Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կրծքով կերակրելը եւ ՄԻԱՎ-ը. մեկնաբանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը

ՄԻԱՎ դրական մորից ծնված երեխայի սնուցման կազմակերպումը մեծ մասամբ կախված է բնակության վայրից. եթե նրանք աղքատ երկրում են ապրում, որտեղ անհրաժեշտ սանիտարական պայմաններ եւ արհեստական կերերի հասանելիություն չկա, կրծքով կերակրելը կմեծացնի երեխայի ողջ մնալու հավանականությունը: Իսկ եթե նրանք բնակվում են զարգացած կամ զարգացող երկրում, արհեստական սնուցումը կօգնի կանխել մորից երեխայի ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվելը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Երկար տարիներ շարունակ մասնագետները ՄԻԱՎ դրական կանանց խորհուրդ չէին տալիս կրծքով կերակրել, քանի որ վիրուսը կարող էր նաեւ կրծքի կաթի միջոցով փոխանցվել: Սակայն վերջին շրջանում կարելի է նաեւ այլ կարծիքներ լսել. մասնավորապես՝ գիտնականներից շատերը, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները սկսել են պնդել, որ որոշ դեպքերում կրծքով կերակրելու պոտենցիալ օգուտը գերազանցում է վարակվելու պոտենցիալ վտանգը:

ԱՀԿ տվյալներով՝ կրծքով 2 տարի կերակրելու դեպքում կրծքի կաթի միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մոտ 14-20 տոկոս է (եթե մայրը չի ստանում հակառետրովիրուսային (АРВ) դեղամիջոցներ): Սակայն հավանականությունը, որ աղքատ երկրում կրծքով կերակրելու բացակայությամբ երեխան կարող է մահանալ անբավարար սնվելու, թոքաբորբի կամ դիարեայի պատճառով, 6 անգամ ավելի բարձր է, քան վարակվելու հավանականությունը: Շատ մասնագետների խոսքով՝ հենց այս պատճառով աղքատ երկրներում ՄԻԱՎ դրական կանանց խորհուրդ են տալիս կրծքով կերակրելուց չհրաժարվել, նույնիսկ եթե АРВ դեղամիջոցներին հասանելիություն չունեն:

Սակայն եթե կինը եւ նրա երեխան բնակվում են այնպիսի երկրում, որտեղ կարելի է արհեստական սնուցումն անվտանգ կազմակերպել, եւ որտեղ հասանելի է որակյալ բժշկությունը, որպես կանոն, խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել եւ վարակվելուց խուսափելու համար երեխային մանկական կերերով կերակրել:

Տանյա Ռադոչայը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն շատ տարիներ չեն գրանցվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր. 2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանում ՄԻԱՎ դրական կանայք ծննդաբերել են 150-ից ավելի երեխա, եւ նրանցից ոչ մեկը մորից չի վարավել: Անցյալ տարի ԱՀԿ-ը եւս հաստատեց Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ սիֆիլիսի փոխանցման վերացումը: Մասնագետներից շատերի կարծիքով՝ այսպիսի արդյունքների է հաջողվել հասնել հղի կանանց թեստավորման, ծննդօգնության եւ կրծքով կերակրելու ճիշտ կազմակերպման շնորհիվ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook