Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Չինական Նոր Գործվածքը Շոգ Եղանակին Կարող Է Հովացնել Մարդու Մարմինը

Կլիմայի փոփոխությունը, հատկապես վերջին շրջանում, բազմաթիվ երկրներում հանգեցրել է ջերմաստիճանի զգալի բարձրացմանը, ինչը լրջորեն ազդեցություն է ունենում հազարավոր մարդկանց առողջության վրա: Կանխատեսվում է, որ ջերմաստիճանի շարունակական բարձրացման նման տեմպերի դեպքում աշխարհի որոշ հատվածներում ուղղակի հնարավոր չի լինի ապրել։

Կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի շարունակական բարձրացման խնդիրը առաջ է բերել տեխնոլոգիական մի ամբողջ ուղղություն, որը կոչվում է անհատական ջերմության կառավարում (PTM – personal thermal management):

Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները ներկայացրել են այս գլոբոլ խնդրի լուծման իրենց տարբերակը։ Metafabric անվամբ նյութը, որը մշակել են նրանք, կօգնի հաղթահարել բարձր ջերմաստիճանը․ այն արտացոլում է արևի լույսն ու ջերմությունը՝ բավականաչափ հով պահելով մարմինը։

Metafabric-ի մեջ օգտագործվել են տիտանի օքսիդի և պոլիլակտիդի նանոմասնիկներ՝ լամինացված պոլիտետրաֆտորէթիլենի բարակ շերտով։

Գիտնականները նոր նյութի հովացման հնարավորությունները փորձարկել են Գուանչժոուի մոտակայքում՝ արևային եղանակին 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում։ Չափումները ցույց են տվել, որ նոր նյութի ցուցանիշները կազմել են 5°C, 6.8°C, 7°C և 5.8°C, ինչը միջինում 10.2°C ավելի քիչ է, քան բամբակի, սպանդեքսի, շիֆոնի, վուշե գործվածքի և բնական կաշվի անալոգների ցուցանիշները։

Միևնույն ժամանակ, փորձարկումն իրականացվել է կամավորի մասնակցությամբ, ով մեկ ժամ փորձարարական ժիլետով գտնվել է արևի ճառագայթների տակ։ Ժիլետի վերին մասը ծածկված է եղել Metafabric-ով, իսկ ներքևի հատվածը՝ բամբակյա գործվածքով։ Չափումները ցույց են տվել, որ ժիլետի երկու հատվածների մակերեսների ջերմաստիճանի տարբերությունը 3,4°C էր, իսկ ներսի հատվածում՝ գրեթե 5°C։

Գյուտի հեղինակներն այս նյութից պատրաստել են նաև մեքենայի պաշտպանիչ ծածկ։ Փորձը ցույց է տվել, որ շնորհիվ դրա՝ մեքենայի թափքի մակերեսի ջերմաստիճանը շուրջ 30°C ավելի ցածր էր, համեմատաբար այլ մեքենաների թափքերի ջերմաստիճանի հետ։

Մասնագետները նշում են, որ Metafabric-ը արտադրությունը ծախսատար չէ՝ սովորական հագուստի արտադրության արժեքին առավելագույնը կարող է 10% ավելանալ։ Նոր նյութից պատրաստվող  հագուստի համար օգտագործվելու են սովորական կարի մեթոդները, և այն ունենալու է տարբեր գործվածքներին համապատասխանող  հատկությունները՝ ներառյալ ամրությունն  ջրադիմացկունությունը:

Սակայն պետք է հավելել, որ դեռևս հայտնի չէ, թե տարբեր գունաներկերի հետ փոխազդեցությունն ինչպես կազդի նյութի հովացնող որակների վրա: Եթե գիտնականներին հաջողվի գրավել ներդրողների ուշադրությունը, ապա զանգվածային արտադրությունը կարող է սկսվել մեկ տարվա ընթացքում:

Արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook