Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հետազոտության արդյունքները չափազանց մտահոգիչ են. ուռոլոգը՝ շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2016 թվականի  սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը ներկայացնելով  իրականացված հետազոտության արդյունքները՝ նշեց, որ սկրինինգն իրականացվել է սոցփաթեթի շահառուների շրջանում:

Ծրագրի շրջանակներում 40-ից 70 տարեկան արական սեռի 2183 անձ անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ: Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:

Հայտնաբերվել են նաև միզասեռական համակարգի այլ ուռուցքային հիվանդություններ: Այսպես` 23 պացիենտի մոտ (2,5%) հայտնաբերվել է միզապարկի նորագոյացություն, 1-ի մոտ` միզածորանի նորագոյացություն, 1-ի մոտ` երիկամի նորագոյացություն:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվել է ուրոլոգի խորհրդատվություն, պրոստատ սպեցիֆիկ հակածնի հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, մեզի ընդհանուր քննություն, ուրոֆլոումետրիա:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այսօր շատ ավելի շեշտադրվում է  կանանց առողջությունը, բայց տղամարդիկ նույնպես հետազոտման և ուշադրության կարիք ունեն: Ուստի, ըստ նրա, որոշում կայացվեց թիրախային խմբում իրականացնել սկրինինգային հետազոտություն: «Արդյունքում պարզվեց, որ հետազոտված ամեն երկրորդ տղամարդ խնդիր ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին սկրինինգային ծրագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրը պետք է շարունակական լինի, բացի այդ, այն պետք է ընդլայնել՝ ընդգրկելով մարզերը: Նշենք, որ այս հետազոտությունն անցկացվել է Երևանում:

Ծաղիկ Վարդանյանը հայտնեց, որ սոցփաթեթի շահառուների շրջանում իրականացրել են վերլուծություն: Արդյունքում, ըստ նրա, ընդհանուր հիվանդությունների ցանկում  2,8 տոկոսը կազմել են շագանակագեղձի հետ կապված խնդիրները: «Դա մեզ անհանգստացրեց, քանի որ սոցփաթեթի շահառուները հիմնականում երիտասարդներ են, ռիսկային խմբում ընդգրկվծ չեն: Եւ եկանք այն եզրակացության, որ եթե այս տարիքային խմբում է նման տարածվածություն, ուրեմն թիրախային խմբում այն ավելի բարձր կլինի: Դրա համար նախարարությունը սկրինինգային հետազոտություն անցկացնելու որոշում կայացրեց»,- նշեց վարչության պետը:

Ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանն էլ ասաց, որ այս հետազոտության արդյունքները չափազանց մտահոգիչ են,քանի որ ստացվում է՝ ամեն երկրորդ տղամարդ գտնվում է բարձր ռիսկի խմբի մեջ: «Դա նշանակում է, որ հետագա տարիներին այդ տղամարդկանց մոտ կարող է զարգանալ շագանակագեղձի քաղցկեղ: Այսինքն՝ տարեկան մեկ անգամ նրանք պետք է հետազոտվեն»,- նշեց ուրոլոգը:

Հրաչիկ Պետրոսյանը նշեց նաև, որ տղամարդկանց շրջանում ամենատարածված օնկոլոգիական հիվանդություններից  մեկը շագանակագեղձի  քաղցկեղն է: Հիվանդության սկզբնական փուլերում նախանշաններն ու անհանգստությունները համարյա աննկատ են: Հենց սա է պատճառը, որ հիվանդությունն ամբողջ աշխարհում հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում: Ուստի, ըստ նրա, որքան վաղ է հայտնաբերվում  քաղցկեղը, այնքան ավելի մեծ է լիարժեք ապաքինման հնարավորությունը:

Ըստ մասնագետի՝ այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` տարիքը, ժառանգականությունը, ծխախոտը, գիրությունը: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի ժամանակ ռիսկային գործոնը կրկնապատկվում է:

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook