Thursday, April 25, 2024
Նորություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս հիմնադրամի տեխնիկական, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ»,-շեշտել է նախարարը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ գործակցության հիմնական ձեռքբերումներից են 1990-ականների համեմատ մանկական մահացության զգալի կրճատումը, Հայաստանի՝ պոլիոմելիտից ազատ գոտի դառնալը, նոր պատվաստանյութերի ներդրման եւ պատվաստումների ծրագրում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը եւ այլն:

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է առողջապահության նախարարությանը՝ բարելավել տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակը: Համատեղ ջանքերով առողջության առաջնային պահպանման օղակում զարգացվում է խորհրդատվական համակարգը, մասնավորապես, խթանելու կրծքով կերակրումը, «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրարկումը, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սննդի օգտագործումն ու առողջ ապրելակերպը:

Նախնական առողջապահական մակարդակում համատեղ ջանքերով ներդրվում է տնային այցերի միասնական համակարգ, որի շրջանակներում առողջապահական և սոցիալական աջակցության ծառայությունները պետք է գնահատեն հաշմանդամ երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները՝ փորձելու լուծել խնդիրները:

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է իրենց պատրաստակամությունը՝  աջակցելու մանկական տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններին:

Կողմերը վերահաստատել են գործակցությունն ակտիվորեն շարունակելու, սերտացնելու իրենց պատրաստակամությունը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook