Wednesday, April 24, 2024
Նորություններ

Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։

Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։

Չնայած նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ հայտնի է նոր կորոնավիրուսի հնարավոր փոխանցման մասին նախքան ախտանշանների ի հայտ գալը, այնուամենայնիվ դա շատ հազվադեպ կարող է տեղի ունենալ։ Վիրուսն առավել հեշտությամբ տարածում են այն մարդիկ, ում մոտ արդեն առկա են նոր կորոնավիրուսի ախտանշաններ։

14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք, ում մոտ ի հայտ են գալիս նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն, անմիջապես հոսպիտալացվում են և մեկուսացվում, իրականացվում համապատասխան հետազոտություն և բուժում։

Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա այն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող պացիենտներին՝ անվճար։ Հաշվի առնելով լաբորատոր հետազոտության առանձնահատկությունը (հսկիչ նյութերի նպատակային ծախս)՝ նմուշառումն կատարվում է փուլային՝ միաժամանակ ապահովելով մի քանի հիվանդի նմուշառում։

Անհարկի խուճապ չառաջացնելու, ինչպես նաև մասնագետների աշխատանքին չխոչընդոտելու նպատակով հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, հետևել միայն պաշտոնական լրահոսին և հարցեր լինելու դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով, կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ 010  550601 հեռախոսահամարով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook