Thursday, March 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հուզական այրման համախտանիշ բուժաշխատողների մոտ: Ինչպե՞ս ելք գտնել

Բժշկի ամենօրյա աշխատանքը ենթադրում է ինտենսիվ հուզական շփում հիվանդների հետ: Սա մի հզոր գործոն է, որը բժշկի մոտ ձևավորում է քրոնիկ սթրես, դրան հաջորդում է մասնագիտական ուժասպառությունը, որն էլ արտացոլում է առկա մասնագիտական ճգնաժամը։

«Հուզական այրման համախտանիշ» եզրույթը ստեղծվել և առաջին անգամ կիրառել է 1974թ.-ին ամերիկացի հոգեբույժ Հ. Ֆրոյդենբերգի կողմից՝ հուզականորեն հագեցած մթնոլորտում, հաճախորդներին ինտենսիվ մասնագիտական օգնություն ցուցաբերող մարդկանց հոգեբանական վիճակը բնութագրելու համար:

Հուզական այրումը հաճախ արտահայտվում է ֆիզիկական թուլությամբ և աշխատունակության անկմամբ: Այս առումով առողջապահական համակարգի աշխատակիցներն ամենախոցելիներից են:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բժիշկների շրջանում ինքնասպանությունների թիվը տատանվում է 28-ից 40 դեպքերի՝ 100 հազար մարդուց: Հատկապես խոցելի են կին բժիշկները: Նրանց մեջ ինքնասպանությունների թիվը 4 անգամ ավելի է, տղամարդ բժիշկների շրջանում` 2 անգամ:

Հուզական այրման վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը լույս է տեսել 1976թ-ին: Հեղինակը` Կ. Մասլաչը, «հուզական, հյուծվածությունը» բնորոշել է, որպես աշխատավայրի հանդեպ անհարմարվողականություն՝ ծանրաբեռնվածության և միջանձնային ոչ ադեկվատ հարաբերությունների պատճառով։ 1981թ.-ին Կ. Մասլաչը կատարելագործեց իր բնորոշումը` սահմանելով այս ֆենոմենը որպես հուզական հյուծվածության հատուկ վիճակ։

Հուզական այրման համախտանիշն ունի երեք դրսևորումներ.

Հուզական հյուծվածություն. հուզական հյուծվածության և հոգնածության զգացում է, որն առաջացել է սեփական աշխատանքի արդյունքում:
Ապանձնացում. ցինիկ, անտարբեր վերաբերմունք է աշխատանքի նկատմամբ:
Մասնագիտական նվաճումների նվազում. մասնագիտական ոլորտում անաշխատունակության զգացողության առաջացումն է և դրանում ձախողումների գիտակցումը:

Անկառավարելի սթրեսի հիմնական ախտանշաներն են.

  • Հոգնածություն, ուժասպառություն լարված մասնագիտական գործունեությունից հետո:
  • Սոմատիկ խնդիրներ (արյան ճնշման տատանումներ, գլխացավեր, մարսողական և սրտանոթային համակարգի հիվանդություններ, անքնություն:
  • Հիվանդների նկատմամբ բացասական վերաբերմունքի ի հայտ գալը։
  • Բացասական վերաբերմունք աշխատանքի նկատմամբ:
  • Ագրեսիվ հակումներ (զայրույթ և դյուրագրգռություն գործընկերների և հիվանդների նկատմամբ):
  • Բացասական վերաբերմունք ինքն իր անձի նկատմամբ:
  • Անհանգստություն, հոռետեսական տրամադրություն, դեպրեսիա, ընթացիկ իրադարձությունների հանդեպ անիմաստության զգացում, մեղավորություն:

Մասնագիտական այրման խնդիրը բնորոշ է ոչ միայն բժիշկներին, այլև բուժքույրերին: Ուսումնասիրությնները ցույց են տվել, որ բուժքույրերի 55.4%-ը ունի հյուծման հակում, ինչպես նաև աշխատանքի հետ կապված հուզական բողոքներ: Այս տարի համաճարակաբանական իրավիճակը ցույց է տվել, որ կորոնավիրուսային համաճարակի համատեքստում առողջապահության ոլորտի աշխատողները դարձել են բնակչության ամենախոցելի խավը` ծանրաբեռնվածության, ֆիզիկական ուժասպառության, վախի ձևավորման, հուզական խանգարումների և քնի հետ կապված խնդիրների պատճառով։

Սթրեսը վերահսկելու և հաղթահարելու միջոցներից մեկն ինքներդ ձեր մասին հոգ տանելն է: Բժշկական հաստատություններում մասնագետները հոգ են տանում հիվանդների մասին, բայց անտեսում են իրենց և իրենց առողջությունը:
Սա ստեղծում է օտարման իրավիճակ, որն ընկալվում է որպես լիովին «նորմալ» երևույթ և համարվում է, որ դա նրանց մասնագիտական ընտրության մի մասն է։
Բժշկությունը լավ աշխատանքային պայմաններ և բարձր աշխատավարձ ենթադրող ոլորտ է, որն էլ իր հերթին խրախուսում է մասնագետներին բարձրացնել իրենց նվիրվածությունն ու վճռականությունը, ինչը նվազեցնում է անձնական կյանքին և խնամքին ժամանակ տրամադրելու հնարավորութրյունը: Հետևաբար, երբ մարդը սկսում է գիտակցել այս իրականությունը, նա ունենում է հիասթափության ուժեղ զգացում։

Այսպիսով, առողջապահական ոլորտի աշխատողների սթրեսը բացասաբար է ազդում նրանց մասնագիտական գործունեության և հիվանդների վրա: Ահա մասնագիտական այրման կանխարգելման և ռիսկի նվազեցման համար առաջարկվող 8 խորհուրդներ,

  • Փորձեք փոքր ինչ «հեռանալ» ձեր զբաղեցրած դիրքից:
  • Ճիշտ կազմակերպեք ձեր օրվա գրաֆիկը  և հատկապես՝ ազատ ժամանակը. Գնացեք կինոթատրոն, ցուցահանդեսներ, որքան էլ որ հոգնած եք:
  • Փորձեք երեկոյան աշխատանքային խնդիրների մասին չխոսել և չմտածել. Երեկոն ձեր անձնական ժամանակն է, որը կարող եք ծախսել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքի համար:
  • Ավելի շատ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր գործնական հարաբերությունների մեջ չեն ձեզ հետ
  • Ֆիզիկական վարժություններ կատարեք,դա կօգնի ազատվել սթրեսից:
  • Խմեք շատ ջուր, սնվեք կանոնավոր և առողջ:
  • Ճիշտ շնչեք. Խորը շնչառությանը թուլացնում է մարմինը;
  • Միշտ ժամանակ հատկացրեք ճիշտ և բավարար քնելուն:

Նյութը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook