Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են գլխուղեղի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները

Գլխուղեղի քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, որոնք մարդիկ հաճախ են անտեսում կամ վերագրում այլ խնդիրներին։

Ուռուցքաբան Քեթրին Մակբեյնը ներկայացրել է քաղցկեղի այս տեսակի մասին հուշող հիմնական ախտանշանները որոնք իմանալը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել այն փոփոխություններին որոնք զարգանում ու խորանում են բավական երկար ժամանակ։

Այս հիվանդության մասին հուշող գլխավոր ախտանշանը ջղաձգումային նոպաներն են։ Եթե նման նոպաներն անակնկալ են տեղի ունենում, ապա բժիշկները խորհուրդ են տալիս անպայման դիմել մասնագետին։ Բացի այդ, գլխուղեղի քաղցկեղի դեպքում հաճախ է նկատվում միայն մի կողմի ոտքի կամ ձեռքի թուլություն, ինչը կարող է ի հայտ գալ կտրուկ, սակայն պահպանվել բավական երկար ժամանակ։

Ինչպես նշում է մասնագետը, վառ արտահայտված խոսքային խանգարումները ևս հուշում են այս հիվանդության մասին։ Բացի այդ, գլխուղեղի ուռուցք ունեցող հիվանդները ժամանակի ընթացքում կարող են ավելի ինքնամփոփ դառնալ ու դադարել զբաղվել առօրյա գործերով ու սիրելի հոբբիներով։

օնկոլոգիական հիվանդությունների այս տեսակի մասին կարող է հուշել նաև տեսողության կտրուկ փոփոխությունը, ինչի հետևանքով մարդը կարող է չնկատել առարկաները կամ մարդկանց, ավելի վատ վարել մեքենան կամ պարբերաբար պատահմամբ դիպչել տարբեր առարկաներին։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել ակնաբույժին ու պարզել տեսողության վատթարացման պատճառը։

Բացի այդ, գլխուղեղի քաղցկեղի մասին կարող է նախազգուշացնել էլեկտրոնային նամակներ կամ տեքստեր գրելու և ուղարկելու, ինչպես նաև կարդալը հասկանալու անկարողությունը։ Այս դեպքում մարդը տեսնում է գրված տեքստը, սակայն նրա գլխուղեղը չի կարողանում ընկալել տեղեկությունը։

Հաճախ մարդիկ այս հիվանդությունը կապում են գլխացավերի հետ, սակայն մասնագետները վստահ են, որ եթե անգամ այս ախտանշանն առկա է, միևնույն է այն զգալիորեն տարբերվում է այն զգացողություններից, որոնք սովորաբար նկատվում են առողջ մարդկանց մոտ։ Գլխուղեղի քաղցկեղով պայմամանավորված ցավն ավելի սաստիկ է լինում և որպես կանոն անհանգստացնում է առավոտյան ու գիշերվա ժամերին, ուստի նման առանձնահատկությունների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում գլխուղեղի քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել արտասովոր ախտանշանների առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook