Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Փորկապություն

Փորկապություն, կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումը կամ ցածր հաճախականությունը: Կղանքը հաճախ պինդ է և չոր: Մյուս ախտանշաններից են՝ որովայնային ցավը, վքնածությունը և ոչ լիարժեք կղազատման զգացումը: Փորկապության բարդություններից են թութքը, հետանցքի ճաքը, կղանքային քարերի առաջացումը, որոշ դեպքերում՝ դիվերտիկուլյոզը: Կղազատման հաճախականության նորմա է համարվում օրական երեքից մինչև շաբաթական երեք անգամը: Նորածինները օրական ունենում են երեքից չորս, իսկ մանուկները՝ հիմնականում երկուսից երեք դեֆեկացիոն ակտ:

Փորկապության առաջացման պատճառները բազմազան են: Հաճախակի պատճառներից են՝ հաստ աղու լուսանցքով կղանքային մասսաների դանդաղ ընթացքը, գրգռված աղու համախտանիշը և կոնքի հատակի հիվանդությունները: Հիմնական փոխկապակցված հիվանդություններից են հիպոթիրոիդիզմը, շաքարային դիաբետըՊարկինսոնի հիվանդությունը, ցելիակիան, գլյուտենի հանդեպ գերզգայունության այլ տիպերը, հաստ աղու ուռուցքը, դիվերտիկուլիտը և գրգռված աղու համախտանիշը: Փորկապություն առաջացնող դեղորայքներ են՝ օփիոիդները, որոշ անտացիդներ, կալցիումային անցուղիների ներհակորդները և անտիխոլիներգիկները: Օփիոիդային շարքի դեղորայք օգտագործողների 90 %-ի մոտ զարգանում է փորկապություն: Փորկապությունը ավելի անհանգստացնող է, երբ առկա է քաշի կորուստ կամ սակավարյունություն, կղանքում արյան առկայություն, հիվանդի ընտանեկան անամնեզում գրգռված աղու համախտանիշ կամ հաստ աղու ուռուցք, կամ հիվանդության առաջնային արտահայտում՝ մեծ տարիքում:

Փորկապության բուժումը կախված է առաջացման պատճառից և տևողությունից: Օժանդակ միջոցառումների թվին են պատկանում բավարար քանակի հեղուկի ընդունումը, բջջանյութի ավելացումը սննդակարգում և վարժությունները: Եթե դա արդյունավետ չէ, հնարավոր է՝ կարիք լինի օգտագործել կղանքի ծավալը մեծացնող, փափկեցնող, օսմոտիկ և լուբրիկացիոն տիպի լուծողականներ: Պերիստալտիկան ակտիվացնող լուծողականները օգտագործվում են մյուսների անարդյունավետության դեպքում: Ուրիշ բուժումները ներառում են կենսաբանական հետադարձ կապ կամ հազվագյուտ դեպքերում՝ վիրահատություն:

Փորկապությունը ախտանշան է, ոչ հիվանդություն: Փորկապությունը համարվում է դեֆեկացիայի ցածր հաճախականություն, սովորաբար շաբաթը երեք անգամից քիչ կղազատում: Այնուամենայնիվ, մարդիկ կարող են ուրիշ գանգատներ էլ նշել՝

  • Լարված կղազատում
  • Երկարատև կղազատում
  • Կարծր կղանքային մասսաներ
  • Լարված կղազատման պատճառով առաջացող ցավ
  • Որովայնային ցավ
  • Որովայնի վքնածություն
  • Չավարտված (ոչ լրիվ) կղազատման զգացողություն

Հռոմեական չափորոշիչները սահմանված են մի խումբ ախտանշանների համար, որոնք օգնում են տարբեր տարիքային խմբերում փորկապության ստանդարտացված ախտորոշմանը: Այս չափորոշիչները օգնում են թերապևտներին ավելի լավ տարբերակել փորկապությունը:

Փորկապության առաջացման պատճառները կարելի բաժանել բնածին, առաջնային և երկրորդային պատճառների: Ամենատարածված տեսակը առաջնայինն է և կյանքին չի սպառնում: Փորկապությունը կարելի է նաև դասակարգել ըստ տարիքի, օրինակ՝ երեխաների և տարեցների:

Սննդակարգ

Փորկապությունը կարող է առաջանալ կամ խորանալ ցածր քանակի բջջանյութի, հեղուկների ընդունման կամ սննդակարգի այլ խախտումների պատճառով: Բջջանյութով հարուստ սննդակարգը օգնում է հաստ աղով կղանքային մասսաների տեղափոխման դանդաղեցմանը, ծավալի մեծացմանը և, միևնույն ժամանակ, փափկեցմանը: Այդ պատճառով բջջանյութով աղքատ դիետաները կարող են հանգեցնել առաջնային փորկապության:

Դեղորայք

Բազմաթիվ դեղորայքներ՝ որպես կողմնակի ազդեցություն, հանգեցնում են փորկապության: Դրանցից են՝ օփիոիդները, միզամուղները, հակադեպրեսանտները, հակահիստամինայինները, սպազմոլիտիկները, հակացնցումայինները, եռցիկլիկ հակադեպրեսանտները, հակաառիթմիկները, բետա-ադրենոպաշարիչները, հակալուծողականները, 5ՀՏ3 ընկալիչների ներհակորդները (օնդանսետրոն) և ալյումինային անտացիդները: Որոշ կալցիումային անցուղիների պաշարիչներ, ինչպիսիք են նիֆեդիպինը և վերապամիլը, կարող են հանգեցնել ծայրաստիճան փորկապության հաստ աղու ռեկտոսիգմոիդալ հատվածի մոտորիկայի դիսֆունկցիայի պատճառով: Կալցիումի և երկաթի հավելումները նույնպես կարող են ունենալ փորկապությունը՝ որպես կողմնակի ազդեցություն:

Ախտորոշման եղանակներ

Ֆունկցիոնալ փորկապությունը տարածված է և չի պարտադրում ախտորոշիչ միջոցների կիրառումը: Ճառագայթային և լաբորատոր ախտորոշիչ եղանակները հիմնականում նշանակվում են անհանգստացնող նշաններ և ախտանշաններ ունեցող հիվանդներին:

Լաբորատոր ախտորոշումը ընտրվում է կախված փորկապություն առաջացնող ենթադրյալ հիվանդությունից: Սա կարող է ներառել արյան ընդհանուր քննությունը, վահանաձև գեղձի ֆունկցիոնալ քննությունը, շիճուկային կալիում և կալցիում և այլն:

Որովայնի ռենտգեն զննումը հիմնականում կիրառվում է կոպրոստազի (կղանքային կանգ) ժամանակ և կարող է ցույց տալ կղանքային ծավալային կուտակումներ հաստ աղու խոռոչում կամ էլ հայտնաբերել տվյալ ախտանշանների առաջացման մեկ այլ պատճառ:

Կոլոնոսկոպիան կիրառվում է հաստ աղու նորագոյացությունների կասկածի դեպքում: Մյուս ախտորոշիչ եղանակներից են՝ հետանցքի սեղմանի մանոմետրիան, էլեկտրոմիոգրաֆիան և դեֆեկոգրաֆիան:

Հաստ աղու առաջընթաց գալարակծկումները պատասխանատու են կղանքային մասսաների շարժմանը և ունեն կարևորագույն նշանակություն նորմալ դեֆեկացիայի համար: Այս գալարակծկումների հաճախականության, ամպլիտուդի և տարածման աստիճանի պակասի դեպքում առաջ է գալիս դեֆեկացիոն ծայրահեղ դիսֆունկցիա: Այս տարօրինակ գալարակծկումների նորմալացումը կբարելավի խնդիրը: Սրբանային նյարդի ստիմուլյացիայի նորարական միջոցը կիրառվում է ծայրահեղ փորկապությունների դեպքում:

Կանխարգելում

Փորկապությունը հիմնականում ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Փորկապության թեթևացման նպատակով հարկավոր է ֆիզիկական ակտիվություն, հեղուկների ընդունում և բջջանյութով հարուստ սննդակարգ:

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook