Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են հեշտությամբ պայքարել ավելորդ քաշի դեմ

Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և անգամ քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը:

Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն հաճախ դրանք անարդյունավետ են լինում կամ խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։ Նման դեպքերում առողջական խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես կարգավորել սննդակարգը, խուսափել վնասակար մթերքից ու փոխարենը ամենօրյա սննդակարգում ներառել սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու պահպանել առողջությունը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի հինգ տեսակ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը և շատ ավելի արդյունավետ կդարձնի գործադրած ջանքերը։

Ամբողջական հացահատիկ

Ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքը համարվում է մանրաթելերի ու շատ կարևոր սննդարար նյութերի լավագույն աղբյուրներից մեկը։ Այդ բաղադրիչների շնորհիվ այն կանխում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներն ու օգնում է երկար ժամանակով մոռանալ քաղցի զգացման մասին։

Ընկույզներ ու սերմեր

Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել մի քանի հատ ընկույզ կամ մի բուռ սերմեր, քանի որ դրանք շատ օգտակար են։ Ընկույզներն ու սերմերը հարուստ են մանրաթելերով ու օգտակար ճարպաթթուներով, ուստի շատ երկար են մարսվում, ինչի շնորհիվ էլ չեն հանգեցնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումների և հագեցնում են բավական երկար ժամանակով։

Հավկիթ

Սպիտակուցներով հարուստ հավկիթը հիանալի մթերք է ավելորդ քաշի դեմ պայքարի համար։ Այս մթերքի մեջ պարունակվող սպիտակուցները խթանում են աճի հորմոնի արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի ինտենսիվ կերպով է այրում ճարպերը։

Մրգեր

Ոչ շատ քաղցր տանձը, խնձորը, բանանն ու հատապտուղները կարող են մշտական սննդակարգի մասը կազմել՝ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նման մթերքը բնական շաքարի աղբյուր է և օգնում է բավարարել ածխաջրերի պահանջը։ Այն պարունակում է մանրաթելեր, որոնք շատ արագ հագեցնում են ու դրական ազդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի վրա։ Բացի այդ, մրգերը հարուստ են մեծ քանակությամբ սննդարար նյութերով՝ վիտամիններով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով, որոնք շատ օգտակար են նիհարել ցանկացողների համար։

Տերևավոր բանջարեղեն

Սպանախը, ծնեբեկը, ռուկոլան, կաղամբի տարբեր տեսակներն ու առհասարակ տերևավոր բանջարեղենի այլ տեսակները հարուստ են մանրաթելերով ու մեծ քանակությամբ սննդարար նյութերով։ Դրանք պարունակում են հանքանյութեր, որոնք շատ կարևոր են նյութափոխանակության ակտիվացման համար։ Բացի այդ, դրանք հարուստ են ֆոլաթթվով ու վիտամին К-ով, որոնք ազդում են ախորժակի կարգավորման մեխանիզմների վրա։ Այս տարրերի շնորհիվ բարելավվում է ինսուլինի արտադրման գործընթացի վերահսկումը, իսկ այս տարրը մասնակցում է գլյուկոզայի վերամշակմանն ու ախորժակի բարելավմանը։

Նյութի աղբյուրը՝ Times Now պորտալ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook