Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մաշկի վրա անհանգստացնող փոփոխություն նկատելու դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի

Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են։ Դրանք կարող են լինել և՛ արտաքին գործոնների, շրջակա միջավայրի տրավմատիկ ազդեցությունը, և՛ ներքին, իմունային և էնդոկրին համակարգերի խանգարումները: Ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներն  ու մի շարք այլ  խնդիրներ ևս ազդում են մաշկի վրա:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ երբ որևէ մեկը տեսնում է որևէ  փոփոխություն իր մաշկի վրա, որը նախկինում չի եղել և որը իրեն  անհանգստացնում է,  պետք է անպայման  դիմի մասնագետի:

«Միգուցե, այդ խնդիրը  դեռ  հիվանդություն չի ձևավորել և բուժման անհրաժեշտություն չկա, բայց նման դեպքում ունենք մի վիճակ, որը պահանջում է մաշկաբանի խորհրդատվություն: Պետք է մաշկաբանը նշի, որ այստեղ խնդիր չկա և դուք առողջ եք, այլ ոչ թե ինչ-որ բլոգեր կամ համացանցից հայտնի մեկը: Մասնագետը պետք է որոշի այլ օրգանների խնդիրների առկայությունը և այլ մասնագետների, համապատասխան անալիզների և հետազոտությունների անհրաժեշտությունը»,- ասաց բժիշկը:

Մաշկաբանն ընդգծեց՝ առողջ և երիտասարդ մաշկ ունենալու համար յուրաքանչյուրը պետք է նախ սիրի իր մաշկը. այն անընդհատ ենթարկվում է արտաքին միջավայրի ազդեցության:

 «Նախ պետք է իմանաք, թե  մենք ինչ խնամքի միջոցներ ենք օգտագործում, որոնց մեջ ոչ միայն տարբեր տեսակի քսուքներն են, այլ օրինակ օճառները. շատերը սիրում են 72 տոկոսանոց վատ հոտով օճառները օգտագործել՝ ենթադրելով, որ դրանք օգտակար են, բայց այն շատ վատ պրոդուկտ է:  Մաշկի ճիշտ խնամքը շատ կարևոր է:

Հաջորդը սննդակարգի պահպանումն է, օրինակ՝  քաղցրի սահմանափակումը միանշանակ փոխում է մաշկի որակը: Ծխախոտի սահամանափակումը ևս փոխում է մաշկի որակը,  քանի որ արդեն  ապացուցված փաստ է, որ առաջին օրգանը, որը փոխում է իր ձևը, դա մաշկն է. ծխախոտից հրաժարվելուց հետո առաջին փոփոխությունը մենք նկատում ենք հենց  մաշկի վրա: Սպորտը մաշկի էլաստիկությունը ապահովելու լավագույն տարբերակներից մեկն է, տարբեր նյութեր մաշկի մեջ ներարկելու փոխարեն կարելի է ուղղակի մի քիչ սպորտով զբաղվել»,- ասաց Հովհաննիսյանը:

Մաշկաբանը ընդգծեց, որ առհասարակ մաշկը պետք է սիրել, մաշկը փորձադաշտ չէ, և անգամ այն կնճիռները, որոնք առաջանում են տարիքի հետ շատ ավելի գեղեցկացնում են մարդուն. պետք չէ մաշկը դարձնել փորձադաշտ, որտեղ պետք է գումար ծախսել և շտկել:

«Մեր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս  չխուսափել մաշկաբանի հետ խորհրդակցելուց: Երկրորդը՝ ոչ միայն մաշկաբանական, այլ առհասարակ ոչ մի  խնդրի  դեպքում ինքնաբուժությամբ մի զբաղվեք: Եվ հիշենք մի շատ կարևոր փաստ, որ միայն առողջ մարդը կարող է լինել գեղեցիկ, եթե ուզում եք գեղեցիկ լինել, ունեցեք առողջ մաշկ»,- նշեց մասնագետը:

Մաշկային մի շարք հիվանդությունների մասին և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն կարող եք  ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook