութափոսերում եւ ոսկրային համակարգում: Ուռուցքը հաճախ տեղակայվում է ենթապտկային շրջանում, արեոլայի տակ կամ դրանցից ոչ հեռու՝ բերելով կրծքավանդակի ձեւախախտումների: Հաճախ պտուկից դիտվում է արյունախառը արտադրություն: Քաղցկեղի բարձիթողի դեպքերում դիտվում է մաշկի խոցոտում:
Ընդհանուր առմամբ կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյուքները տղամարդկանց մոտ ավելի վատ են քան կանանց: Հավանաբար դրան նպաստում է ուռուցքի արագ մետաստազներ տալու փաստը: Ինչպես նաեւ տղամարդիկ, ի տարբերություն կանանց , չեն անցնում պրոֆիլակտիկ հետազսոտություններ: Այդ պատճառով էլ նրանց մոտ նախաքաղցկեղային վիճակը արագ վերափոխվում է ինվազիվ քաղցկեղի: Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ տղամարդիկ ավելի ուշ են բժշկի դիմում:
Որպես կանոն, եթե նրանք ինչ-որ բան էլ զգում են կրծքավանդակի շրջանում, ապա ավելի հակված են մտածելու, որ դա մկաններից է:
Յանա Ավչիյան
Նյութի աղբյուրը ` NEWS.am Medicine