Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հոդատապ

Հոդատապը կամ պոդագրան պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով զարգացող հիվանդություն է, որի ժամանակ հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվային բյուրեղներ, նրանց նկատմաբ օրգանիզմի բուռն հակազդումով։ Նշանակություն ունեն ինչպես ժառանգական, այնպես էլ սննդային գործոնները։ Տարածվածությունը կախված է սննդային սովորություններից։ Հիմնականում հիվանդանում են 30 տարեկանն անց տղամարդիկ։Հոդատապը կարող է հանդիպել մի շարք ձևերով, չնայած ամենատարածվածը հոդատապային հոդաբորբի խրոնիկական սուր նոպաներով ընթացքն է (մաշկի կարմրածություն, արտահայտված ցավ, բորբոքված վիճակ, հոդերի այտուցվածություն)։ Ոտնաթաթի բութ մատի հիմքի նախագարշապար-մատնոսկրային հոդը ամենահաճախ ախտահարվող հատվածն է, որն արձանագրվում է դեպքերի կեսում։ Այլ հոդեր, ինչպիսիք են կրունկները, արմունկները և ծնկները, դաստակները և ձեռքի մատները, նույնպես կարող են ախտահարվել։ Հոդացավերը սովորաբար սկսում են գիշերային ժամերին՝ 2–4  ժամվա ընթացքում։ Գիշերային ակտիվության պատճառը մարմնի ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմն է։ Այլ հազվադեպ ախտանշաններն են հոդացավերը, ինչպես նաև հիվանդի շուտ հոգնելը և բարձր ջերմային տենդը։

220px-gichtfuss_im_roentgenbild_002Հոդատապի առաջացումը մասամբ գենետիկական ծագում ունի, որտեղ փոփոխականությունը միզաթթվի մակարդակի վրա ազդող գործոնների թվում մոտ 60% է կազմում։ Երեք գեներ, որոնց անվանումներն են SLC2A9, SLC22A12 և ABCG2, հաճախ համարվում են հոդատապի առաջացման պատասխանատուներ և դրանց համատեղ առկայությունը կրկնակի մեծացնում է հիվանդության հավանականությունը։ SLC2A9 և SLC22A12 գեների գործառնության լրիվ կորստի դեպքում ուրատների նվազ ներծծման և ուրատների անարգել սեկրեցիան առաջանում է ժառանգական հիպերուրիկեմիա։ Հոդատապը հաճախ ուղեկցվում է այլ հիվանդությունների հետ։ Մետաբոլիկ սինդրոմը, որովայնային ճարպակալում, հիպերտոնիա, ինսուլինային դիմադրության և ոչ նորմալ լիպիդային արտադրության համատեղ գործողությունը, հանդիպում են մոտավորապես 75% դեպքերում։Այլ հիվանդություններ, որոնք բարդանում են հոդատապի հետևանքով` պոլիցիտեմիա, կապարային թունավորում, երիկամային անբավարարություն, հեմոլիտիկ անեմիա, պսորիազ և տրանսպլանտատներ։ Մարմնի զանգվածի ինդեքսի 35 և ավելի նիշից բարձր լինելը եռակի մեծացնում է հոդատապով հիվանդանալու հավանականությունը։ Խրոնիկական կապարային թունավորումն ու կապարային թունավորմամբ ալկոհոլը ռիսկային գործոններ են հոդատապի համար, քանի որ դրանք վնասակար ազդեցություն ունեն երիկամների գործունեության վրա։ Լեյշ-Նայխանի համախտանիշը հաճախ ուղեկցվում է հոդատապային արթրիտով։

Տարբերում են սուր հոդատապային հոդաբորբ, մեջընդմիջվող հոդատապ, խրոնիկական հոդատապ և հոդատապի արտահոդային ախտահարումները։

Տարբերում են հիվանդության հետևյալ տարատեսակները՝

թեթև,

միջին ծանրության,

ծանր:

Բնորոշ դեպքերում հոդատապը սկսվում է սուր հոդատապային հոդաբորբով։ Այդ նոպան կարող է սկսվել գերսնումից, ալկոհոլի օգտագործումից, ֆիզիկական և հոգեբանական գերբեռնումից, վնասվածքից, մրսելուց և այլ սադրող գործոններից հետո։ Նոպան սովորաբար սկսվում է հանկարծակի, բուռն, որպես օրենք՝ գիշերով։

Հիվանդության թեթև ընթացքի պարագայում, երբ հոդաբորբի նոպաներն առաջանում են տարեկան 1-2 անգամ, բնորոշ է միահոդային ախտահարումը։ Կարող են հայտնաբերվել միայն եզակի տոֆուսներ։ Հոդերում ռենտգենաբանական փոփոխությունները նվազագույն են։

Հիվանդության միջին ծանրության դեպքում հոդաբորբային նոպաների տարեկան հաճախությունը հասնում է 3-4-ի, առավել հաճախ դիտվում է օլիգոարթրիտ, տոֆուսները հաճախ են դիտվում, հստակ նշմարվում են հոդերի ռենտգենաբանական փոփոխությունները։

Ծանր ընթացքի ժամանակ նոպաների հաճախությունը 4-ից ավել է, տոֆուսները բազմաթիվ են, առկա են արտահոդային ախտահարումները։

Բուժման ժամանակ մեծ նշանակություն ունի սննդակարգը։ Այն պետք է լիարժեք լինի, սակայն ցանկալի է չափավոր իջեցնել կալորիականությունը, կտրուկ սահմանափակելով պուրիններով հարուստ սննդամթերքները։ Ճարպերի քանակությունը սննդակարգում սահմանափակում են մինչև 1գ/կգ/օր, սպիտակուցներինը՝ 0.8, աղը՝ 3-4 գրամ շուրջօրյա։ Բացառում են մսի արգանակի, լյարդի, երիկամի, ուղեղի, թրթրնջուկի, գազարի, սպանախի, լոբազգիների օգտագործումը, իսկ միսը կամ ձուկը, այն էլ միայն եփված վիճակում թույլատրում են շաբաթական 1 անգամ 100 գրամ։ Նպատակահարմար է հիմնային հանքային ջրերի առատ օգտագործումը, ընդհանրապես պետք է ավելացնել հեղուկների օգտագործումը մինչև օրական 2-3 լիտրի։ Ալկոհոլը հակացուցված է։                                                                                                                                                                                                       Բուժման առաջնային նպատակը հոդատապի սուր նոպայի ախտանշանների վերացումն է։Նոպաների կրկնությունը կարելի է կանխարգելել միզաթթվի ազոտական աղերի մակարդակի նվազեցման համար նախատեսված զանազան դեղամիջոցներով։ Օրվա ընթացքում մի քանի անգամ 20-ից 30 րոպեով “սառցե թերապիայի” կիրառումը զսպում է ցավը։ Արագ բուժման համար նախատեսված դեղամիջոցներ են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (NSAIDs), կոլխիցինը և ստերոիդային դեղամիջոցները, մինչդեռ կանխարգելիչ դեղամիջոցների շարքին են դասվում ալոպուրինոլը, ֆեբուքսոստատ և պրոբենեցիդը։ Միզաթթվի մակարդակի իջեցումը կարող է բուժել հիվանդությունը։ Կոմորբիդության բուժումը էական նշանակություն ունի։

Հոդատապի առաջնային կանխարգելումը նախ և առաջ ռացիոնալ սնվելն է, ընտանիքում սննդի կուլտուրա դաստիրակելը, մանավանդ այն ընտանիքներում, որոնցում եղել են հոդատապով տառապողներ, ալկոհոլի արգելում, մանավանդ կարմիր գինու և շամպայնի, ճարպակալման կանխարգելումը և այլն։ Երկրորդային կանխարգելումը կանխատեսում է հոդատապի վաղ հայտնաբերումը և բուժումը, հոդատապային նոպաների կանխումը, արտահոդային երևույթների, մանավանդ նեֆրոպաթիայի դեմ պայքարը։

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook