Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող հիմնական ախտանշանները

Սրտամկանի ինֆարկտն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է մահվան ելք ունենալ ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում։ Այս հիվանդության հիմնական ախտանշաններն իմանալը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, ուստի Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային կենտրոնի գիտնականները ներկայացրել են դրա մասին հուշող ամենատարածված ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Բոլորին էլ հայտնի է, որ սրտի նոպայի հիմնական ախտանշանը հևոցն է և սաստիկ ցավը կրծքավանդակի հատվածում, սակայն այս վտանգավոր խանգարումը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Ինչպես գրում է Express պարբերականը, մասնագետները նախազգուշացնում են, որ այս հիվանդության ախտանշանները ժամանակին նկատելը շատ կարևոր է, քանի որ այն կարող է դառնալ մահվան պատճառ։ Նրանց խոսքով՝ սրտամկանի ինֆարկտի առաջին ախտանշանը կարող է լինել մարսողության խանգարումը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։

«Կանանց, տարեցների ու շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող են նկատվել աննշան ցավեր, որոնք նման են մարսողության խանգարման ցավին», – նախազգուշացնում են բրիտանացի բժիշկները։

Բացի այդ, սրտամկանի ինֆարկտը կարող է դրսևորվել նաև այլ արտասովոր ախտանշաններով, որոնք նման են խուճապային գրոհի ախտանշաններին, ինչի հետևանքով շատերը շփոթում են այս խնդիրները։ Խուճապային գրոհի ախտանշաններն ի հայտ են գալիս կտրուկ։ Նկատվում է սաստիկ սրտխփոց, գլխապտույտ ու թուլության զգացում։ Բացի այդ, կարող են նկատվել նաև բարձր ջերմություն, դող, սրտխառնոց ու որովայնի ցավեր, իսկ որոշ դեպքերում տուժածը կարծում է, որ կարող է կորցնել գիտակցությունը։

Սրտամկանի ինֆարկտն այլ խնդիրներից տարբերելու համար սրտաբանները հորդորում են ուշադրություն դարձնել նաև խնդրի այլ դրսևորումներին։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում հաճախ են նկատվում.

  • կրծքավանդակի ցավ ու ճնշման զգացողություն,
  • կերակրափողի այրոց, որը նման է մարսողության խանգարման ախտանշանին,
  • ցավ, որը տարածվում է ձեռքի հատվածում,
  • ցավ, որը տարածվում է ծնոտի հատվածում,
  • տհաճ զգացողություններ թիակների միջև,
  • փսխում։

Մասնագետների խոսքով՝ այս ախտանշանները կարող են հուշել սրտի նոպայի մասին, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է շատ զգոն լինել ու անհապաղ դիմել բժշկին, այլապես հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։

Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook