Wednesday, April 24, 2024
Նորություններ

Հետազոտությունները մարդու պապիլոմայի վիրուսի պատվաստանյութի լուրջ կողմնակի հետեւանքներ չեն հայտնաբերել. մասնագետ

Գիտությունն ու ապացուցողական բժշկությունը պետք է ոչ թե առանձին գիտնականների կարծիքի վրա հիմնվեն, այլ գիտական հետազոտությունների արդյունքների։ Առանձին մարդիկ դեմ են մարդու պապիլոմայի վիրուսի պատվաստմանը, սակայն գիտական հետազոտությունները ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն այդ պատվաստանյութի մոտ չեն հայտնաբերել։ Այս մասին «Ազատություն» ռ/կ–ի ֆեյսբուքյան ասուլիսի  ժամանակ ասել է Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ 133 կլինիկական, ռանդոմիզացված, կոգորտային եւ այլ հետազոտությունների հիման վրա ԱՀԿ–ն կազմել է պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության փաստաթուղթ։ Դրա համաձայն՝ պատվաստանյութի միլիոն չափաբաժնին բաժին է ընկնում մոտ 1.7 անաֆիլակտիկ շոկի դեպք։ Եղել են նաեւ սթրեսից եւ ներարկումներից ունեցած վախի պատճառով ուշագնացության դեպքեր։ Որեւէ այլ լուրջ կողմնակի հետեւանք, ըստ ԱՀԿ–ի, չի գրանցվել, ուստի պատվաստանյութն անվտանգ է համարվում։

Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումից հետո պացիենտների մոտ կարող է սպասելի ռեակցիա առաջանալ, օրինակ, ներարկման տեղում ցավ, բարձր ջերմություն եւ այլն։ Անաֆիլակտիկ շոկի կամ ուժեղ ալերգիկ ռեակցիաները, որպես կանոն, կապված են ոչ թե պատվաստման, այլ մարդու օրգանիզմի առանձնահատկությունների հետ։ Բացառված չէ, որ օրգանիզմը նման ռեակցիա կտար ցանկացած այլ պատվաստանյութի։

Անդրադառնալով պատվաստանյութի 50 000 զոհերի մասին լուրերին, որոնց մասին սոցցանցերում շատ հրապարակումներ կան, մասնագետը նշեց, որ գաղափար չունի, թե որտեղից են հայտնվել այդ թվերը։ ԱՄՆ–ում 2012 թվականի դրությամբ  օգտագործվել է մոտ 35 մլն չափաբաժին, եւ գրանցել է կողմնակի հետեւանքների 17 827 դեպք, ինչը 0.1 տոկոսից էլ պակաս է։

Ավելին՝ մասնագետը նշեց, որ որոշ մարդիկ պնդում են, թե պատվաստումից հետո որոշ պացիենտների մոտ նյարդային, աուտոիմուն եւ այլ խանգարումներ են գրանցվել։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ նման խանգարումների դեպքերը  պատվաստված եւ չպատվաստված մարդկանց մոտ նույնն են։ Հետեւաբար այդ խանգարումները պատվաստման հետ կապ չունեն։

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում կիրառվելու է աղջիկների համար՝ 13 տարեկանից սկսած։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook