Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Շաքարային դիաբետի մասին հուշող ախտանշաններ

Շաքարային դիաբետը համարվում է ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկը, որը կարող է շատ երկար աննկատ մնալ՝ շարունակելով զարգանալ ու անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին։ Սա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը դրսևորվում է ախտանշաններով, որոնք հազվադեպ են կապվում արյան մեջ շաքարի ոչ նորմալ մակարդակի հետ և հաճախ վերագրվում են այլ խնդիրներին։

Վիճակագրական տվյալներով՝ շաքարային դիաբետով հիվանդներից երեքից մեկը գաղափար անգամ չունի իր հիվանդության մասին, ինչի պատճառով այն ախտորոշվում է բավական ուշ, սակայն մասնագետները հաճախ են նշում, որ այս հիվանդությունը հարկավոր է հայտնաբերել հնարավորինս շուտ և անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ դրա հետևանքով զարգացող խանգարումները կարող են շատ վտանգավոր լինել և անգամ մահվան պատճառ դառնալ։

Շաքարային դիաբետը կարող է դառնալ այնպիսի վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպիսին են երիկամային անբավարարությունը, սրտի հիվանդություներն ու ենթաստամոքսային գեղձի ախտաբանությունները։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել մասնագետին։ Այս դեպքում շատ կարևոր է հիվանդության մասին հուշող ախտանշաններն իմանալը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Հաճախամիզություն

Հաճախամիզությունը կարող է պայմանավորված լինել մեծ քանակությամբ հեղուկի գործածությամբ կամ միզուղիների բորբոքմամբ, սակայն եթե այն կապված չէ վերոնշյալ խնդիրների հետ, ապա հարկավոր է դիմել ներզատաբանին, քանի որ այս կերպ կարող է դրսևորվել նաև շաքարային դիաբետը։ Այս հիվանդության դեպքում երիկամներն ավելի ինտենսիվ են աշխատում՝ փորձելով մեզի միջոցով դուրս բերել շաքարն օրգանիզմից, ինչն էլ դառնում է հաճախամիզության պատճառ։

Ծարավի զգացում

Հաճախամիզության հետևանքով հեղուկի ինտենսիվ կորուստն ակտիվացնում է դրա մակարդակի վերականգնման համար պատասխանատու մեխանիզմը, ինչը հանգեցնում է անհագ ծարավի զգացման։

Բերանի խոռոչի չորություն

Մեծ քանակությամբ հեղուկի կորստի հետևանքով հաճախ նկատվում է նաև բերանի խոռոչի չորություն։ Միևնույն ժամանակ շաքարային դիաբետով հիվանդների մոտ հաճախ են զարգանում բերանի խոռոչի վարակներ։

Քաղցի զգացում

Այս հիվանդության մասին կարող է հուշել նաև քաղցի զգացումը, որը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների հետ, ինչը բավական հաճախ է տեղի ունենում այս խանգարման դեպքում։

Հոգնածություն

Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններից է անբացատրելի հոգնածությունը։ Այս խանգարման դեպքում հոգնածությունը կարող է լինել քրոնիկ կամ ուժգնանալ սննդի գործածությունից հետո։

Տեսողության խանգարումներ

Գլյուկոզայի ավելցուկը բացասաբար է անդրադառնում աչքերին արյուն մատակարարող մանր անոթների վրա, ինչի հետևանքով տեսողությունը վատթարանում է, պատկերն աղավաղվում է և կարող են ի հայտ գալ լույսի արտասովոր առկայծումներ։

Վարակներ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը թույլ է տալիս բակտերիաներին, վիրուսներին ու սնկերին ավելի արագ բազմանալ, ինչի հետևանքով վարակումները հաճախակի բնույթ են կրում։ Հատկապես հաճախ են զարգանում այնպիսի խանգարումներ, ինչպիսին են վագինալ կաթնասնկախտը, մաշկի սնկային հիվանդություններն ու միզուղիների վարակները։

Տհաճ զգացողություններ վերջույթներում

Շաքարային դիաբետը հանգեցնում է նյարդային համակարգի աշխատանքի խանգարումների, ինչը կարող է դրսևորվել վերջույթներում ի հայտ եկող տհաճ զգացողություններով՝ թմրածությամբ, ծակծկոցով, այրոցով ու ցավով։

Քաշի տատանումներ

Քաշի կտրուկ ավելացումը կամ նվազումը կապված են օրգանիզմի՝ ինսուլինը ինչպես հարկն է վերամշակելու անկարողության հետ, իսկ այս հորմոնը վերահսկում է բջիջներում գլյուկոզայի մակարդակը։

Վերքերի դանդաղ ապաքինում

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է երակներն ու զարկերակները, ինչի հետևանքով խանգարվում է մաշկի բջիջներին արյան մատակարարման գործընթացը և ռեգեներացիան ավելի վատ է տեղի ունենում։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook