Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում

Չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում
🤧Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից է:
🏥2022 թվականի տվյալներով աշխարհի մեծահասակների 10-30%-ը և երեխաների 40% -ը տառապում է այս հիվանդությամբ։
✅ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի խոսքով` ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։
«Այս հիվանդությամբ տառապող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում հատուկ փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում է ալեգիկ բորբոքում, որի ախտանիշներն էլ խաթարում են րինիտով հիվանդի առօրյան»,- ընդգծում է բժիշկը` թվարկելով ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանիշները. քթահոսություն, փռշտոց, քթի փակվածություն, քոր քթում, երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում։
👩‍⚕️Մասնագետի փոխանցմամբ` հաճախ ալերգիկ ռինիտն ուղեկցվում է ալերգիկ կոնյունկտիվիտով՝ աչքի շաղկապենու բորբոքմամբ, որի դեպքում ախտանիշներին ավելանում են՝ արցունքահոսությունը, աչքերի քորն ու կարմրությունը։
🔖Առանձնացնում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։
👉Սեզոնային ալերգիկ ռինիտն առանձնանում է նրանով, որ ախտանիշներն ակտիվորեն դրսևորվում են միայն տարվա որևէ սեզոնին։
Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է ծաղկափոշու այն տեսակով, որի նկատմամբ այն առաջանում է։
🍀Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները կարտահայտվեն վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ՝ ծառերի ծաղկման շրջանում։ Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։
«Ի տարբերություն սեզոնային ալերգիկ ռինիտի՝ շուրջտարյա ալերգիկ ռինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։ Այս դեպքում մեղավոր ալերգեններ կարող են համարվել տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն»,- մանրամասնում է Արմինե Հակոբյանը:
✅Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան. չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում։
✅ Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։
✅ Բուժման նպատակով կարող են օգտագործվել հակահիստամինային դեղեր, ինչպես նաև տեղային ստերոիդային ցողացիրներ՝ անմիջապես քթի լորձաթաղանթում բորբոքումը նվազեցնելու նպատակով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook