Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մաշկաբանը ներկայացրել է՝ ինչպես է ալկոհոլն ազդում մաշկի վրա

Ալկոհոլը խիստ վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի բոլոր համակարգերի ու օրգանների վրա և մաշկը նույնպես բացառություն չէ: Մաշկաբան Դեբի Թոմասի խոսքով՝ այն ոչ միայն ազդում է մաշկի գույնի վրա և հանգեցնում է այտուցման, այլև կարող է դառնալ աչքերի տակ մուգ շրջանակների, մաշկի կարմրածության ու բշտիկների առաջացման պատճառ:

Մասնագետի խոսքով՝ մաշկի սպիացումն ալկոհոլային ըմպելիքների հնարավոր տհաճ հետևանքներից միայն մեկն է: Ալկոհոլի հետևանքով առաջացած ջրազրկումն այնքան է վնասում մաշկը, որ ժամանակի ընթացքում այն կարող է դադարել նոր բջիջներ արտադրել: Երկարատև ջրազրկումը կարող է դառնալ կնճիռների առաջացման, ինչպես նաև մաշկի գույնի խամրածության, մուգ շրջանակների առաջացման ու մաշկի պաշտպանական գործառույթների թուլացման պատճառ: Մաշկի պաշտպանական գործառույթների թուլացումն իր հերթին կհանգեցնի մաշկի զգայունության բարձրացման: Արդյունքում ցանկացած գրգռիչ գործոն կարող է հանգեցնել բծերի ու կարմրածության, իսկ խորացված դեպքերում այտուցները կարող են մեկընդմիշտ պահպանվել:

Ալկոհոլի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար հարկավոր է դրա օգտագործման հետ մեկտեղ մեծ քանակությամբ ջուր ու բուսական թեյեր օգտագործել, ինչպես նաև խուսափել վնասակար մթերքից: Բացի այդ, հարկավոր է նախապատվությունը տալ քիչ քանակությամբ շաքար պարունակող ալկոհոլային ըմպելիքներին, քանի որ դրանք շատ ավելի վնասակար են օրգանիզմի համար:

Ալկոհոլի գործածության դեպքում մաշկի վրա բացասաբար կարող է ազդել նաև վատ քունը: Բանն այն է, որ քնի ժամանակ մաշկը հանգստանում է, մինչդեռ հանգստի պակասի դեպքում այն խամրում է, ինչպես նաև չի հասցնում լիովին կարգավորվել, ուստի դառնում է շատ ավելի յուղոտ կամ շատ ավելի չոր: Նման դեպքերում վիճակը կարելի է բարելավել սառույցի կտորի օգնությամբ, որով հարկավոր է մերսել մաշկը արյան շրջանառության խթանման համար:

Մաշկի վրա բացասաբար ազդող գործոններից մեկն է ալկոհոլի մեջ շաքարի բարձր մակարդակը: Բանն այն է, որ շաքարը բորբոքումներ է առաջացնում՝ նպաստելով կոլագենի քայքայմանը, ինչպես նաև խոչընդոտում է բջիջների թարմացմանը, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ կնճիռների առաջացման:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook