Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մաշկի խնամքը գարնանը

«Գարնանային արեւը մաշկի համար ամենավատ եւ ակտիվ ճառագայթներ ունեցող արեւն է, ուստի պետք է մարտ ամսից սկսած օգտագործել արեւապաշտպան SPF քսուքներ»,- ասում է «Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբան-վեներոլոգ, կոսմետոլոգ Կարինե Շահվերդյանը: Doctors.am-ը զրուցել է նրա հետ դեմքի գարնանային խնամքի առանձնահատկությունների մասին:

Մեր խնդրանքով Կարինե Շահվերդյանը ներկայացրեց մաշկի խնամքի եւ երիտասարդացման պրոցեդուրաներ, որոնք վիրահատական միջամտություններ չեն պահանջում:

Ձմռանը մենք բոլորս մեր ժամանակի մեծ մասն անցկացնում են փակ տարածություններում, որոնք տաքացվում են: Դրա արդյունքում, բնականաբար, օդը չորանում է, եւ օդի չորությունից մեր մաշկն էլ է չորանում: Երբեմն ձմռանից հետո նկատվում է մաշկի գրգռվածություն, ուստի գարնանը դեմքի մաշկի խնամքն ամենապահանջված պրոցեդուրաներից է: Այդ պրոցեդուրաները լինում են ինչպես թերապեւտիկ, այնպես էլ կոսմետիկ:

Գարնանային բոլոր պրոցեդուրաներն սկսվում են դեմքի մաքրումից, որն ավելի քիչ տրավմատիկ է:

Հաջորդ պրոցեդուրան, որն այս սեզոնին ամենաշատն են կիրառում, պիգմենտացիայի բուժումն է՝ մինչեւ արեւի ակտիվ ճառագայթները: Մեր կենտրոնում այդ նպատակով իրականացվում են ֆոտոերիտասարդացում, պիլինգներ, մեզոթերապիա եւ պլազմոթերապիա:

Պիլինգներն արվում են ե՛ւ պիգմենտացիայի բուժման, ե՛ւ մաշկի խոնավեցման ու մաշկի որակի լավացման համար: Պիլինգի արդյունքում մաշկի վերին շերտը շերտազատվում է եւ սկսում ռեգեներացիայի ենթարկվել:

Սրանք ոչ ներարկումային, թերապեւտիկ կոսմետոլոգիայի պրոցեդուրաներն են, ինչ վերաբերվում է ներարկումային կոսմետոլոգիային, ապա դրանց մեջ մտնում է՝

  • մեզոթերապիա. հատուկ վիտամինային կոկտեյլների, հիալուրոնաթթվի ներարկումներ մաշկի միջին շերտ, որի արդյունքում մաշկը ներսից սնուցվում է եւ խոնավեցվում, դառնում ավելի փայլուն եւ սպիտակ: Այս պրոցեդուրան հիմնականում խորհուրդ է տրվում 25 տարեկանից բարձր կանանց:
  • պլազմոթերապիա. պացիենտի սեփական արյան պլազմայի ներարկում:
  • բիոռեվիտալիզացիա. բիոնորոգում հիալուրոնաթթվի միջոցով, որը մեր մաշկին տալիս է փայլ եւ տոնուս, լավացնում մաշկի որակը: Այս պրոցեդուրան կիրառվում է նաեւ ակնեի բուժման որոշ էտապներում: Խորհուրդ է տրվում հիմնականում 35 տարեկանից բարձր պացիենտներին:

Հարկ է նշել, որ բոլոր պրոցեդուրաները կուրսային են՝ 3-5 պրոցեդուրա, 2-3 շաբաթը մեկ կրկնությամբ:

Հակացուցումներ

Կոսմետոլոգիական միջամտությունների առաջին հակացուցումներից են`

  • հղիությունը
  •  կրծքով կերակրումը
  •  ուռուցքային հիվանդությունները
  •  որոշ հիվանդություններ՝ սուր ֆազայում
  •  շաքարային դիաբետ
  •  աուտոիմուն եւ վիրուսային հիվանդությունները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook