Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Չխկացող մատ կամ «ստենոզացնող լիգամենտիտ»

Չխկացող մատ (ռուս.՝ щелкающий палец, անգլ.՝ ‘Trigger finger’) կամ «ստենոզացնող լիգամենտիտը» ձեռքի վիրաբուժության ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է։ Ստենոզացնող լիգամենտիտը (ռուս.՝ стенозирующий лигаментит) «չխկացող մատ» հիվանդության հին անվանումն է, որը սակայն մինչ օրս կիրառվում է կլինիկական պրակտիկայում։ Հայաստանի հիվանդությունների դասակարգման ընդունված կարգի (ՀՄԴ-10) համաձայն այդ հիվանդությունը կոչվում է չխկացող մատ և դրան տրվել է M65.3 ծածկագիրը։ Հիվանդացությունը կազմում է 2-3%, իսկ շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է հասնել մինչև 10%-ի։

Կլինիկական պատկեր և ախտորոշում

stenoziruyushhiy-ligamentitՀիվանդի հիմնական գանգատը լինում է այն, որ առավոտյան արթնանալուց հետո ձեռքի մատներից մեկը կամ մի քանիսը մնում են ծալված դիրքում և դժվարությամբ ու տիպիկ «չխկոցով» են բացվում-փակվում։ Այդ չխկոցը ժամանակի ընթացքում սկսում է ուղեկցվել ցավով և լուրջ անհանգստություն պատճառել հիվանդին՝ հանգեցնելով ձեռքի աշխատունակության նվազման և նույնիսկ կորստի։ Մեծահասակների մոտ հաճախ ախտահարվում են մատանեմատը կամ բթամատը, իսկ միջնամատը, ցուցամատը և ճկույթը՝ ավելի հազվադեպ։ Երբեմն կարող է ախտահարվել միանգամից մի քանի մատ կամ լինել երկկողմանի՝ երկու ձեռքերին։ Չխկացող մատը կանանց մոտ հանդիպում է 6 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Երեխաների մոտ հանդիպում է նաև, այսպես կոչված, «բնածին» չխկացող մատը, որի դեպքում ավելի շատ ախտահարվում է բթամատը։ Այն հանդիպում է 1000 նորածնից 3.3-ի մոտ։

Պատճառներ

խաբազկի շրջանում գտնվող ծալիչ մկանների օգնությամբ, որոնք հատուկ «պարանների»՝ ջլերի օգնությամբ կպչում են մատոսկրերին։ Ափի շրջանում ջլերն անցնում են նախադաստակոսկերին և մատոսկրերին կպած օղակաձև կապաններից բաղկացած «թունելների» միջով։ Մատների երկարատև կրկնողական շարժումների, ծանր ֆիզիկական աշխատանքի, վնասվածքի, որոշ հիվանդությունների հետևանքով (օրինակ, շաքարային դիաբետ, ռևմատոիդ հոդաբորբ), իսկ որոշ դեպքերում անհայտ պատճառով զարգանում է ծալիչ ջլի և օղակաձև կապանի բորբոքում և այտուց։ Արդյունքում «թունելը», որի միջով պետք է ազատորեն սահեր ջիլը, նեղանում է, իսկ բորբոքված ջլի վրա ձևավորվում է ցավոտ հանգուցանման հաստացում։ Այսպիսով, ծալիչ ջլի և օղակաձև կապանի միջև զարգանում է «կոնֆլիկտ», ինչն էլ արտահայտվում է մատի ծալման-տարածման ժամանակ յուրատեսակ չխկոցով։ Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ «բնածին» չխկացող մատի դեպքում օղակաձև կապանն ի ծնե թերզարգացած և նեղ է լինում, կրկին մատը ծալել-տարածելիս ջլի և կապանի միջև զարգանում է կոնֆլիկտ, ինչի արդյունքում ջլի վրա կրկին առաջանում է հանգույց (Նոտտայի հանգույց), որն «արգելակվում» է թունելի մեջ՝ մատիկը պահելով ծալված դիրքում։

Բուժում

Կոնսերվատիվ (ոչ վիրահատական)

Նոտտայի հանգույց

Չխկացող մատի բուժումն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում, հատկապես ձեռքի վիրաբույժին ժամանակին դիմելու դեպքում։ Սկզբում խորհուրդ է տրվում սահմանափակել ձեռքի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նշանակվում են ներքին ընդունման հակաբորբոքային-ցավազրկողներ (օրինակ, Արթրինալ, Մելգեզիկ), ֆիզիոթերապիա, երբեմն պատրաստվում է հատուկ ֆիքսատոր (բեկակալ) ախտահարված մատը հատկապես գիշերներն անշարժեցնելու համար։ Սակայն նշված բուժամիջոցներն օգնում են միայն մոտ 30% դեպքերում։

Դրա համար այդ բուժամիջոցներին զուգահեռ կամ դրանց փոխարեն միանգամից կատարվում է ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցի ներարկում անմիջապես բորբոքված օղակաձև կապանի շրջանում։ Ներարկումը կատարվում է տեղային անզգայացմամբ և առանձնապես ցավոտ չէ։ Առաջին ներարկման միջին արդյունավետությունը կազմում է մոտ 70%։ Եթե այն արդյունավետ չի լինում, 1-2 ամիս անց կարելի է կատարել նաև երկրորդ ներարկումը, որի արդյունավետությունը կազմում է մոտ 50%։ Այսպիսով, ստերոիդի 2 ներարկումների արդյունավետությունն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 85%։ Ներարկումն արդյունավետ չի լինում հատկապես այն դեպքերում, երբ չխկացող մատն ունի երկար՝ ավելի քան 6 ամսվա պատմություն կամ երբ հիվանդի մոտ առկա է շաքարային դիաբետ կամ միանգամից մի քանի ախտահարված մատ։

Այդ իսկ պատճառով, եթե ներարկումներն արդյունավետ չեն լինում կամ եթե հիվանդը հրաժարվում է ներարկումներից կամ դրանց հակացուցման դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն։

Վիրահատական

Վիրահատական միջամտությունը կարելի է կատարել 2 եղանակով՝ փակ և բաց։ Փակ եղանակի դեպքում կատարվում է ախտահարված կապանի հատում հաստ ասեղով, որի արդյունավետությունը կազմում է մոտ 90%։ Սակայն փակ եղանակը վտանգավոր է կիրառել բթամատի, ցուցամատի և ճկույթի դեպքում, քանի որ բարձր է ասեղով մատնային նյարդի վնասման վտանգը։
Վիրահատական բաց եղանակի արդյունավետությունը կազմում է մոտ 97%։ Այս միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է ընդամենը 15-20 րոպե։ Մատի հիմքում՝ ափի շրջանում կատարվում է մաշկի փոքրիկ կտրվածք, և ախտահարված օղակաձև կապանը հատվում է՝ ազատելով ջիլը։ Վիրահատությունից հետո նույն օրը հիվանդը գնում է տուն և խորհուրդ է տրվում միայն ծանրաբեռնվածության սահմանափակում 4 շաբաթ։ Ափի շրջանի սպին հետագայում գրեթե չի նկատվում։ Ժամանակի ընթացքում ջլի գնդիկանման հաստացումը հաճախ անհետանում է։ Բայց նույնիսկ չանհետանալու դեպքում հատած օղակաձև կապանը ձևավորում է նոր՝ ավելի լայն թունել, որի միջով ջիլը սահում է ազատորեն ու առանց ցավի։

Օղակաձև կապանի հատում բաց եղանակով

Ինչ վերաբերում է «բնածին» չխկացող մատին, ապա նորածինների ծնողներին խորհուրդ է տրվում սպասել մինչև 1-2 տարի, քանի որ երբեմն ժամանակի ընթացքում թերզարգացած օղակաձև կապանը լայնանում է, և չխկոցն ինքնաբերաբար անցնում է։ Եթե ի վերջո չխկոցը մնում է կամ դառնում է ցավոտ կամ մատը մնում է ծալած վիճակում, ապա 1-2 տարեկանում կատարվում է օղակաձև կապանի հատում բաց եղանակով։

Նախազգուշացում

Հաճախ հիվանդին թվում է, որ եթե չխկացող մատը զոռով, ցավին դիմանալով շարժի ու հաճախակի վարժություններ կատարի, ապա կկարողանա անցկացնել այդ չխկոցը և տարրալուծել առկա ցավոտ գնդիկը։ Սակայն նման կտրուկ ու ցավոտ վարժություններն ավելի են խորացնում ջլի և կապանի բորբոքումը, հետևաբար դա արգելված է։

 

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook