Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տուղտի բուժիչ հատկությունները

ՏՈՒՂՏ-Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատն ու արմատները պարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ու հեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս են պենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատների ձևով: Տերևներում հայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ և կաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտ մալվիդին, իսկ սերմերում` մինչև 12% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը: Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում են նաև չկոշտած կոճղարմատը:

Բարձր գնահատելով տուղտի բուժիչ հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի այգիներում: Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ միջոց:

Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ ձևերով բժշկապետն օգտագործել է գլխացավերի, աչքի, ականջի, բերանի խոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի և պլևրայի մի շարք հիվանդությունների ժամանակ: Նա նշում է դեղաբույսի օգտակարության մասին` դժվարամիզության, միզապարկի քարի, ուռուցքների դեպքերում և այլն:

Althaea-officinalis

Մ. Հերացին դեղաբույսը հաճախ օգտագործել է հոգնայի ձևով «բորբոսային ջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքային պալարախտի դեպքում, իսկ արտաքին և ներքին կիրառման ձևով` որպես խուխամուղ, ներծծող և փափկեցնող միջոց: Տուղտի վերաբերյալ հարուստ տվյալներ է ներկայացնում Ամիրդովլաթը: Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբեր ձևերով ու խառնուրդներով օգտագործել է քոսի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, ականջի բորբի և ցավի, բքնածության, թութքի, կրծքագեղձի բորբոքման, արգանդի և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ:

Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծված արմատը դրվի ուռուցքի կամ խոցի վրա` կակղեցնում և փլցնում է, գինով կամ կաթով եփված վիճակում տալուց` օգնում է ջարդվածքին, հետանցքի ցավին և միզուղիների քարերին: Արմատը, քացախով եփած վիճակում, կտրում է ատամնացավը, իսկ սերմերով կարելի է բուժել պիսակը: Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով պատրաստված սերմերի եփուկով, կարելի է անվնաս մնալ թունավորումներից: Ձեթով թաթախված տերևները կարելի է դնել մաշկի առաջացած բշտիկների վրա»:

Այնուհետև բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով գլուխը լվանալուց` փափկում և երկարում են մազերը, վերանում գլխի քորը և թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու ձևով դնելով գլխին` օգնում են թուլամտության դեպքում: Սերմերը հազի դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են աղիքային արյունահոսությունը, հալում երիկամային քարերը: Արմատաեփուկը օգնում է միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը հեշտացնում է ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային խիթերին:

Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային արյունահոսության, որովայնային խիթերի, երիկամային ախտահարումների, օրխիտի, երակների լայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և Արճիճանիսը` միզապարկի ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն:

Դեղաբույսի պատրաստուկները գիտական բժշկության մեջ համարվում են որպես փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազրկող և խուխամուղ: Հիմնավորված է, որ դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և խոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալ օջախները, միաժամանակ դանդաղեցնելով ներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղային ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի համար:

Կլինիկական պայմաններում տուղտի պատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամա միզարձակումների, երեխաների լուծերի, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն:

Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից և տերևներից ջրաթուրմ պատրաստում և օգտագործում են նույն եղանակով, միայն հումքը վերցնում են կրկնակի դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` 10 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ սառը ջրում, ապա ըմպում վերոհիշյալ ձևով, կամ` 1 թեյի գդալ հումքը (6 գ) 10-15 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 – 5 անգամ, կամ` 4 թեյի գդալ արմատը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը կամ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ ծաղիկը 1-2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ընդունում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: 7420f7b1155fd70b51806ae540b87f64

Տուղտ բժշկական-Արմատի հյութը խմել օրական 2-3 անգամ` 1-ական թեյի գդալ 1 բաժակ մեղրաջրի հետ միասին: Օգտագործել` աչքերի լորձաթաղանթի  բորբոքման դեպքում:

Տուղտի արմատները և ուրցի խոտաբույսը` 50-ական գ,փոշիացնել, խառնել միմյանց հետ: 4թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, պահել 20 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում` 3 անգամից: Օգտագործել` բրոնխային ասթմայի դեպքում:

Տուղտ բժշկական– արմատահյութը խառնել նռան հյութի և ջրի հետ ու 5-7 օր կատարել բերանի ողողումներ: Ողողումները կատարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ: Օգտագործել`լնդերի հիվանդության դեպքում:

Տուղտի արմատները, խնկունու տերևները, սոճու բողբոջները և գիհու պտուղները` 20-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում` 3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի դեպքում:

Տուղտ բժշկական– փոշիացրած արմատը շաղախել կաթով և դնել գեղձի վրա: Օգտագործել` գեղձախտի դեպքում:

Տուղտի 1 ճաշի գդալ մանրացրած արմատների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1 ժամ: Քամել, ավելացնել շաքար: Խմել յուրաքանչյուր 2 ժամը 1 անգամ` 1-ական  ճաշի գդալ: Օգտագործել` դիզենտերիայի, լուծի դեպքում:

Տուղտ բժշկական– արմատահյութն օգտագործել ձեթի, մեղրի կամ մասրենու արմատահյութի հետ միասին: Օգտագործել`երիկամների հիվանդության դեպքում:

Տուղտ բժշկական– ուտել փոշիացրած արմատները կաթի կամ խմորի սոդայի հետ օրական 3 անգամ, քաղցած վիճակաում: Օգտագործել թոքախտի, թոքերի կատառի դեպքում:

Տուղտ բժշկական- արմատահյութը խառնել 0.5 բաժակ մեղրաջրի հետ և խմել օրական 2-3 անգամ` 1- ական թեյի գդալ: Օգտագործել հազի դեպքում:

Տուղտ բժշկական-ա. արմատները մի քանի ժամ թողնել  սառը ջրի մեջ:  Լուծույթը խմել:

Բ. Արմատահյութը խմել օրական 2-3 անգամ` 1-ական թեյի գդալ: Օգտագործել`շնչուղիների բորբոքման դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook