Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մաշկային որ խնդիրներից է հնարավոր ազատվել հալվե վերայի միջոցով

Հալվե վերան ամենատարածված դեղաբույսերից մեկն է, որը լայն կիրառում ունի ինչպես բժշկության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում։ Իր խոնավացնող հատկություններով հայտնի այս բույսի գելը հաճախ է ներառվում մաշկի խնամքի համար նախատեսված տարատեսակ միջոցների բաղադրության մեջ, սակայն մաշկի խոնավացումն ու սնուցումը հալվե վերայի միակ առավելությունը չէ։ Այս բույսը պայքարում է մաշկային տարբեր խնդիրների դեմ՝ օգնելով ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ, մինչդեռ ոչ բոլորին են հայտնի դրա օգտակար հատկությունները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հալվե վերայի ամենաօգտակար հատկություններն ու այն մաշկային խնդիրները, որոնցից կարելի է ազատվել այս բույսի օգնությամբ։

Ազատում է գրգռվածությունից

Հալվե վերայի գելը հիանալի միջոց է մաշկի գրգռվածությունից ու կարմրությունից ազատվելու համար։ Ամերիկացի մաշկաբան Ջենիֆեր Գորդոնի խոսքով՝ այս գելը պարունակում է օգտակար միացություններ, որոնք ճնշում են բորբոքումները։ Բացի այդ, հալվեն պարունակում է նաև բնական ցավազրկող նյութ, ինչի շնորհիվ մեղմում է տհաճ զգացողությունները։

Պայքարում է բշտիկների դեմ

Այս բույսի գելն օժտված է ոչ միայն հակաբակտերիալ հատկություններով, այլև պարունակում է սալիցիլաթթու, որն օգնում է մաքրել մաշկի ծակոտիներն ու ճարպագեղձերի վրա հակաբորբոքային ազդեցություն է ունենում՝ այդ կերպ բուժելով բշտիկներն ու կանխելով նորերի առաջացումը։

Մեղմում է պսորիազի դրսևորումները

Հալվե վերայով քսուքները կարող են շատ արդյունավետ լինել նաև պսորիազի տհաճ դրսևորումները՝ քորը, թեփոտվածությունը, կարմրությունն ու բորբոքումները մեղմելու համար։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ լուրջ ախտահարումների դեպքում այն անարդյունավետ կլինի, ուստի նման դեպքերում հարկավոր է դիմել մասնագետին ու հետևել նրա ցուցումներին։

Օգնում է բուժել հերպեսը

Հերպեսը կարող է բավական ցավոտ զգացողություններ առաջացնել, սակայն հալվե վերայով քսուքները կօգնեն մեղմել ցավը։ Բացի այդ, այս բույսի գելն օժտված է հակավիրուսային հատկություններով, որոնց շնորհիվ նպաստում է ախտահարված մաշկի արագ ապաքինմանը։

Խթանում է վնասվածքների ապաքինման գործընթացը

Ամերիկացի մաշկաբան Դևիդ Լորչերի խոսքով՝ հալվե վերան պարունակում է բնական հակասնկային, հակաբակտերիալ ու հակավիրուսային նյութեր, որոնց շնորհիվ խթանում է մաշկային վնասվածքների ապաքինման գործընթացը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook