Thursday, April 25, 2024
Նորություններ

Ուսանողներն իրենց հարցերը ուղղեցին hոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն

ԵՊԲՀ hոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին այսօր հանդիպեց ապագա բժիշկների հետ։ Հանդիպման ընթացքում հնչեցին մի շարք հարցեր, ինչպես նաև ուսանողները ներկայացրին իրենց հուզող խնդիրները:

Վահան Արծրունու խոսքով՝ ուսանողների ներգավվածությունը, տեղեկացված լինելը կարևոր է: «Հոգաբարձուների խորհուրդը կոչված է աշխատել ի նպաստ համալսարանի: Հոգաբարձուների խորհուրդը կոչված է լուծել համալսարանին և ուսանողներին վերաբերող խնդիրները, որոնք առնչվում են ինչպես ուսումնական գործընթացին, այնպես էլ գիտության զարգացմանն ու բուհի միջազգայնացմանը»,-ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով հանդիպումը՝ ընդգծեց, որ բուհն ինքնավար մարմին է, որտեղ ուսանողներն ունեն իրենց ուրույն տեղն ու դերը:

«Այսպիսի հանդիպումներն անհրաժեշտություն են: Համալսարանն ապաքաղաքականացված կառույց է, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է բարձրաձայնել իրեն հուզող հարցը և ստանալ պատասխաններ: Բոլորիս խնդիրն է ծառայել ի նպաստ համալսարանին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրները վեր հանելու և մշտական հոգատարության շնորհիվ է հնարավոր հասնել միջազգային ճանաչման:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ «Հորիզոն 2020» Թվինինգ ծրագրին 432 հայտերի մեջ հաղթող ճանաչվելը և մոտ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը, խոսում է այն մասին, որ ԵՊԲՀ-ն զարգացման ճիշտ ուղու վրա է: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին լսելով ուսանողների հնչեցրած հարցերը՝ անդրադարձավ ինչպես ֆինանսական, կազմակերպչական, այնպես էլ ուսումնական գործընթացներին վերաբերող հարցերին:

Վահան Արծրունու խոսքով՝ մայիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի համերգ, որի հասույթը կուղղվի ուսուման վարձի վճարման հետ խնդիր ունեցող ուսանողներին:

Արմեն Մուրադյանը եզրափակելով հանդիպումը՝ ընդգծեց, որ բուհի նպատակն է ունենալ մրցունակ շրջանավարտներ միջազգային հարթակներում: «Միայն ուսանողների հետ հետադարձ կապի շնորհիվ կարող ենք հասնել մեր նպատակներին»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ուսանող, ով ցանկանում է իր դերն ունենալ համալսարանին վերաբերող խնդիրների լուծմանը, կարող է դառնալ ուսանողական ռեկտորատի անդամ, որտեղ ամեն ուրբաթ կամփոփվեն և լուծումներ կտրվեն ուսանողների խնդիրներին:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook