Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդամթերքի երեք տարածված տեսակ, որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Հիպերխոլեստերինեմիան կամ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիր է 40 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Բժիշկների խոսքով՝ օրգանիզմում ցածր խտության լիպոպրոտեինների կամ «վատ» խոլեստերինի չափազանց բարձր մակարդակը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ բարձրացնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը, իսկ այս հիվանդությունը բնորոշվում է անոթներում խոլեստերինային վահանիկների կուտակմամբ ու անոթների պատերի կարծրացմամբ։ Այս խանգարումն իր հերթին բարձրացնում է կյանքի համար վտանգավոր սրտանոթային ախտաբանությունների, այդ թվում զարկերակային գերճնշման, սրտի նոպայի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը, ուստի հարկավոր է առաջին հերթին կանխել դրա զարգացումը՝ վերահսկողության տակ պահելով օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։

Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար մասնագետները սովորաբար նշանակվում են հատուկ դեղամիջոցներ ու սննդակարգեր, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով։ Ընդ որում՝ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար բավական է ընդամենը մի քանի պարզ փոփոխություն անել սննդակարգում և հարստացնել այն այս խնդրի դեմ պայքարող սննդամթերքի տեսակներով։

Express պարբերականը ներկայացրել է սննդամթերքի երեք տեսակ, որոնք ակտիվորեն նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազմանն ու ինքնազգացողության բարելավմանը։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկներն օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների հարուստ աղբյուր են, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նվազեցնելու են տրիգլիցերիդների՝ արյան մեջ պարունակվող ճարպի մակարդակը։ Սա իր հերթին կարող է դանդաղեցնել զարկերակներում խոլեստերինային վահանիկների աճն ու նվազեցնել օրգանիզմում ընթացող բորբոքումների մակարդակը։ Առավել օգտակար են սաղմոնը, սարդինաները սկումբրիան ու տառեխը։

Լոբազգիներ

Խորոված լոբին, խաշաճ ոսպը, սիսեռն ու ոլոռը նույնպես կարող են օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ օրական 130 գրամ լոբազգի որևէ մթերք օգտագործելը կարող է նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների կամ «վատ» խոլեստերինի մակարդակը հինգ տոկոսով։ Նման ազդեցությունը բացատրվում է այդ մթերքում պարունակվող լուծվող ու չլուծվող մանրաթելերով, որոնց շնորհիվ խոլեստերինի կլանումն աղիներում նվազում է, իսկ հաստ աղիքում գտնվող օգտակար բակտերիաների թիվն աճում։

Ընկույզներ

Գիտնականների տվյալներով՝ օրական մի բուռ (30-50 գրամ) ընկույզ ուտելու սովորությունը թույլ է տալիս 5-7 տոկոսով նվազեցնել ինչպես ցածր խտության լիպոպրոտեինների, այնպես էլ ընդհանուր խոլեստերինի մակարդակները։ Բացի այդ, ընկույզները բարելավում են զարկերակային ճնշման ցուցանիշներն ու նվազեցնում են անոթային հյուսվածքներում բորբոքումների մակարդակները, որոնք համարվում են աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են նվազեցնել հագեցած ճարպեր պարունակող մթերքի գործածությունն ու փոխարինել այն բնական ու վերամշակում չանցած մթերքով, մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ մթերքով և այլն։ Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է չմոռանալ կանոնավոր մարզումների մասին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook