Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՊԱՌԿԱԾ COVID-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ՉԳԻՏԻ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

hraparak.am-ի հարցազրույցը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի հետ. 
– Նախարարը հայտարարեց, որ վերջին շրջանում ավելացել են ծանր դեպքերը։ Ինչո՞վ եք դա բացատրում։

– Այո, ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների քանակն է շատացել։ Ես սա կապում եմ հետեւյալ գործոնների հետ․ նախ, հիվանդների տարիքն է բարձրացել՝ ծայրահեղ ծանր եւ ծանր հիվանդների հիմնական մասի տարիքը 70-ից բարձր է, եւ երկրորդ՝ հիվանդների մեծ մասը տանը կիսատ-պռատ բուժված հիվանդներ են։ Այսինքն, մենք՝ հայերս, սովորություն ունենք, որ երբ ջերմություն կամ ինչ-որ խնդիր ունենք, զբաղվում ենք ինքնաբուժությամբ։ Եվ հիվանդների վիճակը ծանրացնող ամենակարեւոր գործոնն ուղեկցող հիվանդություններն են։ Անխտիր բոլորի մոտ կան ուղեկցող ծանր հիվանդություններ, եւ այդ քրոնիկ հիվանդությունները կիսատ բուժված են կամ չբուժված, ինչն էլ ավելի է ծանրացնում նրանց վիճակը։

– Եթե մահճակալները չեն հերիքում, եւ կա հրաման, որ հոսպիտալացնեն միայն 38․5 ջերմությամբ ու երկկողմանի թոքաբորբով հիվանդներին, բա ի՞նչ անեն մարդիկ։

– Գոնե իմ մոտ եղած պացիենտները, որոնց ընդունում եմ երկկողմանի ծանր թոքաբորբերով ու ծանրագույն շնչառական անբավարարությունով, իրենք ուղղակի չեն դիմել։ Այսինքն՝ պոլիկլինիկա էլ չեն դիմել։ Երբ հարցնում եմ, պարզվում է՝ տանն ինքնաբուժությամբ են զբաղվել։

– Իսկ իմացե՞լ են, որ Covid դրական են։

– Ոչ, իմ մոտի հիվանդների 90 տոկոսը հոսպիտալիզացվել է իրենց մոտ Covid դրականը հաստատվելուց անմիջապես հետո։

– Նախարարն ասում էր նաեւ, որ մարդիկ չգիտեն, որ քրոնիկ հիվանդություններ ունեն։

– Այո, չբուժված կամ կիսատ բուժված հիվանդություններ։ Հիմնականում՝ շաքարային դիաբետ, որը մենք ենք հայտնաբերում արդեն արյան մեջ գլյուկոզային բավականին բարձր՝ 20-25-29 ցուցանիշով։ Հիշեցնեմ, որ նորման մինչեւ 6․6-ն  է։ Բացի այդ, առանձին թեստեր կան, որոնցով որոշվում է՝ հիվանդությունը նո՞ր է, թե՞ վաղուցվա։ Ու Ձեզ ասեմ, որ գրեթե բոլորի մոտ անխտիր բարձր է ցուցանիշը, որը խոսում է այն մասին, որ նոր չէ, ուղղակի չբուժված, իրենց չհետեւած հիվանդներ են։ Ամենաշատը գերակշռում են շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները եւ երիկամային անբավարարությունները։ Տեսեք՝ մարդը միզում է, մտածում է՝ հաստատ երիկամի հետ խնդիր չունեմ, երբեւէ չի գնում հետազոտության, բայց երբ արդեն հասնում է մեզ մոտ, մենք արյան անալիզներով տեսնում ենք, որ կրեատինը, ժողովրդի մեջ դա հայտնի է որպես ազոտ, 300 է, 350, այն դեպքում, երբ նորման 110 է։ Այսինքն՝ մարդն ունեցել է քրոնիկ երիկամային անբավարարություն, որը դանդաղ է զարգացել, իրեն նեղություն չի տվել, չի դիմել։

– Թոքերի արհեստական օդափոխության սարքերի հետ կապված՝ տարբեր կարծիքներ կան։ Շատերը պնդում են, որ վատանում է վիճակը։ Ունե՞ք նման դիտարկումներ։

– Այո, եւ մեր արդեն 3 ամսվա փորձը, ինչպես նաեւ համաշխարհայինը, խոսում է այն մասին, որ այն հիվանդների մոտ, որոնք անցնում են ամբողջական արհեստական շնչառության ապարատի, մահացության տոկոսը բավականին բարձր է։ Գիտեք երեւի, որ Ֆրանսիայից հյուրեր ունենք, իրենց մոտ արհեստական շնչառության ապարատի հիվանդների մահացությունը 85 տոկոս է։ Ընդհանուր մահացությունը ռեանիմացիայում իրենց մոտ եղել է 40 տոկոս։ Մեզ մոտ (ռեանիմացիայում) մահացությունը 10 տոկոսի սահմաններում է։ Կոնկրետ մեր ռեանիմացիայում։

– Իսկ այս ընթացքում արդեն այդ փորձը ձեռք բերե՞լ եք, որ հասկանաք, թե որ պացիենտը կապրի, որը՝ ոչ։

– Շատ դժվար հարց եք տալիս․ կարող է հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում գա, բայց հնարավոր լինի, իր օրգանիզմի ռեզերվները թույլ տան՝ դուրս գալու էդ վիճակից։ Եվ, հակառակը․ կարող է գալ ծանր հիվանդ, բայց չես մտածի, որ իր մոտ հիվանդությունն էլ ավելի կծանրանա, իր օրգանիզմը չի ենթարկվի դեղորայքին։ Իհարկե, ոչ միայն այս հիվանդության ժամանակ, այլեւ երկար տարիների փորձը թույլ է տալիս ինչ-որ չափով կանխատեսել, բայց, իհարկե, դա, ինչպես ասում են՝ Աստծո գործն է։ Մենք անում ենք ամեն ինչ, ցավոք, երբեմն չի հաջողվում։

– Եղե՞լ է, որ մահացել են երիտասարդներ՝ առանց քրոնիկ հիվանդությունների։

– Ես նման դեպք չեմ ունեցել։

– Նախարարն ասում էր, որ մահանում են նաեւ երիտասարդ մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ։ Կամ տարիքով՝ առանց քրոնիկ հիվանդությունների։

– Ես մինչեւ 40 տարեկան պացիենտի մի մահ եմ ունեցել։ Աղջիկ էր, որն ուներ ծանր ուղեկցող հիվանդություններ․ դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, թուլամտություն։

– Իսկ ի՞նչ էմոցիոնալ վիճակում են գտնվում այդ հիվանդները, հատկապես՝ մահամերձ։

– Մահամերձ հիվանդները հիմնականում գիտակցություն չեն ունենում։ Իմ բաժինն էնպիսի բաժին է, որ բժիշկներն անընդհատ են հիվանդների հետ՝ 24 ժամ։ Հեռանում են միայն հաց ուտելու համար՝ իրար փոխարինելով։ Իսկ, առհասարակ, փորձում ենք իրենց հետ զրուցել, կատակներ անել, որ իրենց տրամադրությունն էլ բարձրանա։ Ես՝ կոնկրետ, օրվա մեջ մի քանի անգամ շրջայց եմ կատարում։ Գիտեք, իրենք մեզ հարազատ մարդիկ են, ու մենք էլ՝ իրենց։ Դե, իմ մոտ հիվանդները երկար են մնում (վերակենդանացման բաժանմունքում)… եթե հաց չի ուտում, գնում ենք, խնդրում, համոզում, ոնց որ կանես քո ընտանիքի անդամի համար։ Իսկ այն հիվանդներին, որոնք շարունակում են ընկճված մնալ, մենք հոգեբան ունենք, հրավիրում ենք։

– Ֆրանսիացի բժիշկների հետ փորձի փոխանակում անո՞ւմ եք, համընկնո՞ւմ են մեթոդոլոգիաները, դեղորայքային բուժումները։

– Բավականին ինտերակտիվ քննարկում ենք։ Անկեղծ՝ չգիտեմ, թե իրենք ինչ պատկերացում են ունեցել մեր երկրի առողջապահության համակարգի մասին, բայց իրենք հիացած են, որ կարողանում ենք հետեւել համաշխարհային գրականությանը, փորձին ու անել այն ամենը, ինչը ցուցված է, եւ, իհարկե, գումարած մերը։ Որպես այդպիսին՝ դեղորայքի առումով խնդիր չունենք, այսինքն՝ որ իրենց խորհրդով ավելացնենք։ Մի փոքր «Պլակվենիլ» հիդրօքսիքլորոքինի հարցն է։ Իրենց մոտ կարծիքները կիսված են 2 մասի, մի մասն ասում է՝ պետք է, մյուսը մասը՝ չէ։ Իհարկե, վերջին տվյալներով՝ «Պլակվենիլ»-ն արդեն իսկ դուրս է գալիս բուժման ուղեցույցներից, եւ կարծում եմ՝ շատ շուտով նաեւ մեր ուղեցույցը կթարմացվի, եւ կունենանք նորը, որով էլ կառաջնորդվենք։

– Այսինքն՝ դրանով էլ չե՞ք բուժի։

– Ենթադրում եմ, որ պրեպարատը դուրս կգա բուժման սխեմայից, որովհետեւ կորոնավիրուսային թոքաբորբի խնդիրը թոքերի օքսիգենացիայի ապահովումն է։ Այսինքն՝ գերակա խնդիրն այն է, որ կարողանանք ապահովել օրգանիզմը թթվածնով։ Ի դեպ, նույնը՝ հակաբիոտիկների մասով․ ֆրանսիացիների մի մասը դեմ է այս թոքաբորբին որեւէ հակաբիոտիկ նշանակելուն։ Մյուս մասն ասում է՝ չէ, մենք էլ, ձեզ նման, օգտագործում ենք ձեր օգտագործած հակաբիոտիկները՝ էմպիրիկ։ Այսինքն՝ թոքաբորբ է, օգտագործում են։ Թե դա կլինի պրոֆիլակտիկ, թե բուժիչ նպատակով, ո՛չ մեկս, ո՛չ էլ ամբողջ աշխարհը չգիտի։ Ամբողջ խնդիրն այն է, որ սա դասական թոքաբորբ չէ, չունի ոչ մի կլասիկ թոքաբորբի սիմպտոմատիկա, ու դեռեւս հայտնի չէ, թե այդ թոքաբորբն ինչ մեխանիզմով է առաջանում։ Ենթադրություններ շատ կան։ Իհարկե, հակաբիոտիկները ցուցված են, երբ միանում է երկրորդային ինֆեկցիան։ Այդ դեպքում, միանշանակ։

– Բայց եթե «Պլակվենիլի» առումով ամեն ինչ միանշանակ չէ, ինչպե՞ս եք առաջնորդվում՝ նշանակե՞լ, թե՞ ոչ։

– Մեզ մոտ հիվանդները գալիս են արդեն ծայրահեղ ծանր վիճակում, ցածր օքսիգենացիայով, զարգացած երկկողմանի թոքաբորբով։ Ենթադրություններ կան, որ նույն «Պլակվենիլն» օգնում է ոչ թե թոքաբորբի փուլում, այլ երբ սիմպտոմները նոր-նոր առաջանում են։ Բայց նորից եմ ասում՝ աշխարհի 90 տոկոսն արդեն հրաժարվել է այս պրեպարատից, որովհետեւ նույն «Ազիտրոմիցինի» հետ կարող է առաջացնել սրտային սուր խնդիրներ, որը կարող է մահվան պատճառ հանդիսանալ կամ ինֆարկտի։ Եվ մենք սա դեռ անում ենք, բայց դրանից առաջ պարտադիր անում ենք «էկագե»։ Նայում ենք՝ ռիթմը փոխվե՞լ է, թե՞ ոչ եւ այլն, եւ ըստ դրա կողմնորոշվում՝ դադարեցնե՞լ, թե՞ շարունակել։

– Հակակոագուլյանտներ օգտագործվո՞ւմ են մեզ մոտ։

– Անպայման ու անխտիր բոլորին, եթե կա թոքաբորբ, անկախ նրա թոքաբորբի չափից։ Սա իմ անձնական կարծիքն է եւ ոչ միայն, սրա մասին համաշխարհային գրականությունն է վկայում, որ դա ամենակարեւոր էտապներից մեկն է։

– Ձեր բժիշկներից շատե՞րն են վարակվել։

– Այս պահին՝ այլեւս ոչ։ Ունեցել ենք 2-3 բժիշկ, որոնք առողջացել են եւ վերադարձել աշխատանքի։

Նյութը`  Անուշ Դաշտենց

Leave a Reply

x Close

Like Us On Facebook