Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին Աստվածային փառքով երևման, որը նկարագրում են Ավետարանները: Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու։ Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և աշակերտներին երևում աստվածային փառքով։Այստեղից և տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը պատվեր է սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները և հետևել դրանց:

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` Եկեղեցու հինգ տաղավար տոներից: Տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն ու մաքրագործումն է:

Մաքրագործումը հիմնականում դրսևորվել է ջրցանությամբ: Վաղ առավոտից մարդիկ իրար վրա ջուր են լցրել՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Մինչև անգամ  չխոսկան հարսները այդ օրը ջուր են լցրել տան ավագների վրա, ու ոչ ոք չի դժգոհել կամ վիրավորվել. դա ապացույցն է այն խոնարհության, որով հայ մարդը ցույց է տվել, որ պատրաստ է ընդունել սեփական սխալներից մաքրագործումը՝ ում ձեռքից էլ այն լինի: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Այս օրը սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից։

Վարդավառը նաև միավորելու, ընտանիքի անդամներով հավաքվելու, խորհուրդն ունի․ տոնին ավանդաբար մատաղ է մատուցվում, այսինքն տրվում է գթասրտության զոհաբերություն։ Ավետարանում ասված է. «Եվ երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հյարության օրը» (Ղուկաս 14:12-14):Ծիսական ուտեստը խորոված խնձորն էր: Հայերը պարտադիր գիշերը խարույկ էին վառում` խնձոր խորովում և տոնական ծառ պատրաստում, իսկ եկեղեցու դռները զարդարվում էին խնձորներով, վարդերով ու վարունգներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook