Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հեպատիտ C-ն դատավճիռ չէ

Հեպատիտը հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը: Տարբերում ենք հեպատիտների հետևյալ տեսակները՝ աուտոիմուն, ալկոհոլային, դեղորայքային, ճարպային և վիրուսային: Վիրուսային հեպատիտի հիմնական տեսակներն են՝ հեպատիտ A-ն, B-ն, C-ն, D-ն, E- ն:

Սակայն, ինչպես նշեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ՝ Հակոբ Գրիգորյանը, առավել հայտնի վիրուսային հեպատիտներն են՝ հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն: Ներկայումս տարածված են ալկոհոլային և վիրուսային հեպատիտները, ինչպես նաև, վերջին տվյալներով բավականին մեծ տեմպերով նկատվում է ճարպային հեպատիտի քանակի աճ:

Հեպատիտ B. Վիրուսի փոխանցման հիմնական ճանապարհներն են՝ թմրանյութերի ընդունումը ներերակային ճանապարհով և սեռական ուղին: Վիրուսի բարձր տիտրն առկա է արյան մեջ, միջին տիտրը՝ սպերմայում, հեշտոցային հեղուկում և թքային սեկրետում: Հեպատիտ B-ն ընթանում է 5 փուլերով, որոնց տարբերակումը անհրաժեշտ է բուժման տակտիկան որոշելու համար, քանի որ շատ հաճախ վիրուսը կարող է ինքնասահմանափակվել և այդ ժամանակ դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի լինում:

Բժշկի խոսքով. քրոնիկ հեպատիտ B վիրուսային վարակով պացիենտների բուժման գլխավոր նպատակը ապրելիությունն ու կյանքի որակի բարելավումն է, կանխարգելելով՝ հիվանդության պրոգրեսիան, քանզի պրոգրեսիայի դեպքում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, ասցիտը, կերակրափողի և ստամոքսի վարիկոզ անոթների ձևովորումը:

Հեպատիտ C-ն հեպատիտ C- վիրուսով առաջացած վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ազդում է լյարդի վրա: Վարակի նախնական փուլն ընթանում է հաճախ մեղմ կամ անախտանիշ: Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ, մաշկի և աչքերի դեղնություն, ԱԼՏ-ի քանակի բարձրացում: Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ:

Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում, սակայն հիվանդությունը զարգանալով, հաճախ, բերում է լյարդի ախտահարման, երբեմն՝ ցիրոզի: Որոշ դեպքերում, ցիրոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները: Հեպատիտ C-ի փոխանցման հիմնական ուղին արյունայինն է, սեռական ճանապարհով փոխանցման ռիսկը զգալիորեն ցածր է, համեմատած՝ ՀԲՎ-ի և ՄԻԱՎ-ի: Ներկայումս, C-վիրուսի փոխացման ուղիների մեջ իր հստակ տեղն ունի եղունգների մշակման միջամտությունը:

Վիրուսների առկայությունը որոշվում է արյան լաբորատոր հետազոտման միջոցով։ Հեպատիտ C վիրուսային վարակը կարող է ինքնասահմանափակվել պացիենտների 15-25%–ի մոտ, որի ժամանակ հիվանդը դեղորայքային բուժման կարիք չի ունենում:

Եզրափակելով խոսքը, բժիշկը հավելեց, որ վիրուսային հեպատիտներից պաշտպանվելու մեթոդներից են՝ պաշտպանված սեռական հարաբերությունները, պատվաստումը հեպատիտ B -ի դեմ, արյունային կոնտակտի սահմանափակումը։

Հեպատիտ C-ն դատավճիռ չէ, հիվանդությունը ենթակա է լիարժեք բուժման:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook