Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել զարկերակային գերճնշման դեպքում

Զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր խնդիր է, որը բարձրացնում է մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև գլխուղեղի կաթվածի ու սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշներն ու անմիջապես կարգավորել այն լուրջ տատանումների դեպքում։ Այս ցուցանիշների վրա բացասաբար են անդրադառնում ամենատարբեր գործոնները, որոնց շարքին կարող է դասվել նաև մարդու սննդակարգը, քանի որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են բարձրացնել ճնշման ցուցանիշները։ Սա է պատճառը, որ զարկերակային ճնշման հաճախակի բարձրացման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել սննդամթերքի որոշակի տեսակներից։

Express Health պարբերականը ներկայացրել է նմանատիպ սննդամթերքի տեսակներից մի քանիսը, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել զարկերակային ճնշման տատանումները կանխելու համար։

Աղ

Սննդակարգում աղի բարձր պարունակությունը շատ լուրջ գործոն է, որը մեծ ազդեցություն է ունենում ճնշման ցուցանիշների ու սրտի հիվանդությունների զարգացման վտանգի վրա։ Կերակրի աղը 40 տոկոսով բաղկացած է նատրիումից, ուստի զարկերակային բարձր ճնշման դեպքում այս մթերքը չի կարելի չարաշահել։ Առողջական խնդիրներից խուսափելու համար օրական հարկավոր է առավելագույնը մեկ թեյի գդալ աղ օգտագործել։

Մասնագետները հիշեցնում են, որ բավական մեծ քանակությամբ աղ է պարունակվում հացաբուլկեղենի, երշիկեղենի, պատրաստի ապուրների ու սառեցված կիսաֆաբրիկատների մեջ, ուստի զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է խուսափել նման մթերքից ու հնարավորության դեպքում պատրաստել այն ինքնուրույն։

Վերամշակում անցած մսամթերք

Սննդամթերքի նման տեսակները հարուստ են հսկայական քանակությամբ նատրիումով, ուստի դրանով հարուստ սննդակարգը խանգարում է օրգանիզմում այս տարրի նորմալ բալանսը՝ հանգեցնելով օրգանիզմում հեղուկի կուտակման ու զարկերակային ճնշման բարձրացման։ Մասնագետների խոսքով՝ նատրիումի գործածության սահմանափակումը (օրական առավելագույնը 6 գրամ) կօգնի հեշտությամբ նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը։ Բացի այդ, այս սովորությունը կօգնի նաև 16 տոկոսով նվազեցնել վաղաժամ մահվան հավանականությունը գլխուղեղի կաթվածից և 12 տոկոսով՝ սրտի իշեմիկ հիվանդությունից։

Շաքար

Քաղցրի չարաշահումը խանգարում է նյութափոխանակությունը, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ զարկերակային ճնշման ցուցանիշների վրա։ Օրինակ՝ այն կարող է ստիպել օրգանիզմին արտադրել չափազանց մեծ քանակությամբ ինսուլին ու լեպտին, նվազեցնել երիկամների միջոցով օրգանիզմից նատրիումի ու ջրի դուրսբերման գործընթացն ու նպաստել արյունատար անոթների նեղացմանը, իսկ այս ամենը նպաստում է զարկերակային ճնշման աճին։ Մասնագետների խոսքով՝ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների ի հայտ գալու դեպքում հարկավոր է խուսափել մրգային հյութերի, սպորտային ըմպելիքների, ինչպես նաև եգիպտացորենի ալյուր ու ֆրուկտոզա պարունակող սննդամթերքի տեսակների գործածությունից։

Տրանսճարպեր

Արհեստականորեն սինթեզված այս ճարպերը կարող են նպաստել արյունատար անոթներում ու զարկերակներում «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը՝ դրանով իսկ բարձրացնելով զարկերակային գերճնշման ու սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Տրանսճարպերով հարուստ սննդամթերքի տեսակների շարքին են դասվում տապակած ուտեստները, սառեցված կիսաֆաբրիկատները, կաթնամթերքի որոշ տեսակներն ու պատրաստի հրուշակեղենը, ուստի զարկերակային բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել սննդամթերքի նման տեսակներից։

Ալկոհոլ

Չափազանց մեծ քանակությամբ ալկոհոլի գործածությունը կտրուկ բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչպես նաև խոչընդոտում է զարկերակային գերճնշման դեմ ցանկացած դեղամիջոցի պատշաճ աշխատանքին, քանի որ փոխազդեցության մեջ է մտնում դրանց հետ: Բացի այդ, ալկոհոլային խմիչքները սովորաբար հարուստ են լինում շաքարով և ունենում են բարձր կալորիականություն, ինչը նշանակում է, որ դրանց հաճախակի գործածությունը կարող է նպաստել ճարպակալմանը, որն էլ բարձրացնում է զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը։ Եթե ինքնուրույն չի հաջողվում սահմանափակել ալկոհոլի գործածությունը, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել թերապևտի հետ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook