Friday, March 29, 2024
Նորություններ

Հայաստանում մեկնարկում է զարկերակային գերճնշման սքրինինգի մեկամսյակը

Հանրապետությունում 2018թ. մայիսի 28-ից հունիսի 28-ը ներառյալ կիրականացվի զարկերակային գերճնշման վաղ հայտնա­բերման ու արդյունավետ կանխարգել­ման սքրինինգային ծրագիր: Այս ընթացքում նախատեսվում է զարկերակային ճնշման չափումներ իրականացնել (նաև հասարակական վայրերում) նվազագույնը 30 հազար անձանց մոտ:

Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ այսպիսով նախատեսում են իրականացնել զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:

Սա Հայաստանի համար բացառիկ միջոցառում է և կարևորվում է այն առումով, որ սրտանոթային հիվանդացության և մահացու­թյան ամենատարածված և լրջագույն ռիսկի գործոնի՝ զարկերակային գերճշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման արդյունքում հնարավոր է պահպանել առողջությունը, նվազեցնել սրտանոթային պատահարները և ապրել երկար ու լիարժեք կյանքով:

Ակցիան իրականացվում է  աշխարհի շուրջ 100 երկրում, որով 1 ամսվա ընթացքում նախատեսված է 25 միլիոն անձանց մոտ իրականացնել զարկերակային ճնշման չափում՝ դրանով իսկ նպաստելով դրա հետեւանքով հնարավոր հիվանդությունների կանխարգելմանն ու մարդկանց իրազեկման մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման արդյունավետ իրականացման համար ստեղծվել է www.sirt.am կայքը, որտեղ անանուն և կամավոր կերպով ներմուծվելու են սքրինինգային հետա­զո­տության մասնակիցների զարկերակային ճնշման տվյալները, կստեղծվի տվյալների շտեմարան, որն էլ հնարավորություն կընձեռի գնահատել զարկերակային գերճնշման տարածվածությունն ու հսկման արդյունավետու­թյունը Հայաստանում: Կայքում զետեղված են նաև զարկերակային ճնշման ճշգրիտ չափման կանոններն ու գերճնշման կանխարգելման կենսակերպային մոտեցումները:

Ակնկալվում է նաև բուժաշխատողների ակտիվ ներգրավվածությունն այս կարևորա­գույն ակցիային, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում ակտիվորեն կիրականացնեն զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերումն ու նրանց տվյալների անանուն ներմուծումը www.sirt.am կայքի շտեմարանում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook