Friday, April 19, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Շատերս հիվանդանալու ենք, բայց եթե դա տեղի ունենա մեկ ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները, հիվանդանոցները, սարքավորումները չեն բավականացնի. կլինի այն, ինչ եղավ Իտալիայում. Վահե Տեր-Մինասյան

Ցանկացած խախտում մարդկանց կողմից բերելու է վիճակի վատթարացման։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների 70-80 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չունեն և իրենք կարող են չկասկածել, որ վարակակիր են ու բազմաթիվ մարդկանց վարակեն։

«Մի կողմից մենք տեսնում ենք ծանրաբեռնված բուժհաստատություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել, մյուս կողմից  տեսնում ենք, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում։ Երբ վիճակը շատ ավելի լրջանա ու յուրաքանչյուր մարդ ճանաչի մեկին, ով թեթևամտության  պատճառով վարակվել է, այն ժամանակ պարզապես ուշ կլինի»,- ասաց բժիշկը։

Նա ասաց նաև, որ մեծ սուպերմարկետներում կարելի էր սահմանափակել հաճախորդների քանակը։ Օրինակ բերելով այլ երկրների մոդելը՝ նա նշեց որ մեծ հերթեր են և մարդիկ առևտուր անելու համար դրսում են սպասում՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն։

«Այդ ամենը կարելի էր նաև Հայաստանում անել, եղանակային պայմաններն էլ են նպաստավոր և խանութի հերթը կարելի էր դրսում սահմանել, իսկ առևտրի կենտրոնում հսկել, որպեսզի 20-30 հոգուց ավելի մարդ չլինի, ոչ թե այն, ինչ տեղի է ունենում հիմա»,- ասաց Վահե Տեր-Մինասյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ զբոսնում են դրսում, բժիշկն ասաց, որ հատկապես տարեցների համար դա անհրաժեշտ է և ամբողջ օրը տանը մնալը շատ վատ է։ Նա նշեց նաև, որ հնարավորության դեպքում  օրվա մեջ մի քանի րոպե պետք է դուրս գալ մաքուր օդի և զբոսնել՝ բոլորից հեռու, չբարևել, չփաթաթվել ոչ մեկի և պահպանել 2 մետր հեռավորությունն այլ մարդկանցից։

«Եթե դուրս գաք երեկոյան բնակարանից, ու շենքի  շուրջը մեկ պտույտ քայլեք, դրանով ոչ մեկին չեք վնասի, իհարկե, եթե հեռու մնաք բոլորից։ Այս պահին չեմ կարող ասել մեր առողջապահության համակարգի հստակ պլանը որն է, որովհետև ես չեմ որոշում, բայց տրամաբանությունն այն է որ հնարավորինս ձգեն մարդկանց տանը պահելու պրոցեսը,  քանի որ եթե դու մնում ես մեկուսացված, ապա հավանականությունը, որ դու կվարակես այլ մարդկանց՝ քչանում է։

Այսպես թե այնպես, շատերս հիվանդանալու ենք, բայց եթե բոլորս հիվանդանանք մի ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները չեն բավարարի, մեր հիվանդանոցները, մեր արհեստական  շնչառության սարքավորումները չեն հերիքի, ու կլինի այն, ինչ եղավ Իտալիայում, որտեղ մարդիկ մահացան ոչ այնքան շատ վիրուսից, որքան որ բժիշկ և սարքավորումներ չլինելուց»,- ասաց Տեր-Մինասյանը։

Նա նշեց, որ եթե հիմա եթե դու կարողանում են ժամանակ ձգել ու այն մարդիկ, որոնք որ հիվանդանալու են 20 օրվա մեջ, այս մեթոդով կհիվանդնան 2-4 ամսում, ապա այս մեթոդով  կկարողանան հսկողություն սահմանել և բուժել ավելի մեծ թվով մարդկանց։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook