Wednesday, April 24, 2024
Նորություններ

Հայ դոնորի բջիջներն այսօր կհասնեն Իրան՝ փրկելու երիտասարդի կյանքը

Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցել է իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող իրանցի մի երիտասարդ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Այս մասին հայտնում են Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից:

«Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն, կրոն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը: Ասօրվա մեր դոնորը Գեորգի Իլոյանն է, «Տաշիր բժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, ով լինելով մասնագիտությամբ բժիշկ իր կյանքի ուղին արդեն իսկ կապել է մարդկային կյանքերի փրկության հետ:

2001 թվականին, դեռևս Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանող էր, երբ ԵՊԲՀ-ում ավանդույթ դարձած ամենամյա դոնորագրման ժամանակ  կամավորագրվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրին՝ դառնալով ռեեստրի առաջին դոնորներից: 17 տարի անց նախնական ընտրության ժամանակ պարզ դարձավ, որ Գեորգին համատեղելի է իրանցի հիվանդի հետ: Այդ փուլում արդեն իսկ բժիշկ Իլոյանը տվեց իր համաձայնությունը՝ համատեղելիության դեպքում նվիրաբերելու ցողունային բջիջներ: Գեորգի Իլոյանը Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի կամավոր դոնորների մեջ մասնագիտությամբ առաջին բժիշկ դոնորն է և քաջ գիտակցելով դոնոր դառնալու նախապատրաստման փուլի և ցողունային բջիջների հավաքման ողջ գործընթացը, իր հերթին օգնեց լավագույնս կազմակերպելու այն:
Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Բժիշկ Իլոյանը շատ երջանիկ և հպարտ է, քանի որ իր շնորհիվ Իրանում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու և ապրելու:

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Շարիաթի բժշկական կենտրոն»,-մանրամասնում են ռեեստրից:

Տեղեկանք:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  29.000 դոնոր, ռեեստր դիմած 4485  հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook