Friday, March 29, 2024
Նորություններ

Մասնագետը նշել է՝ օրական որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին

Ամռան տապին առողջական խնդիրների բացակայության դեպքում օրական հարկավոր է խմել 1,5-2 լիտր ջուր, իսկ սրտային անբավարարության դեպքում՝ 1-1,5 լիտր: Ընդ որում՝ կալիումի ու մագնեզիումի կորուստը լրացնելու համար հարկավոր է հիշել նաև հանքային ջրերի գործածության մասին, ինչպես նաև հագեցնել սննդակարգը ընկույզներով, կանաչեղենով, մրգերով ու բանջարեղենով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժիշկ-սրտաբան Յուլիա Գոնչարովան:

«Եթե չկա ակնհայտ սրտային անբավարարություն, ապա օրական հարկավոր է 1,5-2 լիտր ջուր: Եթե կա սրտային անբավարարություն, ապա օրական 1-1,5 լիտր ջուր: Սրտային անբավարարությունով շատ հիվանդներ փորձում են մի լիտրից ավելի ջուր չխմել սրտամկանը չծանրաբեռնելու համար, սակայն այդպես պետք չէ անել: Անկախ ուղեկցող հիվանդություններից օգտագործվող հեղուկի քանակությունը չի կարելի նվազեցնել», – նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ շոգ եղանակի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում ոչ միայն ջուրը, այլև էլեկտրոլիտները, ուստի հարկավոր է սննդակարգում նաև հանքային ջրեր ներառել կալիումի և մագնեզիումի պակասը լրացնելու համար: Բացի այդ, նման շոգ եղանակին շատ օգտակար են լինում նաև ընկույզները, տարատեսակ սերմերը, կանաչեղենը, մրգերն ու բանջարեղենը, որոնք նույնպես կարող են մագնեզիումի ու կալիումի հարուստ աղբյուր հանդիսանալ:

Ինչպես ընդգծել է Գոնչարովան, շատ կարևոր է նաև օրվա ընթացքում արևի տակ անցկացրած ժամանակահատվածին ու ժամերին ուշադրություն դարձնելը: Առողջական խնդիրներից ու ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս տնից դուրս գալ միայն վաղ առավոտյան ու երեկոյան ժամերին՝ խուսափելով ցերեկային վնասակար արևից:

«Նման եղանակին մարդկանց մեծամասնության, այդ թվում նաև սրտաբանական խնդիրների ունեցողների համար հիմնական խմդիրը ջրազրկումն է լինում, ուստի բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է: Եթե մարդն ունի զարկերակային գերճնշում ու ընդունում է դեղեր, ապա ջրազրկման ֆոնին զարկերակային ճնշումը կարող է կտրուկ նվազել, իսկ ընդհանուր վիճակը՝ վատթարանալ: Սա է պատճառը, որ օրգանիզմում հեղուկի ծավալը վերականգնելը շատ կարևոր է», – բացատրել է սրտաբանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook