Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

«Երբեք կյանքը աչքումս այնքան արժեք, այնքան կարեւորություն չի ունեցել, ինչքան հիմա,- գրել է Թումանյանը կյանքի վերջին օրերին:- Ա˜խ, ինչպես կուզեի մի տասը տարի էլ ապրեմ, սիրուն արեւի տակ ման գամ, մի քանի բան ստեղծեմ… Երանի սուտ բան չլիներ հանդերձյալ կյանք ասած բանը, մարդ գնար էն կյանքում իր սիրած հոգիների հետ խոսեր, քաղցր զրույց աներ… Գնալու եմ Մոսկվա, երբ ապաքինված վերադառնամ, կգնամ Շուլավեր ապրելու, մի խումբ գրողներ կհավաքվենք, տպարան էլ կբանանք Գուգարքում…»:
Արվեց հնարավորն ու անհնարինը բանաստեղծի կյանքը փրկելու համար: Ավա˜ղ… 1923 թ. մարտի 23 -ի ուրբաթ օրը, առավոտյան ժամը ինն անց տասը րոպեին ընդմիշտ փակվեցին Թումանյանի աչքերը: Արեգը հոր խնամքի համար Մոսկվայում գտնվող քույրերին` Աշխենին ու Նվարդին, ուղարկում է ծանոթների մոտ եւ դուրս է գալիս հիվանդանոցից: Բայց սիրտը չի դիմանում, քիչ անց վերադառնում է հիվանդանոց` մի ամբողջ գիշեր անցկացնում մահացած հոր մոտ:
Մարտի 24-ի երեկոյան բանաստեղծի դին տեղափոխում են Մոսկվայի պետհամալսարանի անատոմիկում: Դիահերձումն ու զմռսումը կատարում է համալսարանի պրոֆեսոր, Անատոմիկումի տնօրեն Պ. Ի. Կարուզինին: Դիահերձմանը ներկա է լինում նաեւ Արեգը, ով հետո եղբորը` Համլիկին ուղղված նամակում է գրում. «Ես մի քայլ արի… ես հայրիկի սիրտը գողացա… էն սիրտը, որը գրկում էր ամբողջ աշխարհը… որպեսզի այն միշտ մեզ հետ լինի, մեր տանը»: Իսկ ինչ ճակատագրի արժանացավ Թումանյանի սիրտը: Երկար տարիներ բանաստեղծի սիրտը նրա սիրելի առանձնասենյակում էր` պատից կախված մի փոքրիկ պահարանում: Հարազատները, հատկապես թոռները, երբ մտնում էին առանձնասենյակ, աշխատում էին չնայել պահարանի կողմը: Բանաստեղծի սիրտը Երեւան են բերում մի դիպվածից հետո: Մի անգամ Իսահայկանը հյուրընկալվում է Թումանյանի տանը եւ մնում է գիշերելու: Որպես պատվավոր հյուրի` օթեւան են տալիս Թումանյանի առանձնասենյակում: Երբ պատահմամբ Իսահակյանն իմանում է սրտի մասին, շատ է անհանգստանում, ողջ գիշեր չի քնու ու քայլում է սենյակում: Տեսնելով, որ այլեւս չի դիմանում, ուղղակի փախչում է այնտեղից: Այս մասին իր հուշերում ահա թե ինչ է գրում Պահարեն. «Մենք ապրում էինք շատ մոտիկ` ես եւ Թումանյանները: Առավոտ վաղ Վարպետը բացեց իմ դուռը: Նա զայրացած էր մինչեւ հոգու խորքը, այնքան , որ չէր կարողանում նույնիսկ խոսել, ինչպես ասում են` աչքերից կայծեր էին ցայտում: Երբ փոքր-ինչ հանգստացավ, հարցրի հուզմունքի պատճառը: «Վայրենի բան է ,- հուզված ասաց նա,- իմ ընկերոջ` Հովհաննես Թումանյանի սիրտը պահել են սպիրտի մեջ, մի փոքրիկ ցանցավոր պահարանում: Հասկանու՞մ ես, Թումանյանի սիրտը: Դա զարհուրելի է»: Պահարեն մի կերպ հանգստացնում է Իսահակյանին` ասելով, որ սիրտը ուսումնասիրության համար է պահված, եւ առաջարկում է նրան գիշերել իր տանը: Իսահակյանը սիրով ընդունում է առաջարկությունը եւ գիշերում է Պահարեի առանձնասենյակում: Այս դեպքից հետո Թումանյանի սիրտը տեղափոխում են Երեւանի բժշկական ինստիտուտի Անատոմիկումի թանգարան: Թումանյանի հարազատների պահանջով 1994 թվականին, բանաստեղծի ծննդյան 125-ամյակին, այն իր վերջին հանգրվանն է գտնում Դսեղում` բանաստեղծի հայրական տան առաջ: Բանաստեղծը միշտ էլ երազել էր թաղվել հայրենի Լոռիում` այդքան սիրելի լեռների ստորոտին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook