Friday, March 29, 2024
Նորություններ

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը՝ 20-26 տարեկան, 4-ը՝ 40-44 տարեկան անձինք:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Համաճարակային իրավիճակն առավել ծանր է Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել նաև բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են և ընկալունակ վարակի նկատմամբ: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաև հիվանդության թեթև կլինիկական ընթացքը 1 դեղաչափ ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են «ոտքի վրա»՝ շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց հետ և նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաև դժվարացնելով համաճարակային շղթայի ընդհատումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook