Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ողնաշարի ցավեր. երբ է պետք դիմել ռևմատոլոգի և ինչ բարդություններ կարող են առաջանալ

Ողնաշարի ցավեր. երբ է պետք դիմել ռևմատոլոգի և ինչ բարդություններ կարող են առաջանալ
👩‍⚕️ Ողնաշարի շրջանում ցավերը մարդու կողմից ներկայացվող ամենահաճախակի գանգատներից են: ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիայի) ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը ներկայացնում է, թե երբ է պետք դիմել ռևմատոլոգի, որ ախտանիշների դեպքում և ինչ բարդություններ կարող են առաջանալ:
👉 Այսպես, ողնաշարի ցավերը բաժանվում են երկու խմբի:
✅Մեխանիկական բնույթի ցավերը կապված են ծանրաբեռնվածության հետ և ուժեղանում են ծանրաբեռնվածությունից:
✅ Բորբոքային բնույթի ցավերը զարգանում են ողնաշարի բորբոքային հիվանդությունների ժամանակ, իսկ այդ հիվանդություններով զբաղվում են ռևմատոլոգները:
❓Ինչպե՞ս են դրսևորվում ողնաշարի բորբոքային բնույթի ցավերը
Վալենտինա Վարդանյանը նշում է, որ ողնաշարի բորբոքային բնույթի ցավերը, ի տարբերություն մեխանիկական ցավերի, հիմնականում սաստկանում են առավոտյան և գիշերային ժամերին:
❗️Ընդ որում՝ այս գանգատները կարող են ի հայտ գալ երիտասարդ տարիքում, սովորաբար ցավի սկիզբը լինում է մինչև անգամ 40 տարեկանը: Բժիշկը շեշտում է, որ ցավը սովորաբար ունի աստիճանական սկիզբ, երբեք սուր չի լինում, տևում է երկար, առնվազն 3 ամիս և ավելի պացիենտը գանգատվում է ցավից: Հատկանշական է, որ ցավերը ուժեղանում են հանգիստ վիճակում, իսկ թեթևանում են շարժումներից: Հաշվի առնելով, որ ամենաերկարատև հանգստի վիճակը քնած ժամանակ է, բնականաբար գիշերը այդ ցավերը ուժեղանում են, կարող են անգամ առավոտյան առավելագույնի հասնել և բուժառուն անկողնուց չկարողանա վեր կենալ, բայց երբ սկսում են շարժվել, ցավերը անցնում են:
☑️Այսինքն՝ երբ պացիենտը երիտասարդ է, ունի աստիճանական սկիզբ ունեցող ոչ շատ սուր ցավեր ողնաշարում, իսկ դեպքերի մեծամասնությունում սկսում են գոտկային կամ գոտկաներբանային հատվածից, ապա անպայման պետք է դիմել ռևմատոլոգի:
🔴Ողնաշարի բորբոքային հիվանդություններից ամենահայտնին անկիլոզացնող սպոնդիլոարթրիտն է կամ ինչպես որոշ երկրներում են կոչում՝ Բեխտերևի հիվանդություն: Բժիշկ Վարդանյանը նշում է, որ այն առավել հաճախ զարգանում է տղամարդկանց շրջանում: Ընդ որում՝ բացի ողնաշարի ցավից, կարող է նկատվել կրունկների ցավ, աքիլլեսյան ջլի բորբոքում, այլ հոդերի, ծնկան, սրունքթաթային, կոնքազդրային հոդերի ախտահարումներ, իսկ արտահոդային արտահայտություններից ամենահաճախակի զարգացողը աչքի բորբոքումն է, բավականին հաճախ պացիենտին ռեվմատոլոգի մոտ ուղղորդում է հենց ակնաբույժը:
🟠Ախտորոշում և բուժում
Վալենտինա Վարդանյանը շեշտում է՝ տան պայմաններում ցավը կարելի է մեղմացնել տեղային՝ քսելով ոչ ստեռոիդային հակաբորբոքային պարունակող դեղորայքներ կամ օգտագործել ցավազրկողներ, ինչը կթեթևացնի վիճակը, բայց կունենա ժամանակավոր արդյունք: Պացիենտը անպայման պետք է դիմի բժշկի՝ խնդիրը ախտորոշելու, առաջին հերթին որոշվում է՝ արդյոք առկա՞ է ռևմատոլոգիական հիվանդություն, և եթե առկա է, մշակվում է հետազոտման և բուժման պլանը: Եթե չախտորոշվի և համապատասխան բուժում չարվի, ապա կարող է ողնաշարում զարգանալ կայուն դեֆորմացիա, որոնցից ամենահաճախակի հանդիպողը կիֆոդիկ դեֆորմացիան է, երբ երիտասարդ տարիքում ողնաշարը «ծռվում է», առաջանում է արտահայտված կուզ, ինչը բերում է վաղ հաշմանդամության:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook