Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Շոշափել եք «գնդի՞կ» թևատակում

Կանայք և աղջիկներ հաճախ են գանգատվում թևատակում ցավերից կամ անհանգստանում այնտեղ հստակ շոշափվող գոյացությունից: Երբեմն թևատակում կարելի է շոշափել գոյացություն՝ կապված թևատակի մաշկային հիվանդությունների հետ. ֆուրունկուլ՝ մազարմատի բորբոքում, աթերոմա՝ մաշկի ճարպագեղձի բորբոքում, հիդրադենիտ՝ քրտնագեղձի բորբոքում: Իսկ բուն անութափոսում առաջացած «գնդիկները» հիմնականում ավշային հանգուցներ են: Ավշահանգույցների նշանակության մասին կարող եք կարդալ «Կրծքագեղձի ավշային համակարգ» հոդվածում։ Նորմայի սահմաններում (տարբեր տվյալներով) անութափոսում ավշահանգույցների քանակը տատանվում է 8-60: Այս հատվածում ավշահանգույցների նորմալ չափերը տատանվում են 3-10մմ:

Անութափոսի ավշահանգույցների մեծացման պատճառները բազմաթիվ են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, «կատվի ճանկռածի հիվանդություն», ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, տոքսոպլազմոզ, ջրծաղիկ, տուբերկուլյոզ, տուլյարեմիա, նեյրոդերմիտ, պսորիազ, ռևմատիկ տարբեր հիվանդություններ, հերպեսի որոշ տեսակներ, ավշային համակարգի տարբեր չարորակ ուռուցքներ, վերին վերջույթի մաշկի չարորակ նորագոյացություններ, կրծքագեղձի իմպլանտի պատռվածք: Ամենից հաճախ ավշահանգույցների ռեակտիվ հիպերպլազիան (մեծացում) հանդիպում է կրծքագեղձի, վերին վերջույթի և ուսագոտու շրջաններում սովորական ինֆեկցիաների ժամանակ:

Կրծքագեղձի հիվանդություններից անութային ավշահանգույցների մեծացման պատճառ կարող են լինել բորբոքված կիստան, մաստիտը, պտուկի բորբոքումը և ճաքերը, կրծքագեղձի քաղցկեղը: Քաղցկեղի դեպքում թևատակի ավշային հանգույցների ախտահարման հավանականությունն ուղիղ համեմատական կապի մեջ է կրծքագեղձում ուռուցքի չափերի և տեղակայման հետ, իսկ որոշ դեպքերում կախված է նաև ուռուցքի բիոլոգիական հատկություններից: Կրծքագեղձի քաղցկեղի 0.3-1% դեպքերում անութափոսում կարելի է հանդիպել մեծացած մետաստատիկ ավշային հանգույցներ՝ առանց կրծքագեղձում ուռուցքի առկայության: Կրծքագեղձի քաղցկեղի այս տեսակն անվանում են օկկուլտ քաղցկեղ: Նման դեպքերում ուռուցքը չի շոշափվում, չի հայտնաբերվում ո՛չ սոնոգրաֆիկ, ո՛չ մամոգրաֆիկ քննությամբ: Հաճախ մեծացած ավշային հանգույցի ախտահարման վերջնական պատճառը պարզելու համար հարկ է լինում հանգույցի հեռացում և նրա մորֆոլոգիական մանրամասն քննություն:

Թևատակում մեծացած ավշային հանգույցներ հայտնաբերելիս ցանկալի է ստուգվել և պարզել դրա պատճառը:

նյութի աղբյուրը՝ breast.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook