Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Վերադարձրեցիք իմ բալիկի ժպիտը». հայ բժիշկները նոր կյանք պարգևեցին Ուգանդայից Հայաստան եկած փոքրիկին

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի փոխպատվաստման բաժանմունքի գունեղ միջանցքում վազվզող 5-ամյա փոքրիկը Նոռա Էսպեռանսե Լալոյոն է, ով ամիսներ առաջ դժվարանում էր նույնիսկ քայլել: Փոքրիկ Նոռան Ուգանդայից Հայաստան է եկել բուժման նպատակով:

«Նոռան 1 տարեկան 6 ամսական էր, երբ հասկացանք, որ դժվարությամբ է կանգնում, ու դա մեզ տարօրինակ թվաց: Նկատեցինք, որ ջերմությունն անընդհատ բարձրանում է, նաև՝ հազում էր: Մալարիայի համար հետազոտվեց, հակաբիոտիկներ նշանակեցին։ Սակայն երեխայի վիճակը չլավացավ: Ժամանակի հետ սկսեց դժվարությամբ քայլել, անգամ՝ «չոչ անել» չէր կարող: Փոխվելու աստիճանի նիհարել էր, անճանաչելի էր դարձել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց փոքրիկի մայրն՝ Ագնես Փիս Աչանը:

Որոշ ժամանակ անց կրկին հետազոտվելուց հետո պարզվել էր՝ երեխան տառապում է մանգաղաձև բջջային սակավարյունությամբ։ Աշխարհի մի շարք կենտրոնների հետ կապ հաստատելուց և խորհրդակցելուց հետո Լալոյոների ընտանիքը 2022 թվականի հոկտեմբերին բռնել էր իրենց անծանոթ երկրի՝ Հայաստանի ճանապարհը:

«Թեև ընդամենը մի քանի ամիս առաջ ձեր երկրի տեղը չգիտեինք, բայց այսօր չենք ուզում վերադառնալ»,- արդեն ժպիտը դեմքին՝ կատակում է բուժման կարևոր փուլն ավարտած փոքրիկի մայրն ու շարունակում՝ երբ եկան Հայաստան, Նոռան դեղնած մաշկ ու աչքեր ուներ, տեսքը շատ վատառողջ էր: Այժմ նա արդեն լիարժեք կյանքով է ապրում, առողջ տեսք ունի ու ամբողջ օրը վազվզում է:

«Շատ շնորհակալ եմ այս կենտրոնին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին, որն, իրապես, վերադարձրեց իմ բալիկի ժպիտը: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, հոգեբանական ծառայություն մատուցող բաժանմունքին: Անգամ գիշերները, երբ որևէ հարցով գրում եմ բժիշկներին, նույն պահին պատասխանում են: Երբեմն մտածում եմ՝ նրանք քնո՞ւմ են։ Ուգանդայի իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս խնդրի դեպքում գալ Հայաստան ու բուժվել հենց այստեղ՝ Արյունաբանական կենտրոնում։ Այստեղի անձնակազմը շատ-շատ հոգատար է, երեխաներին սիրում են, ուշադիր են ու սրտացավ»,- ընդգծեց Ագնես Աչանը։

GEV_6721.JPG (471 KB)

Նոռային համոզել, որ տեսախցիկի առջև մեզ հետ խոսի՝ չստացվեց։ Խոշոր աչքերով սևամորթ գեղեցկուհին հաստատակամորեն գլուխը աջ ու ձախ շարժեց՝ ի նշան մերժման։ Այնինչ, տեսախցիկից դուրս նա պարճախոս էր: Հայերեն չէր հասկանում, բայց «պաչիկի միջազգային լեզվին» լավ էր տիրապետում:

Մանկական փոխպատվաստման բաժանմունքի թիվ 728 հիվանդասենյակում, որտեղ այդ պահին գտնվում էր «Արմենպրես»-ի նկարահանող խումբը, փոքր-ինչ անսովոր տրամադրություն էր տիրում․ ներկաները՝ բժիշկները, բուժառուն ու նրա մայրն անչափ ուրախ էին, բայց մեկտեղ՝ փոքր-ինչ հուզված․ Նոռան ապաքինվել է ու վերադառնում է հայրենիք՝ խոստանալով, որ կրկին գալու է Հայաստան, բայց այս անգամ ոչ թե հիվանդի, այլ՝ զբոսաշրջիկի կարգավիճակում։

GEV_6555.JPG (530 KB)

«Ի դեպ, Նոռայի փոխպատվաստման դոնորը 3-ամյա որդիս է եղել։ Ամուսինս ու երեք զավակներս արդեն վերադարձել են Ուգանդա։ Նրանց էլ ենք շատ կարոտել, ու հիմա ուրախ եմ, որ տուն ենք գնում։ Բայց պլանավորել ենք մի քանի տարի անց Հայաստան գալ՝ արդեն որպես զբոսաշրջիկ։ Շատ ենք հավանել ձեր երկիրը»,- խոստովանեց Ագնես Փիս Աչանը:

Երեխաների ալոգեն փոխպատվաստման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2021 թվականի ամռանը։ Մինչ օրս այս մեթոդով Հայաստանում բուժվել է 5 երեխա։ Ալոգեն փոխպատվաստումը ենթադրում է, որ հիվանդի ցողունային բջիջների փոխպատվաստման համար դոնոր կարող է դառնալ ոչ թե անձամբ բուժառուն, այլ՝ մեկ ուրիշը՝ քույրը, եղբայրը, անգամ՝ ոչ արյունակիցը։ Բուժման այս մեթոդը քաղցկեղային հիվանդությունների, սուր և խրոնիկ լեյկոզների դեպքում լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում։ Հայաստանում այն կիրառում են ոչ ուռուցքածին հիվանդությունների պարագայում, որոնք են ժառանգական սակավարյունությունը, իմունոդիֆիցիտը՝ մարդու կյանքի որակը վատացնող խնդիրները։

«Մեր 5 փոքրիկ բուժառուներն էլ աֆրիկյան երկրնեից են՝ Ուգանդայից, Կամերունից և Նիգերիայից։ Նրանց մոտ ախտորոշվել էր մանգաղաձև բջջային սակավարյունություն։ Այս հիվանդությունը բնորոշ է աֆրիկացիներին։ Երեխաներից միայն մեկի մոտ որոշակի բարդություններ առաջացան։ Ցավոք, ամբողջ աշխարհում է այդպես․ երբեք չես կարող երաշխավորել, որ հիվանդը լիարժեք կապաքինվի։ Իհարկե, սա բուժման արդյունավետ տարբերակ է, սակայն քաղցկեղի պարագայում լիարժեք արդյունքի հասնելը երաշխավորված չէ։ Կան քաղցկեղի այնպիսի տեսակներ, որոնք անգամ փոխպատվաստումից հետո կարող են գլուխ բարձրացնել»,-  նշեց մանկական արյունաբան, տրանսպլանտոլոգ Լուսինե Քրմոյանը:

GEV_6509.JPG (345 KB)

Հնդկաստանում վերապատրաստված Լուսինե Քրմոյանը նկատում է՝ ալոգեն փոխպատվաստումը թանկարժեք վիրահատություն է, սակայն Հայաստանը զարգացող այն երկրների շարքում է, որտեղ բժշկական այս միջամտությունը շատ ավելի մատչելի է:

«Ալոգեն փոխպատվաստում իրականացնելու հարցում մեզ աջակցում է Առողջապահության նախարարությունը, Սիթի օֆ Սմայլ (City of Smile) բարեգործական հիմնադրամը, DMKS գերմանական կազմակերպությունը, իտալական Cure2Children միջազգային հիմնադրամը»,-նշեց նա:

Հնդկաստանում վերապատրաստված երիտասարդ բժիշկներից է նաև մանկական արյունաբան-ուռուցքաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Մանե Գիժլարյանը, ով մանրամասնեց՝ Հայաստանում փոխպատվաստված օտարազգի փոքրիկները վերադառնալուց հետո շարունակում են շուրջ մեկ ու կես տարի մնալ տեղի մասնագետների և հայ բժիշկների վերահսկողության ներքո։ Երիտասարդ բժշկուհին նկատեց՝ քանի որ Հայաստանում ալոգեն փոխպատվաստումը մյուս երկրների հետ համեմատած առավել մատչելի է՝ այն Հայաստանի Հանրապետության համար բժշկական տուրիզմի զարգացման խթան կարող է հանդիսանալ։

GEV_6591 (1).JPG (364 KB)

«Նաև պետք է նկատեմ, որ ալոգեն փոխպատվաստումը հիմք է հանդիսանում, որպեսզի ապագայում կարողանանք արդեն արյան չարորակ հիվանդություններով հիվանդներին իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում, ինչը ներկա պահին չենք անում»,-ընդգծեց նա:

2023 թվականին Արյունաբանական կենտրոնն իր գունեղ հիվանդասենյակներում Աֆրիկայից ևս մի քանի փոքրիկի կհյուրընկալի՝ նոր, առավել գեղեցիկ ու առողջ կյանք պարգևելու տեսլականով:

Մայիսի 19-21-ը Հայաստանում առաջին անգամ  հյուրընկալվելու  է մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը: Հայաստանը կդառնա հարթակ, որտեղ աշխարհի  տարբեր երկրների առաջատար մասնագետները կկիսվեն մանկական ուռուցքաբանության բնագավառում տարվա հայտնագործություններով, գիտական նորարարություններով։ 

Հեղ.՝ Նելլի Մարգարյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook